23 01 2019

Ալիև-Փաշինյան գաղտնի բանակցություններ․ ի՞նչ են թաքցնում ժողովրդից. Politik.am

Ալիև-Փաշինյան գաղտնի բանակցություններ․ ի՞նչ են թաքցնում ժողովրդից. Politik.am

Politik.am-ը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների` կողմերը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւել է մոտ ժամուկես:

Հետաքրքիր է, որ ժողովրդից գաղտնիք չունեցող վարչապետը մեկ նախադասությամբ է անդրադարձել ժամուկես տևած հանդիպմանը և տեղեկացրել միայն, որ «մտքեր են փոխանակել»։ Փաշինյանը անգամ Շվեցարիա մեկնելուց առաջ հարկ չէր համարել հանրությանը տեղեկացնել, որ պատրաստվում է ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Ալիևի հետ։

Արցախի խնդրի վերաբերյալ Փաշինյանի հրապարակային խոսքը հակասում է իր գործողություններին։ Վարչապետը հրապարակային խոսում էր, որ չի բանակցի Արցախի անունից, բայց այս ընթացքում գործնականում չի ձեռնարկել քայլեր, որպեսզի Արցախը մասնակից դառնա բանակցային պրոցեսին։

Փաշինյանը նաև հաճախ է «պատահական» հանդիպումներ ունենում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այդ հանդիպումները այնքան «պատահական» են, որ երբեմն Փաշինյանը մոռանում է դրանց մասին։ Պետք է հիշել, որ 2018 թվականի դեկտեմբերի սկսզբներին ևս Փաշինյանն ու Ալիևը զրույց էին ունեցել, ինչի մասին հանրությունն իմացավ ադրբեջանական կողմից: Միայն այն բանից հետո, երբ Բաքուն խոսեց այդ մասին, հայկական կողմը հաստատեց փաստը:

Ի՞նչն է ստիպում վարչապետ Փաշինյանին գաղտնի պահել իր հանդիպումները Ալիևի հետ։ Ինչու՞ նա չի խոսում Ալիևի հետ քննարկած հարցերի մասին։ Եվ որ ամենակարևորն է՝ ինչու՞ է Ալիևը այդքան գոհ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումներից, ավելին՝ համարում է, որ հիմա աննախադեպ պայման է ստեղծվել լուծելու Արցախի խնդիրը։ Ալիևի լավատեսությունը որևէ լավ բանի մասին չի խոսում, և լավ կլինի, որպեսզի իշխանությունները ի վերջո իրենց խոստմանը տեր կանգնեն և երկրի ապագան որոշող ժողովրդին ասեն, թե ինչ լուծում են բերելու հրապարակ հույսով, որ «դըմփ-դըմփ հու»-ի ազդեցության տակ կանցկացնեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ