26 12 2018

Մամեդյարովի «լյապը»․ «Հրապարակ»

Մամեդյարովի «լյապը»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը ԼՂ հարցով հերթական հայտարարությունն է արել, որտեղ կա այսպիսի միտք, «Մեր եկիրը, հանգույն նրա, թե ինչպես է ապահովում իր՝ այլ էթնիկական խմբերի ներկայացուցիչ քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է բոլոր միջազգային պարտավորությունների համաձայն դա անել նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների նկատմամբ»:

Այս դեպքում մեկնաբանություն անելիս եւ գնահատական հնչեցնելիս հարկ է մի կողմ թողնել հուզականությունը եւ, ինչպես ասում են, հակառակորդին վճարել նույն մանրադրամով: Մամեդյարովի ասածից պարզ հասկացվում է, որ Ադրբեջանը նախկինում չի ապահովել եւ ներկայումս չի ապահովում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը: Ի՞նչ է մտադիր անել այդ երկիրն ապագայում՝ հետաքրքրություն չի ներկայացնում: Մենք գործ ունենք արձանագրված փաստի հետ. առ այս պահը պաշտոնական Բաքուն որեւէ պատասխանատվություն չի կրում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության համար:

Դա մի բան է նշանակում՝ հակամարտության սրման, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂ հայ բնակչությունն ապահովագրված չէ զանգվածային բնաջնջումից: Ավելի ճիշտ, Ադրբեջանը նաեւ կամ հատկապես այդ տարբերակն է դիտարկում որպես խնդրի «ամենաօպտիմալ» լուծում: Սա Մամեդյարովի անձով չի պայմանավորված: Նա պարզապես «լյապ» է թույլ տվել եւ բացահայտել իր երկրի պետական նպատակադրվածությունը, որի հիմքում Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. նոյեմբերի 25-ի՝ «Ղարաբաղի լեռնային մասի ադրբեջանական բնակչության անվտանգությունն ապահովելու միջոցառումների մասին» առայսօր չհրապարակված որոշումն է, որի կատարման պատասխանատվությունը դրվել է պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների վրա: Իրավական այդ ակտով ԼՂ հայ բնակչությունը դուրս է դրվել օրենքից եւ փաստացի ճանաչվել բնաջնջման ենթակա: Այդ որոշումը հետագայում չի բեկանվել, շարունակում է մնալ ուժի մեջ: Եւ խնդիրը պետք է տեսնել հենց այս՝ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության, հայաջնջման քաղաքականության, հարթությունում: Մամեդյարովի «անվտանգության երաշխիքները» թեական են: Զուր չէ նաեւ ԼՂ հայ բնակչությունը համեմատում Ադրբեջանի այլ էթնիկ խմբերի հետ:  

Վերջիններս զրկված են ինքնորոշման իրավունքից նույնիսկ խոսելու հնարավորությունից: Մամեդյարովը փաստացի ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն անվտանգության երաշխիքներ կստանա, եթե մոռանա ինքնորոշման մասին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի միջազգային պարտավորություններին, ապա դրանցից առաջինը ՄԱԿ-ի Խարտիայով եւ Հելսինկայն եզրափակիչ ակտով է սահմանված՝ անվերապահորեն հարգել ինքնորոշման իրավունքը եւ չխոչընդոտել դրա իրացմանը: Եթե Ադրբեջանը հարգում է ստանձնած պարտավորությունները, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը եւ վիճելի հարցերը կարգավորի խաղաղ-բանակցային ճանապարհով: Բայց ինչպես տեսնում ենք, պաշտոնական Բաքուն մնում է իր տարերքի մեջ, որն ուղղակիորեն սահմանակցում է ռասիզմին: Մամեդյարովն ակամա խոստովանել է դա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ