26 12 2018

Հայացք անցյալին՝ ուղղված ներկային ու ապագային․ «Հայոց աշխարհ»

Հայացք անցյալին՝ ուղղված ներկային ու ապագային․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հատվածներ հանրապետության երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքից։     

1999 թվականի հուլիսին ընտանիքով մեկ շաբաթով մեկնեցի Հունաստան՝ հանգստանալու:   

Երրորդ օրը անսպասելիորեն զանգահարեց Ալիեւը. առաջարկում էր հանդիպել Ժնեւում ու շարունակել Վաշինգտոնում սկսված խոսակցությունը: Ես, իհարկե, համաձայնեցի, ու երկու օր անց արդեն բանակցում էինք Ժնեւում, որտեղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն դրա համար ստեղծել էր բոլոր պայմանները: Օգոստոսի վերջին Ալիեւի հետ մի անգամ էլ հանդիպեցինք նույն Ժնեւում, իսկ նույն տարվա սեպտեմբերի կեսին՝ Յալթայում:  

Ամեն անգամ մեր բանակցություններից հետո միջնորդները փորձում էին իմանալ դրանց բովանդակությունը, բայց մենք խուսափողաբար ասում էինք, որ զանազան տարբերակներ ենք քննարկում՝ հուսալով ինչ-որ կերպ առաջ շարժվել: Գլխավորը, որ ընկած էր մեր բոլոր գործողությունների հիմքում, Ղարաբաղյան խնդիրը լուծելու անկեղծ ձգտումն էր: Երկուսս էլ համարում էինք, որ եթե ճակատագրի բերումով այն մարդիկ ենք, որոնց բաժին է ընկել այդ պատմական պատասխանատվությունը, ապա պարտավոր ենք հաջողության հասնել: Գլխավորը դա էր: Մնում էր որոշել՝ ինչ կարող ենք անել: Ես նրան ասում էի.  

- Հասկացեք, ախր, Ղարաբաղը պարզապես չորսուկես հազար քառակուսի կիլոմետրանոց հողակտոր չէ: Այդ հողի վրա ապրող հարյուր քառասուն-հարյուր հիսուն հազար հայեր են: Տեսականորեն դուք կարող եք վերցնել հողը, բայց մարդկանց վերցնել չի հաջողվի: Ստիպված կա՛մ պիտի արտաքսեք նրանց, կա՛մ ոչնչացնեք, ուրիշ լուծում չկա. այդպիսին է բոլոր էթնիկական պատերազմների, ցավոք, նաեւ մեր միջեւ ծագած պատերազմի բնույթը:   

Հակամարտության ռազմական լուծումը, որի մասին շատերը հիմա Ադրբեջանում երազում են, նշանակում է պարզապես հայերի տեղահանում Ղարաբաղից: Ինչպիսի՞ն կլինի այդպիսի որոշման գինը: Ինչի՞ կհանգեցնի: Կկարողանա՞ք իրականացնել: Ադրբեջանն արդեն իննսուներկու-իննսունչորսին փորձել է ու ստացել սպասածից միանգամայն այլ արդյունք: Հակառակը, դուք կորցրիք Ղարաբաղից երկու անգամ ավելի տարածքի վերահսկողությունը: Արդյոք արժե՞ կրկնել: Հասկանալի է, որ եթե մի անգամ էլ պատերազմ սանձազերծվի, այն չի սահմանափակվի Ղարաբաղով. Հայաստանը մի կողմ չի քաշվի, ով էլ լինի Հայաստանի նախագահը: Նշանակում է՝ պատերազմ կսկսվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դուք դրան պատրա՞ստ եք: Դուք դա՞ եք ուզում:  

Ոչ մեկը նոր պատերազմ չէր ուզում՝ ո՛չ նա, ո՛չ ես: Մենք խաղաղ հանգուցալուծման տարբերակ էինք փնտրում, որը կբավարարեր երկու կողմերին:  

- Ես չեմ կարող ձեզ տալ Ղարաբաղը,- ասում էր Ալիեւը:  

- Ի՞նչ է նշանակում՝ տալ,- զարմացա ես:- Չէ՞ որ այն փաստորեն ձերը չէ: Ինչպե՞ս կարող եք տալ կամ չտալ այն, ինչին փաստորեն չեք տիրապետում: Եթե հրաժարվում եք ուժով զավթելու մտքից, ապա ստիպված եք ընդունել այն գաղափարը, որ Ղարաբաղն արդեն ձերը չէ:   Չնայած՝ զգացմունքային վեճեր չէինք ունենում. փաստարկներով էինք խոսում, եւ յուրաքանչյուրը փորձում էր ձեւակերպել իր դիրքորոշումը, ներկայացնել ու բացատրել իր մտահոգությունը, նշել սահմանը, թե ինչ կարող է եւ ինչ չի կարող անել:  

Ալիեւի առաջարկի էությունը հետեւյալն էր. Ադրբեջանը կարող է Ղարաբաղը հայկական ճանաչել Հայաստանի հետ կապող միջանցքի հետ միասին: Բայց դրան զուգընթաց, փոխանակում էր առաջարկում պատերազմի ժամանակ մեր կողմից Ղարաբաղի շուրջը զբաղեցրած շրջանների հետ: Խոսքը Հայաստանի Մեղրու շրջանի մասին էր, որը Ադրբեջանը բաժանում էր Նախիջեւանից: Այդպիսի փոխանակումը մենք բոլորովին անընդունելի էինք համարում՝ առաջին հերթին Իրանի հետ սահմանը կորցնելու պատճառով: Բացի դրանից, ինչպե՞ս վարվել այդ շրջանում ապրող մարդկանց հետ: Ես՝ ղարաբաղցիս, ինչպե՞ս եմ նրանց ասելու, որ հանուն Հայաստանի հետ Ղարաբաղի միավորման՝ Մեղրին հանձնվում է Ադրբեջանին:  

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը խորհրդարանում ու դրա հետեւանքով ծագած ներքաղաքական սուր ճգնաժամը առժամանակ ընդհատեցին բանակցային գործընթացը: Ինձնից պահանջվում էր վերականգնել երկրի կառավարելիությունն ու ամրապնդել թուլացած դիրքերս՝ այդքան կարեւոր բանակցությունները շարունակելու համար:     

ՔԻ ՈՒԵՍԹ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, ՈՐԸ ՉՍՏՈՐԱԳՐՎԵՑ     

2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիեւի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջեւանից ոչ հեռու:   

Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջեւանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն: Ալիեւն ասաց, թե չի պատկերացնում՝ դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով. փորձում էինք հասկանալ՝ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես եւ ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի ինքնիշխանությունը, ով է այն պարեկելու:    Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք:  

Այդ ընթացքում մեր բանակցությունների մասին արդեն տեղեկացրել էինք միջնորդներին, ու նրանք ակտիվորեն մասնակցում էին գործընթացին: Ընդհանուր առմամբ՝ բավական մոտեցել էինք այն տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, ճանաչում է Հայաստանի մաս՝ մեր կողմից զբաղեցրած ադրբեջանական տարածքների եւ Մեղրիով Նախիջեւան ճանապարհի հատուկ կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները: Սակայն բազմաթիվ մանրամասներ էին մնում, որոնք անհրաժեշտ էր պարզաբանել պայմանավորվածության հասնելու համար:   

Եկել էր միջնորդ երկրների առաջին դեմքերին ներգրավելու ժամանակը. դա ավելի մեծ կշիռ կտար գործընթացին, կերաշխավորեր, որ միջազգային հանրությունը պատրաստ է բավարար ռեսուրսներ ներդնելու պայմանավորվածությունների գործնական իրացման համար, եթե դրանք վերջնական դառնան:   

Առաջիններից մեկը միացավ Ֆրանսիայի նախագահ Շիրակը, որը միշտ անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերել հակամարտության կարգավորման հանդեպ ու լավ գիտեր նրա բոլոր նրբությունները: Նա ինձ ու Ալիեւին հրավիրեց Փարիզ, որտեղ խիստ արդյունավետ բանակցություններ տեղի ունեցան եռակողմ ձեւաչափով: Ավելի ուշ՝ ճաշի ժամանակ, Շիրակն ասաց, որ առաջին անգամ զգացում ունի, որ գործընթացը շարժվել է մեռյալ կետից, եւ խաղաղությունը Կովկասում իրական գծեր է ձեռք բերում:   

Մենք համատեղ մամուլի ասուլիս անցկացրինք ու բաժանվեցինք լավատեսական տրամադրությամբ: Մնում էր մեր երկրներում հասարակական կարծիքը նախապատրաստել առաջարկված պլանին: Դա հեշտ չէր. այդպիսի կարգավորման հակառակորդները շատ էին ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում:  

Այդ պահին միջնորդական նախաձեռնությունը Ֆրանսիայից խլեցին ամերիկացիները. հրապարակ եկավ Քերի Քավանոն: Քերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր ու որոշել էր, որ դա իր աստեղային ժամն է. իր համանախագահության օրոք կարող է ստորագրվել պատմական փաստաթուղթը: Իսկ գուցեեւ համարում էր, որ պահը բաց թողնել չի կարելի, պետք է արագացնել բանակցությունները, քանի դեռ նախագահները վճռական են տրամադրված: Եռանդուն, մեծ հավակնությունների տեր մարդ լինելով՝ նա ձեռքը վերցրեց նախաձեռնությունն ու սկսեց շատ ակտիվ առաջ մղել գործընթացը:  

Սկսվեց համաձայնագրի մանրամասն մշակման գործնական աշխատանքը: Քավանոն ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելին համոզեց, որ նա որպես միջնորդ մասնակցի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Ընտրեցին վայրը՝ Քի Ուեսթ, ԱՄՆ ամենահարավային կետը, գեղեցկագույն կղզի, որտեղ ապրել էր Հեմինգուեյը: Նշանակեցին օրը՝ ապրիլի 3: Այդ ամենն այնպիսի թափով էր արվում, որ Շիրակը, որի հետ բավական ջերմ հարաբերություններ ունեինք, ինձ հայտնեց իր կասկածները. «Ինձ թվում է՝ ամերիկացիները շատ են շտապում, իրավիճակը պետք է առավելագույնս հասունանա, իսկ նրանք դա, ըստ երեւույթին, չեն հասկանում»: Խոսակցությունը Փարիզում էր, ուր այցելել էի 2001 թվականի փետրվարին:  

Քի Ուեսթից երկու շաբաթ առաջ Ադրբեջանում ղարաբաղյան թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպեցին: Ես ուշադիր հետեւում էի ելույթներին, եւ ինչ-որ բան անհանգստացրեց: Ալիեւը լիովին վերահսկում էր խորհրդարանը, ու չէի կարողանում հասկանալ, թե նրա ինչին էին պետք այդ լսումները, եւ գլխավորը՝ ի վերջո ո՞ւր կտանեն: Ելույթների տոնայնությունն ու բնույթը ակնհայտորեն չէին օգնում հասարակական կարծիքի նախապատրաստմանը. ավելի շուտ ցույց էին տալիս, որ մոտեցումը փոխվում է:  

Ես հրավիրեցի Միացյալ Նահանգների դեսպանին եւ ասացի, որ անհանգստացած եմ Քի Ուեսթ մեկնելու նախօրեին հրավիրված խորհրդարանական լսումներով. այնպիսի զգացողություն ունեի, որ Ալիեւը հրաժարվելու հող է նախապատրաստում: «Խնդրում եմ ճշտեք Ալիեւից,- խնդրեցի դեսպանին:- Եթե որեւէ բան է փոխվել, Քի Ուեսթը պետք է չեղարկել, հակառակ դեպքում անհարմար վիճակ կստացվի, այն էլ պետքարտուղարի միջնորդության պարագայում»: Հաջորդ օրը դեսպանն ինձ հայտնեց. «Չէ՛, ամեն ինչ կարգին է: Կապվեցինք Ալիեւի հետ, ու նա հաստատեց՝ ամեն ինչ ուժի մեջ է: Խորհրդարանի քննարկումները բացատրում է հասարակական կարծիքը նախապատրաստելու անհրաժեշտությամբ»: «Լա՛վ,- մտածեցի ես,- գուցե թվացել է»:   

Երկու օր անց ելույթ ունեցավ ինքը՝ Ալիեւը: Կարդում եմ նրա ելույթի տեքստն ու տեսնում՝ չէ՜, չի թվացել: Ինչ-որ բան այնպես չէ: Վարդան Օսկանյանին խնդրում եմ. «Մի անգամ էլ կապվիր ամերիկացիների հետ: Այս պատմությունն ինձ դուր չի գալիս: Կարծում եմ՝ Քի Ուեսթում ոչինչ չի ստացվի»: Նա նորից կապվեց՝ արդեն ե՛ւ դեսպանի, ե՛ւ Քավանոյի հետ: Նրանք հաջորդ օրը նորից ասացին՝ ամեն ինչ կարգին է, խոսել են Ալիեւի հետ, ու նա հաստատում է, որ Քի Ուեսթ է գնում լուրջ մտադրություններով:   

Այդ իրավիճակում ուղիղ Ալիեւին չզանգեցի՝ զգուշանալով, որ միջնորդները ճիշտ չեն հասկանա: Քի Ուեսթը նախաձեռնողները մենք չէինք, այն նախապատրաստել էին միջնորդները, հենց նրանք էլ մասնակիցների հետ համաձայնեցրել էին բոլոր մանրամասները: Ես կարծում էի, որ պատշաճ չէ ակտիվություն ցուցաբերել ու պարզել հակամարտության մյուս կողմի պատրաստ լինելը բանակցություններին:   Եվ ահա Քի Ուեսթում ենք՝ Ֆլորիդայի ամենագեղեցիկ վայրերից մեկում: Տեղավորվեցինք հյուրանոցում, Մեքսիկական ծովածոցի ափին: Հրաշալի եղանակ էր՝ պայծառ, արեւոտ օր, եւ հույս ունեի, որ դեռ կհասցնեմ լողալ: Տրամադրությունս բարձր էր. մասամբ՝ ծովային օդից, բայց առավելապես սպասումից, որ մի քանի ժամից կվճռվի հայրենիքիս բախտը:  

Ժամանում ենք Տրումենի ոչ մեծ, հարմարավետ Փոքր Սպիտակ տուն: Բանակցությունների սրահը լեփ-լեցուն է. մեր պատվիրակությունը, ադրբեջանականը, բոլոր միջնորդ երկրների ներկայացուցիչները, ահռելի թվով լրագրողներ՝ պատրաստ արձանագրելու եւ լուսաբանելու երկար սպասված պատմական իրադարձությունը:  

Սենյակի կենտրոնում սեղանն է, սեղանի մոտ՝ պետքարտուղար Փաուելը, աջից՝ Ալիեւը, ձախից՝ ես, դիմացը՝ Մինսկի խմբի համանախագահները, Պետդեպի աշխատակիցները, լրագրողները: Հանդիպումը բացում է Փաուելը, խոսում է եզակի պատմական պահի մասին ու խոսքը տալիս Ալիեւին: Նա բացում է թղթապանակն ու... հանում գրավոր ելույթը: Հենց տեսա այդ մեկ տասնյակ էջերը, անմիջապես հասկացա. ձախողում է:  

Ալիեւը սկսեց կարդալ: Բոլորը տեսնում էին, որ հուզվում է. բառերը կարծես դժվարությամբ էր արտաբերում: Մի երեսուն րոպե կարդաց: Տեքստում շատ էր խոսվում այն մասին, թե միջնորդներն ինչպես պետք է վարեն գործընթացը, բայց նրա կեսժամանոց ելույթի ամբողջ իմաստը հանգում էր մի բանի. «Ես պատրաստ չեմ գնալ դրան»: Մինչ Ալիեւը ելույթ էր ունենում, նայեցի Քավանոյին: Նա խուճապի մեջ էր: Քրտինքը հոսում էր անձրեւի պես, վերնաշապիկը թրջվել ու կպել էր մարմնին, դեմքը կարմրել էր. հասկանում էր, որ դա իր կարիերայի վերջն է: Ես որսացի նրա հայացքն ու աչքերով ասացի. «Ձեզ զգուշացրել էի, չէ՞, որ անհարմար բան է լինելու...»: Ես ճիշտ էի, բայց, գրողը տանի, միշտ չէ, որ ուզում ես ճիշտ դուրս գալ: Տվյալ դեպքում կնախընտրեի սխալվել:  

Ինձ երկակի զգացում էր համակել: Մի կողմից՝ թեթեւություն. հասկանում էի, որ այդպիսի խաղաղության համաձայնագիրն իրացնելը չափազանց բարդ ու ռիսկային կլիներ: Մյուս կողմից՝ հիասթափություն ու ափսոսանք. դա պատմական պահ էր, մենք կարող էինք քանդել դարերով ձգված հանգույցը: Իհարկե, մենք պահպանում էինք մեր բանակցային ուժեղ դիրքերը. չէ՞ որ մենք չէինք հրաժարվել համաձայնագիրը ստորագրելուց: Մեծ առավելություն էր նաեւ հենց նոր հայտնված նախադեպը. փաստորեն քննարկվում էր Ղարաբաղի միացումը Հայաստանին, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խանգարող հանգամանք չէր: Կարգավորմանը վերաբերող ոչ մի առաջարկ ապագայում այլեւս չի կարող շրջանցել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:  

Ալիեւից հետո խոսքը տվեցին ինձ, եւ իմ պատասխան ելույթը տեւեց մեկուկես րոպե, գուցեեւ ավելի քիչ.  

-Ես եկել եմ Ֆլորիդա, Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, կարգավորման վրա աշխատելու, ոչ թե սովորեցնելու համանախագահներին, թե ինչպես վարեն իրենց միջնորդական առաքելությունը: Եվ սույնով ավարտում եմ ելույթս:  

Ավելին ասելն արդեն իմաստ չուներ: Ադրբեջանական մամուլը հետո գրում էր. «Քոչարյանը անպատշաճ հակիրճ հանդես եկավ»:  

Շարունակել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ