26 12 2018

Անորոշություն, տագնապ պետության ճակատագրի համար․ «Հայոց աշխարհ»

Անորոշություն, տագնապ պետության ճակատագրի համար․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Որքան որոշակի էին ԱԺ արտահերթ ընտրությունների հրապարակված պաշտոնական, ավելին՝ պաշտոնապես չվիճարկված ու հալած յուղի տեղ ընդունված արդյունքները, նույնքան, եթե ոչ բազմապատիկ ավելի է հետագա զարգացումների հետ կապված անորոշության զգացողության աստիճանը:   

Սովորաբար Ամանորի նախաշեմին ընդունված է ամփոփել օրացուցային տարվա անցուդարձը, հիմնական իրադարձությունները: Մեր պարագայում ամփոփելու շատ բան կա՝ իրադարձությունների ու դրանց հնչեղության առումով: Ի վերջո, օրումեջ իշխանափոխություն չի լինում: Դեռ այդ կործանյալ վիճակին չենք հասել:   

Իսկ բովանդակային տեսանկյունից հիմնական իրադարձությունը մեկն է՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած, այսպես ասած, «թավշյա իշխանափոխությունը», որի նախաձեռնող-շահառուները այն հեղափոխություն են բնորոշում: Բայց ինչպես էլ բնորոշեն, առանցքայինը այդ է՝ իշխանությունը առանց արյան ու հիմնացունց զարգացումների, ըստ էության՝ առանց դիմադրության ցուցարար-խռովարարներին զիջելը:  

Մնացյալ զարգացումները, այդ թվում՝ պետական ու հոգեւոր կառույցներին ուղղված հարվածները, արժեքային ձեւախեղումների նպատակով ցայտուն դրսեւորումները, ներքին թշնամանքի տարածումը, ամենաթողության ու սանձարձակության վակխանալիան, զանազան աղանդավորական ու պետականակործան նպատակներ հետապնդող կառույցների գործոնավորումը, քրեածին տարրերի ակտիվացումը, ոստիկանության թուլացումը, քննչական ու գաղտնի ծառայությունների կտրուկ քաղաքականացումը եւ այլն, եւ այլն, կարելի է նշել որպես ապրիլ-մայիսին տեղի ունեցածի հետեւանքներ:   

Կուզեք՝ կողմնակի հետեւանքներ, կուզեք՝ նպատակային միջանկյալ հետեւանքներ: Էականը, տվյալ պարագայում, ենթադրվող զարգացումներն են, արդյունքները կամ ավելի ճիշտ՝ նոր հետեւանքները:   Երբ հետադարձ հայացք ես նետում ավարտվող տարվա զարգացումներին, ընդհանուր տպավորությունն այն է, որ տեւական ժամանակ անփոփոխ իշխանական համակարգի հանդեպ եղած դժգոհությունը, մի շարք գործոնների ազդեցության պայմաններում, օգտագործվեց հասարակական ընդհանուր ըմբոստության ցուցադրության համար:  

Թե ինչ այլ կամ նախնական հնարավոր ու անհնար սցենարներ կային կամ կարող էին լինել, թողնենք: Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասվում է, ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում եւ, խաղարկելով նաեւ անձնավորված ատելության, բազմության հույզերի վրա «խաղալու» լարերի վրա, եկավ իշխանության:   

Ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ հենց իշխանափոխություն: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանը ստացավ գործնականում անսահմանափակ ու անվերահսկելի իշխանություն: Այնպիսին, որը շարունակաբար ու անխնա քննադատում էր:  

Ճակատագրի հեգնանքն այն է, որ «ժառանգելով» այդ, ինչպես հաճախ իրենք էին սիրում ասել՝ արատավոր համակարգը, Փաշինյանն ու իր մերձավոր թիմակիցները սիրահոժար վերցրին այն ամբողջությամբ՝ «մոռանալով», թե ոչ այնքան վաղուց ինչպես էին դատափետում տվյալ «սիստեմը»:   

Ու, ի դեպ, այս դրսեւորման ներքո է, կարելի է ասել, թաղված շան գլուխը: Ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Փաշինյանը շատ ու շատ հարցերում սկսեց անել բաներ, որոնք ժամանակին քննադատել էր: Նույնիսկ իշխանությունը վերցնելիս արած որոշակի հայտարարությունը, ինչպես ասենք՝ դատարանների վրա ճնշում չգործադրելը կամ «զանգով արդարադատություն» ասվածը, բավական արագ պարզ դարձավ, որ բնորոշ է նաեւ նոր, «ժողովրդական» իշխանություններին ու իշխանապետերին:   

Ավելին, Փաշինյանի մերձավոր շրջապատը եւս շատ արագ սկսեց տրվել իշխանական «հաճույքների»՝ լինի թիվ 1 ուղղաթիռով շրջագայություններ թե իրենց մասին գովասանական տեսանյութեր պատրաստելը, միակողմանի ու քննադատություն ոչ մի կերպ չհանդուրժող ջղակծկումները:  

Ըստ որում, այս վերջինի դեպքում նոր, «ժողովրդավարական» իշխանությունները ձգտում են գերազանցել իրենց կողմից որպես բռնապետական բնորոշվող նախկին բոլոր իշխանություններին:   

Սակայն հիմնականը, այնուամենայնիվ, այլ բան է: Իշխանության են եկել անձինք, որոնք գործնականում չունեն կամ գոնե չեն ներկայացրել իրատեսական ու չափելի ծրագիր: Փոխարենը, ունեն զանգվածների անվերապահ, պաշտամունքի հասնող, նաեւ՝ անառողջ դրսեւորման տպավորություն թողնող վստահություն ու դրական տրամադրվածություն, ունեն անսահմանափակ իշխանություն եւ չունեն որեւէ վերահսկողություն ու հակակշիռ:   

Բնության ու քաղաքագիտության օրենքները հուշում են, որ երկար ժամանակ նման «կառույցը» կանգուն չի կարող մնալ, ավելին՝ այն պարբերաբար երերալու է: Դա նշանակում է, որ նոր իշխանավորները կարող են տապալվել շատ ավելի վաղ, քան թվում է իրենց կամ նույնիսկ իրենց հատուկենտ իրական ընդդիմախոսներին: Գլուխը՝ քարը, թե ինչ կամ ինչպիսին կլինի ժամանակակից քաջնազարների հետագա քաղաքական ու անձնական ճակատագիրը:   

Ողջ հարցն այն է, թե ինչ է լինելու հայոց պետականության հետ: Այն պետականության, դեպի որը մի 600 տարի գալիս էինք, որը մի 100 տարի առաջ մի երկու տարով վերականգնեցինք, ու որը ունենք 1991-ից ի վեր:   

Եթե հակիրճ, ապա մեր պետության հետագա ճակատագրի հետ կապված նման տագնապալի զգացողություններ չենք ունեցել անգամ անցած 30 տարվա մեջ եղած ամենադրամատիկ պահերին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ