25 12 2018

Մանե Թանդիլյանի վթարն ու արկածները՝ նախարարական Camry-ով․ «Հրապարակ»

Մանե Թանդիլյանի վթարն ու արկածները՝ նախարարական Camry-ով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Մեքենան բավականին լուրջ վնասվել էր, բայց կարողացել են վերականգնել։ Վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է նախարարի մեքենային։ Վնասի չափը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ, որը փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։ Վթարի հետեւանքով որեւէ մարդ չի տուժել։ Մեքենան նորոգվել է եւ հիմա շարունակում է սպասարկել նախարարին։ Ի դեպ, սա այս մեքենայի առաջին վթարն է, նախկինում այն սպասարկում էր Հրանուշ Հակոբյանին, եւ գործածության ողջ ընթացքում ընդամենը մի անգամ խազել են այս մեքենան, որի համար, մեր տեղեկություններով, Հրանուշ Հակոբյանը կոպիտ նկատողություն էր արել իր վարորդին։

Բայց սա միակ վթարը չէ նախարարական մեքենաների մասնակցությամբ։ Մենք պարզեցինք, որ 2-3 ամիս առաջ էլ՝ հոկտեմբերին, վթարի է ենթարկվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին սպասարկող Toyota Camry ավտոմեքենան։ Ընդ որում, այս դեպքում վթարի մեղավորն ու վարորդը հենց ինքը՝ նախարարն է եղել՝ տիկին Թանդիլյանը։ Նրա հետ խոսել չհաջողվեց, քանի որ զանգերին նամակով պատասխանեց, որ չի կարող խոսել, առաջարկեց Ֆեյսբուքով իրեն նամակ գրել, բայց նամակին էլ չարձագանքեց։ Վթարը տեղի է ունեցել Երեւանում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։ Ի դեպ, այստեղ ուշագրավ է ոչ այնքան վթարի փաստը, որքան այն, որ ղեկին հենց նախարարն է եղել։

Պարզվում է՝ Մանե Թանդիլյանը վարորդ չի պահել, իբրեւ թե ֆինանսական խնայողության նպատակով։ Ավելի ճիշտ՝ նրա վարորդը, որը երկար տարվա վարորդ է ու մինչ այդ տարբեր նախարարների է սպասարկել, այդ թվում՝ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Թանդիլյանի հետ մոտ երկու ամիս աշխատելուց հետո դուրս է եկել աշխատանքից։ Դրանից հետո Մանե Թանդիլյանը նոր վարորդ չի ընդունել, որ փող խնայի, բայց իր վթարով, պարզվում է, ավելի շատ ծախսի տակ է գցել պետությանը, քան խնայողություն արել։

Իսկ ինչպե՞ս է «յոլա գնացել» առանց վարորդի։ Շատ պարզ՝ փոխնախարարների ու նախարարության մյուս վարորդների օգնությամբ։ Մեզ ասացին, որ ամեն անգամ մեկին խնդրել է մեքենան վարել։ Բայց շատ հաճախ կեսից իրեն ինչ-որ կետ տեղափոխած վարորդից մեքենայի բանալիները վերցրել է, որ ինքը վարի, ու վարորդին ոտքով հետ է ուղարկել։ Դարձել է «Կարգին հաղորդման» հայտնի անեկդոտը՝ չգիտեմ տերն ով էր, բայց վարորդը նախարար էր։

Եվ Թանդիլյանի այս տարօրինակ սովորության պատճառով նախարարության վարորդները դժգոհում էին ու երբեմն հրաժարվում նրա հետ երկար ճամփա գնալուց, քանի որ կարող է գնային հասնեին աշխարհի ծայրը, ու նախարարն իրենց ոտքով հետ ուղարկեր, ինքը մնար մեքենայով։ Թե ինչ է փորձել թաքցնել Թանդիլյանը վարորդներից, որ կեսից հրաժարվել է նրանցից, ուր է գնացել հետո ինքը ծառայողական մեքենայով, որ չի ցանկացել՝ այդ մասին իմանան վարորդները, ենթադրությունների տեղիք է տվել։ Վթարն էլ, հավանաբար, այդ դեպքերից մեկի ժամանակ է եղել, երբ վարորդին ուղարկել է տուն, ու ինքը նստել ղեկին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ