22 12 2018

«Օպտիմալացում»՝ կլասիկ քաջնազարական գործելակերպով․ «Հայոց աշխարհ»

«Օպտիմալացում»՝ կլասիկ քաջնազարական գործելակերպով․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երեկ գործադուլ ու բողոքի ցույց էին անում մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աշխատակիցները: Տպավորիչ էր, իհարկե։ Ամեն դեպքում, երբ պետական կառույցների աշխատակիցներն են գործադուլ անում, տպավորիչ է:   

Ինչպես հայտնի է, երկրի թավշահեղափոխական միանձնյա ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որոշել է, որ Հայաստանին մշակույթի նախարարություն պետք չէ, իսկ սփյուռքի՝ ընդհանրապես: Եվ ահա այդ գերատեսչությունների աշխատողները ամանորյա «հրաշալի նվեր» են ստացել՝ եկող տարին գործազուրկի կարգավիճակով սկսելու շոշափելի հեռանկարի տեսքով:  

«Օպտիմալացում» կոչվող այս անցուդարձի հետ կապված՝ առաջինը, ինչ ուշադրություն է գրավում՝ գործողության ձեւն է, այն է՝ ինչ մոտեցմամբ ու կարգով է դա արվել: Բողոքի ցույցի ելած մեր հայրենակիցներն ասում էին, որ էլեկտրոնային փոստով են տեղեկացել իրենց ու իրենց ներկայացրած գերատեսչություններին սպասվող ճակատագրական փոփոխությունների մասին: Ոչ մի նախնական քննարկում, խելք խելքի տալ, այսպես ասած, թացը չորից զատելուն միտված որեւէ դրսեւորում չի եղել:   

Կարելի է ենթադրել, որ վարչապետի պաշտոնակատարն առավոտյան արթնացել է, ստուգել սելֆիի ձողիկի առկայությունը, հիշել, որ Լիլիթ Մակունցին է նշանակել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ու մտածել է՝ «բա էլ ինչի՞ է պետք մշակույթի նախարարությունը: Էն սփյուռքինն էլ է լրիվ ավելորդ...»: Ու՝ խնդրեմ: Համարյա ինչպես քաջ Նազարի մասին հանրահայտ ֆիլմում՝ «գյադեք, էս կողմ անցեք..., չէ, չէ, է՛ն կողմ անցեք»:   

Առաջներում էլ են, իհարկե, կառավարության կառուցվածքի տարբեր փոփոխություններ արվել, որոնց մասին հասարակությունը թեպետ նախագահների հրամանագրերից էր իմանում, բայց սպասվող փոփոխությունների մասին որոշակի նախնական տեղեկատվություն էր սպրդում հրապարակային դաշտ, կարծիք ու տեսակետ էր հնչում եւ այլն: Բայց նախկինը թողնենք անցյալում: Նախկինում բոլորը, վատն էին ու դավաճան:   

Իսկ այսօր ի՞նչն էր խանգարում նախապես այդ մարդկանց հետ քննարկել հնարավոր քայլերը, բացատրել իրենց գլխին գալիքն ու հիմնավորել դա: Բա ո՞րն է տարբերությունը: Ասենք, բակլան իրենցն է, խաշած են ցանում: Պրծավ-գնաց:   

Սակայն որոշ հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են։  

Ողջ խնդիրը հանգում է մշակութային քաղաքականությանը, որով էլ, ի վերջո, պայմանավորված է հարցը՝ պե՞տք է ունենալ մշակույթի նախարարություն որպես գերատեսչություն, թե՞ ԿԳՆ կազմում մի բաժին կամ քաղաքաշինության կոմիտեում մի վարչություն ունենալն էլ է բավական:   

Եթե Հայաստանն իր անկախության վերականգնման տարիքին լիներ իր պատմությամբ, միգուցե մեզ ոչ միայն մշակույթի նախարարություն պետք չլիներ, այլեւ շատ ուրիշ բաների:  

Բայց ահռելի մշակութային ժառանգություն, ընդգծենք՝ բազմաշե՛րտ ժառանգություն ունեցող, ավելին՝ աշխարհին գերազանցապես իր այդ ժառանգությամբ ներկայացող ու ճանաչվող երկրին ոչ թե պետք է, այլ անհրաժե՛շտ է ունենալ հենց նախարարության կարգավիճակով հազարավոր ճյուղային խնդիրներով զբաղվող պետական կառույց:   

Սկսած պատմամշակութային հուշարձանների պահպանումից, վերջացրած պատկերասրահների, թանգարանների պահպանման, շահագործման, արդիականացման հարցերով, չհաշված արդեն թատրոնները, պարախմբերը, նվագախմբերը, մշակութային ժառանգության հանրայնացումը, չհաշված կինոն, երգարվեստը, գորգագործությունը, գիր-գրականությունը, գրադարանները, քանդակագործությունը, մշակույթի տները, օպերան, բալետը, դե՝ կրկեսն էլ ձեզ փեշքեշ, ու այդ ամենին աղերսվող անթիվ-անհամար խնդիրները, որոնք կոնկրետ մոտեցում ու լուծում են պահանջում:   

Զարմացնում է նորիշխանավորների աշխարհընկալումն ու մտահորիզոնը: Նրանք իսկապե՞ս կարծում են, որ բոլոր այդ խնդիրներն ինքնըստինքյան լուծվող են, այսպես ասած՝ «շուկան կորոշի» տարբերակով: Անտերը հո միայն թմբուկ զարկելո՞վ չէ:   

Ո՞րն է, ի վերջո Փաշինյանի կառավարության մոտեցումն ու քաղաքականությունը մշակույթի ասպարեզում:   

Երեկ այս խնդրի շուրջ հնչած բազմաթիվ կարծիքների շարքում, կարծում ենք, առանձնանում է Սպարտակ Սեյրանյանի գրառում-դիտարկումը. «Կրկին ձեւն ու բովանդակությունը խառնվել են, կրկին ձեւի մասին խոսվում է, իսկ բովանդակության մասին` ոչ: Մշակույթի նախարարության կարգավիճակի մասին խոսվում է, իսկ մշակութային քաղաքականության մասին` լռություն է: Իսկ ի՞նչ տարբերություն. քաղաքականություն չունեցող եւ քաղաքականություն չվարող մարմինը նախարարությո՞ւն է, թե՞ վարչություն կամ բաժին: Եվ` հակառակը:    Չեմ արդարացնում կառավարության որոշումը. այն սխալ է, շատ սխալ: Բայց քանի դեռ նյութը ձեւը` կարգավիճակն է, ոչ թե բովանդակությունը` քաղաքականությունը, համաձայնեք. սա ոչ թե քննարկում է, այլ ընդամենը խոսակցություն: Ու հանգուցալուծումն էլ ցանկացած տարբերակում լինելու է ձեւական»:  

Ի դեպ, սփյուռքի նախարարության մասին: Այստեղ էլ երկար-բարակ կարելի է ե՛ւ խոսակցություն ծավալել, ե՛ւ քննարկում: Բայց էական է ահա թե ի՛նչ հարց: Եթե հիշում եք, ոգեւորված «հանցավոր ռեժիմի» տապալումից, հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր հայեր, վերջապես հնարավորություն էին ստանալու վերադառնալ հեռվից այնքա՜ն բաղձալի ու սիրելի հայրենիք: Վերադառնալու էին ու շենացնեին, ծաղկանոցի ու բուրաստանի վերածեին մեր սիրելի հայրենիքը: Դե, նրանք երեւի 8 ամիս է ճամպրուկներն են պատրաստում, իրերն են դասավորում, որ եկող տարի էսպես միահամուռ, ֆեյսբուքյան «թիփի-բորան» գրառումներին համահունչ, խոշոր խմբերով վերջապես վերադառնան:   

Համենայն դեպս մինչեւ հիմա չեն եկել: Եկողներն էլ տասնյակ հազարավոր զանազան ասիացիներ են, որոնց կարիքն ու գործազուրկ Հայաստանում աշխատատեղ զբաղեցնելու կարիքը ոնց որ թե չունեինք: Բայց դա՝ իր հերթին:   

Հիմա, բա որ հանկարծ այդ բոլոր՝ հարյուր հազարավոր հայերը հանկարծ հիշեն, որ հայրենիքը միայն սոցցանցերում սրտաճմլիկ կամ սեփական հողուջրին ոչ մի դեպքում չդավաճանածներիս հեռվից խելք սովորեցնելով չեն շենացնում, ու եկող տարվա հունվարի 1-ից սկսեն վերադառնա՞լ: Արտգործնախարարությո՞ւնն է, ինչ է, նրանցով զբաղվելու, ԱԱԾ-ն չհաշված:   

Ի դեպ, ինչ վերաբերում է երեկ բողոքի ցույց անող ապագա գործազուրկներին, ապա նրանք թերեւս մի 5-6 ամիս ուշացել են: Սկզբունքորեն նրանցից շատերը ժամանակին համակրանքով են վերաբերվել Նիկոլ Փաշինյանի քայլափոխությանը: Ուստի միանգամայն արդարացի է, որ ստանում են իրենց բաժին «պայծառ ապագան»: Ավելին, եթե այդ բոլոր անձինք ժամանակին չլռեին՝ տեսնելով թե ինչ կարգի անհամապատասխան անձանց են իրենց վրա նախարար կարգել, ապա այսօր միգուցե իրենց մարդատեղ չդնելով նախարարությամբ հանդերձ ասպարեզից հեռացնելու դաժան իրականության առջեւ չէին հայտնվի:   

Առհասարակ հարգում են ինքնահարգանք ունեցողին: Իսկ Մակունցի ու նմանների առաջ խոնարհվողները գուցե ավելի վատ վերաբերմունքի են արժանի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ