18 12 2018

Կարող ենք լուրջ կորուստներ ունենալ Ղարաբաղի հարցում․ «Հայոց աշխարհ»

Կարող ենք լուրջ կորուստներ ունենալ Ղարաբաղի հարցում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում, հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը որքանո՞վ է նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը. մեր հարցերին ի պատասխան՝ իր տեսակետներն է ներկայացնում քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ։  

-Պաշտոնապես ակտիվ բանակցություններ դեռ չկան, բայց, իմ կարծիքով, տեղի են ունենում կուլիսային գործընթացներ, որոնք հայկական կողմի շահերից չեն բխում։ Ադրբեջանցիների արձագանքը, համենայն դեպս, այդ մասին է վկայում։ Չեմ կարող ասել՝ ինչով այս ամենը կվերջանա։   

Մի բան պարզ է՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ պաշտոնապես բանակցային պրոցես չկա, իշխանությունը նույնիսկ չի հայտարարում, թե ինչ սկզբունքների հիման վրա է պատրաստ վարել բանակցությունները, եւ այս անորոշության պայմաններում հնչում են տա

րատեսակ գնահատականներ՝ Բոլթոնի կողմից, Լուկաշենկոյի կողմից, շատ մտահոգիչ է։ Ադրբեջանի արձագանքը նույնպես մտահոգիչ է։   Մենք հիշում ենք, թե Ալիեւն ու իր վարչակազմը ինչ հռետորաբանությամբ էին հանդես գալիս ոչ միայն Արցախը, այլեւ Զանգեզուրն ու Երեւանը Ադրբեջանի պապենական հողերը համարելով, այսօր փոքր-ինչ մեղմել են բառապաշարը, բայց ԼՂ կարգավորման հարցում նրանց դիրքորոշումը մնացել է նույնը։ Այս իրավիճակում Երեւանի խորհրդավոր լռությունը ինձ մտահոգում է. եթե չկա պաշտոնական պրոցես, բայց բոլոր կողմերից խոսում են այդ մասին, ու բոլորը «լավատես» են, նշանակում է՝ կուլիսների հետեւում կատարվում է մի բան, որին հանրությունը տեղյակ չէ։ Սա՛ է խնդիրը։  

-Պաշտոնապես որեւէ բանաձեւ չի առաջարկվել, բայց անուղղակիորեն՝ մամուլում եւ լրատվական կայքերում, համառորեն շրջանառվում է «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը, այն, ինչը մերժվեց 1998 թվականին։ Ի՞նչ է ստացվում. 20 տարի անց այդ բանաձեւը վերստին արդիակա՞ն է դարձել։   

-Եթե նույնիսկ ենթադրենք, թե այդպես է, պաշտոնապես այդ մասին չի ասվում՝ հրապարակավ չի հայտարարվում, որ տերպետրոսյանական այդ բանաձեւն է հիմք ընդունվում բանակցությունների համար։ Ասպարեզ է նետվել մի կեղծ թեզ, թե Հայաստանը չպետք է բանակցի Արցախի փոխարեն՝ Արցախն ինքը պիտի ներկայացնի իր շահերը բանակցային գործընթացում։ Եվ դա ներկայացվում է որպես Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը, թեեւ նախկինում էլ բազմիցս խոսվել է այդ մասին։   

Ընդհանուր առմամբ, միջնորդները միշտ էլ համարել են, որ Հայաստանը բանակցային գործընթացում ներկայացնում է ե՛ւ իր, ե՛ւ Արցախի շահերը։ Այդ ճամարտակությունները՝ որ Արցախը բանակցային գործընթացի ինքնուրույն կողմ է եւ այլն, ընդամենը ձեւ են։ Պարզ է, որ երբ գործընթացը հասնի ինչ-որ տրամաբանական հանգրվանի, Ղարաբաղը այսպես թե այնպես միանալու է դրան, եւ միջնորդները միշտ էլ շեշտել են այդ հանգամանքը։   

Անընդհատ շահարկել, թե Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից՝ ուղղակի ծիծաղելի է։ Հիշեցնեմ, որ մինչեւ 1997թ. Արցախը ֆորմալ առումով բանակցային կողմ էր, բայց ի՞նչ ստացանք մենք այն ժամանակ՝ Լիսաբոնի գագաթնաժողով։   

-Ինչո՞ւ Պուտինն այդպես էլ չշնորհավորեց Փաշինյանին։  

-Կարծում եմ՝ չշնորհավորելը լուրջ մեսիջ է Հայաստանի այսօրվա իշխանություններին Ռուսաստանի կողմից։ Փաշինյանը լուրջ խնդիր ունի՝ նորմալացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետեւ ինչքան էլ հայտարարի, որ այդ հարաբերությունները փայլուն են, իրականում այդպես չէ։   

Ռուս փորձագետների մեծ մասը խոր անվստահություն ունի այս իշխանությունների նկատմամբ։ Վերջին 28 տարիներին այսպիսի վիճակ հայ-ռուսական հարաբերություններում երբեւիցե չի եղել։ Եվ սա պայմանավորված է մի շարք գործոններով։   

Սկսենք նրանից, որ Ռուսաստանի եւ Հայաստանի այսօրվա իշխող վերնախավերի միջեւ «դասակարգային» տարբերություն կա, որ խիստ բացասական կարող է լինել հայկական կողմի համար։ 90-ականներին Ռուսաստանի նախագահը Ելցինն էր, Հայաստանի նախագահը՝ Տեր-Պետրոսյանը, նրանց միջեւ կար որոշակի փոխըմբռնում, երկուսն էլ լիբերալ արժեքների կրող էին, եւ դա օգնեց հաջողություն արձանագրելու Արցախյան պատերազմում։   

Պուտինը եւ Քոչարյանը նույնպես նույն տիպի գործիչներ էին՝ երկուսն էլ, մեծ հաշվով, շարունակում էին Ելցինի եւ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը՝ իրենց ճշգրտումներով։ Պուտինն իր տեսակով ավելի շատ պետության դերը ուժեղացնելու կողմնակից էր, նույնը կարելի է ասել Քոչարյանի մասին։ Անձնական ջերմ հարաբերություններն իրենց հերթին նպաստեցին, որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգանան, եւ որեւէ խնդիր չկար։   

Հետո եկավ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը՝ նախ Մեդվեդեւի, ապա՝ Պուտինի հետ, եւ այստեղ էլ էական փոփոխություններ չարձանագրվեցին, գլոբալ առումով երկուսն էլ նույն «դասակարգին» էին պատկանում։  

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ առաջացավ հոգեբանական խզում. Ռուսաստանում շարունակում է իշխել «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որի «քույր» կուսակցությունը Հայաստանում՝ Հանրապետականը, կորցրել է իշխանությունը։ Ավելին՝ իշխանության է եկել ՀՀԿ հակառակորդը, որը խորթ է ինչպես Պուտինին, այնպես էլ «Եդինայա Ռոսիային»։ Այսինքն՝ կա դասակարգային անջրպետ «Եդինայա Ռոսիայի» եւ «Իմ քայլի» միջեւ։   

Եթե հայ հասարակությունն այս ամենից լուրջ հետեւություններ չանի, մենք կարող ենք լուրջ պրոբլեմներ ունենալ նույն Ղարաբաղի հարցում։  

-Ռուսաստանի «միջնորդական առաքելությունը» նման պայմաններում կարո՞ղ է օգտակար լինել՝ հայկական կողմի մոտեցումներն առաջ տանելու։  

-Այսպես ասեմ՝ տարծաշրջանային բոլոր հարթակներում՝ Թուրքիա, Վրաստան, Իրան, Ադրբեջանը ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանը, նաեւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական վիճակը, տրանսպորտային հաղորդակցությունն է ավելի բարենպաստ, կա նավթի գործոնը եւ այլն։   

Միակ դաշտը, որտեղ ունեինք դիրքային առավելություն, ՀԱՊԿ-ն էր։ Բայց ի՞նչ արեցինք. այս դաշտում էլ փչացրինք հարաբերությունները նախ Բելառուսի, հետո՝ Ղազախստանի, ապա՝ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ բոլոր երկրների հետ։ Այստեղ շատ վտանգավոր տրանսֆորմացիա է տեղի ունեցել. լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ դիրքային ավելի ծանր վիճակում ենք հայտնվել այդ կառույցում, որտեղ Ադրբեջանը ներկայացված չէ։ Վերջապես Ռուսաստանի հետ սառը հարաբերությունները նույնպես չեն նպաստում մեր դիրքերի ամրապնդմանը՝ թե՛ Հայաստանի անվտանգության, թե՛ ԼՂ հիմնախնդրի կարգավորման իմաստով։   

-«Կուլակաթափության» հաշվին բանակաշինության ոլորտում 2,5 միլիարդ դոլար ներդնելու խոստումը կյանքի կոչելու դեպքում Փաշինյանը կարո՞ղ է հակազդել այդ բացասական միտումներին։   

-Եթե այդ պրոցեսը գնա, դա կլինի Հայաստանի վերջը։ Աշխարհում ոչ մի կուլակաթափության պրոցես, սկսած 1917թ. բոլշեւիկյան հեղափոխությունից, երկիրը չի տանում զարգացման։ Հատկապես փոքր երկիրը, որը կախված է շատ երկրներից, ոչ մի ռեսուրս չունի՝ շահած դուրս գալու այդ գործընթացից, որովհետեւ որեւէ լուրջ ներդրող չի գա մի երկրում ներդրում անելու, որտեղ մարդկանց կուլակաթափ են անում։ Այդ ճանապարհով գնալու դեպքում ոչ միայն ներդրումներ չենք բերի տնտեսության մեջ, այլեւ շատ կարճ ժամանակահատվածում եղած կապիտալը «կփախնի» Հայաստանից, ժողովուրդը սովի կմատնվի, իսկ սոված ժողովուրդը չի կարող ուժեղ բանակ ունենալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ