22 11 2018

Հայի ալարկոտության օրենսդրական հիմքերը. «168 Ժամ»

Հայի ալարկոտության օրենսդրական հիմքերը. «168 Ժամ»

Վարչապետի պաշտոնակատարի հայտարարության մասին, ուր նա խոսում է 350 հազար աշխատողի և 800 հազար, մեղմ ասած, չաշխատողի մասին, խոսեցին և՛ գործադիր իշխանության ներկայացուցիչները, և՛ տնտեսագետները, և՛ քաղաքական դեմքերը:

Տարիներ առաջ Աշխատանքային օրենսգիրք ընդունելիս մենք արտագրեցինք սոցիալական այն բոլոր օրենսդրական երաշխիքները, որ միայն կայացած տնտեսություն ունեցող երկրներն են ապահովում: Տեսեք, մենք գործատուին պարտադրեցինք վարձու աշխատողին շաբաթական 40 ժամից ավելի «չծանրաբեռնել»: Օրենքով սահմանեցինք, որ «ամենօրյա աշխատանքը չի կարող անցնել 8 ժամից»: Հստակ ամրագրեցինք «Արտաժամյա աշխատանքը և դրա սահմանափակումները», ինչպես նաև՝ արտաժամյա աշխատանք թույլատրելու բացառիկ դեպքերը, գրում է «168 Ժամ»-ը։

Զարգացած երկրների աշխատանքային օրենսգրքերից արտագրեցինք, որ արտաժամյա աշխատանքն օրվա ընթացքում չի կարող գերազանցել չորս ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: Այդ պահին ոչ ոք չհիշեց «աշխատանքի արդյունավետություն» կոչված արտահայտությունը: Այն չհիշեցին նաև այն պահին, երբ գրում էին Աշխատանքային օրենսգրքի՝ վճարովի արձակուրդ սահմանող հոդվածները: Ոչ ոք չփորձեց գործարարներից պարզել՝ հնարավո՞ր է, արդյոք, տնտեսավարել օրենսդրական այդ պահանջներով: Մինչդեռ կարծում եմ, որ մեր այսօրվա «ալարկոտության» հիմքը պետք է փնտրել գործող օրենսդրության մեջ: Այն օրենսդրության, որ «անխոհեմաբար» արտագրել ենք զարգացած երկրների օրենքներից:

Տեսեք, ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ պետական տոներն ու հիշատակի օրերը միջինում կազմում են 12,2 օր: Ընդ որում՝ զարգացած երկրների ազատ օրերի միջին թիվը 14,4 օր է և գերազանցում է զարգացող երկրների համապատասխան ցուցանիշին: Վերցրեք «ՀՀ օրենքը պետական տոների և հիշատակի օրերի մասին» և կհամոզվեք, որ այս ցուցանիշով մենք գերազանցում են զարգացած երկրներին: Հայաստանում տոն և հիշատակի օրերի թիվը 15 է: Նման օրերի քանակը Գերմանիայում՝ 13, Իտալիայում` 12, ԱՄՆ-ում 11 է: 

Փաստորեն, ստացվում է՝ օրենսդրությամբ մենք գործատուին պարտադրում ենք վարձու աշխատողին վճարովի առնվազն 20 օր արձակուրդ տրամադրել և դրան գումարած՝ ևս 15 օր՝ որպես պետական տոն-հիշատակի օր: «Բայց սա դեռ ամենը չէ», ինչպես ասվում է գովազդներում:

Տոների մասին օրենքը գործատուին պարտադրում է ևս մեկ աշխատանքային օր նվիրել շատ հետաքրքիր ձևակերպմամբ: Պարզվում է՝ գործատուն պարտավոր է նախատոնական օրերին մեկ ժամ շուտ թույլ տալ աշխատակցին «տուն գնալ»: Փաստորեն, մեր աշխատանքային ցածր արդյունավետության պատճառով գործատուն տարվա ընթացքում 20 + 16 օր պարտավոր է վճարել աշխատակցին: Օրենքն է պարտադրում: Գործատուները, իհարկե, ելք գտել են:

Նրանք ի սկզբանե աշխատակցին ցածր աշխատավարձ են վճարում, որ տարվա ընթացքում կարողանան վճարել պարտադրված օրերի դիմաց: Եվ այս պարագային մենք մի կողմից՝ խոսում ենք մեր ալարկոտության մասին: Մյուս կողմից՝ խոսում ենք մեր աշխատանքի ցածր արդյունավետության մասին: Խոսելը դեռ ոչինչ, շարունակում ենք երազել օտարերկրյա ներդրումների մասին: Հավանաբար կարծելով, որ ներդրողները որևէ երկրի տնտեսություն մտնելիս չեն ծանոթանում այդ երկրի օրենսդրության հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ