13 11 2018

Երբ չափից ավելի շատ է բոլշևիզմը․ «Հայոց աշխարհ»

Երբ չափից ավելի շատ է բոլշևիզմը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մեզանում հաճախ չեն տարբերակում թշնամուն քաղաքական հակառակորդից։  

Այնինչ, ի տարբերություն միմյանց ոչնչացնել ձգտող թշնամիների, քաղաքական հակառակորդների պայքարը արդի քաղաքակիրթ որեւէ պետության կյանքի օրենքն է։ Իսկ քաղաքականության համար՝ նույնիսկ ավելին, քան օրենք. կազմակերպման ձեւ, քաղաքական կյանքի եւ որպես այդպիսին քաղաքականության գոյության միջոց։   

Իսկական ժողովրդավարը գուրգուրում ու փայփայում է իր քաղաքական հակառակորդներին, որոնց քննադատությունը ապահովագրում է իրեն անխուսափելի սխալներից։ Չէ՞ որ քննադատն ասես հայելի է դեմ տալիս։ Այն կարող է ծուռ լինել, բայց, խոստովանենք, մեր տան հայելին (ինքնագնահատականը) նույնպես միշտ չէ, որ աչքի է ընկնում առանձնակի ճշմարտացիությամբ ու ազնվությամբ։   

Դրա համար էլ օգտակար է նայել սեփական անձին ուրիշի աչքերով եւ փորձել հասկանալ. կարո՞ղ ենք մենք եթե ոչ փոխվել, ապա փորձել գոնե այլ կերպ խոսել։     

Ցավոք, Նոր Հայաստանի իշխանությունների գործողությունների մեջ չափից ավելի շատ է բոլշեւիզմը։ Իսկ բոլշեւիկը ուժերի ներածի չափով ոչնչացնում է քաղաքական հակառակորդներին, որոնք խանգարում են կենսագործել իր «միակ ճիշտ հայացքները»։  

Իհարկե, թշնամիներ ունեն նաեւ ժողովրդավարները, բայց նրանք բնութագրվում են որպես այդպիսիք միայն այն ժամանակ, երբ դուրս են գալիս իրավունքի շրջանակներից։ Դա էլ հենց ժողովրդավարների հիմնական տարբերությունն է բոլշեւիկներից. վերջիններիս համար թշնամու դերում են հայտնվում քաղաքական բոլոր հակառակորդները, իսկ իրավունքը նրանց առանձնակի չի հետաքրքրում։    Տիեզերացունց վայնասունը, որ բարձրացրեց իշխանությունն այն բանից հետո, երբ Հանրապետականը պաշտոնապես հայտարարեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, վկայում է մի բան. գործ ունենք իսկական բոլշեւիկների հետ։  

Թեեւ, այլ բան դժվար էր սպասել։ Միջկուսակցական հարաբերությունների վերաբերյալ բոլշեւիկյան մոտեցման նրբերանգները դեռեւս 1927 թվականին ՀամԿ(բ)Կ XV համագումարում դյուրըմբռնելի բացատրել է Քաղբյուրոյի անդամ Միխայիլ Տոմսկին. «Մեզանում կարող է լինել ե՛ւ երկու, ե՛ւ չորս կուսակցություն, բայց միայն մեկ պայմանով. մի կուսակցությունը կլինի իշխանության ղեկին, իսկ մնացած բոլորը՝ բանտում»։  

Այնուամենայնիվ լավ է, որ բարքերն աշխարհում վերջին 2-3 հազար տարիներին նկատելիորեն մեղմացել են։ Հին Չինաստանում, օրինակ, կայսրը մետաքսե քուղ էր ուղարկում հպատակին, որից ուզում էր ազատվել։ Այդ կերպ ասես ակնարկում էր մեղանչածին. վերցրու պարանն ու խեղդվիր։ Եվ խեղդվո՛ւմ էին։  

Անտարակույս Հանրապետականի հանդեպ ճնշումը իշխանությունների եւ իրենց «ընդդիմություն» հայտարարած նրա սպասարկուների կողմից օրեցօր կահագնանա եւ իր բարձրակետին կհասնի դեկտեմբերի սկզբին։ Պարզ է նաեւ, որ միջոցների միջեւ խտրականություն չի արվի։ Գործի կդրվի ամեն ինչ. նոր «բացահայտումներ», սպառնալիքներ, քարոզչական տեռոր, անհիմն մեղադրանքներ, շանտաժ, սադրանքներ...  

«Հեղափոխականների» հաջողության գրավականը մառազմի դոզայի ամենօրյա ավելացումն է։ Ինչպես լատինամերիկյան սերիալներում։ Հերոսուհին դուրս է գալիս ամնեզիայից ու տեղնուտեղը ընկնում կոմայի մեջ՝ լսողության, նորածնի եւ ձախ ոտքի կոճի հետագա կորստով։    Անիմաստ է, իհարկե, պայմանավորվել իշխանությունների հետ նախընտրական պայքարի վարման քաղաքակիրթ կանոնների մասին։ Սրանց հետ հնարավոր է պայմանավորվել միայն հազար վկաների եւ հարյուր նոտարների ներկայությամբ։ Բայց նույնիսկ դրանից հետո առանց կարմրելու կհայտարարեն, թե վկաներին ու նոտարներին երբեք չեն տեսել եւ ընդհանրապես գաղափար չունեն, թե ովքեր են նրանք եւ ինչ են իրենցից ուզում։ Ընտրությունները դեկտեմբերի սկզբին նշանակելու հետ կապված պատմությունը դրա փայլուն ապացույցն է։   Մինչդեռ քաղաքացիական պատերազմները (նույն ինքը՝ ժողովրդավարական ընտրությունները) փոքրիշատե օգտակար միջոց են, եթե քանակական մեծամասնությունը պատկանում է ուժերին, որոնք գիտակցում են, թե երբ կարելի է ուզածի չափ հաչել, իսկ երբ է հաչոցը շարունակելն անտեղի, այլ տեղին է մտածել երկրի առաջ ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով հաղթահարելու մասին։  

Երբ քաղաքական մեծամասնության շրջանում բացակայում է պատկերացումն առ այն, թե երբ կարելի է հաչել, իսկ երբ պետք է հանդարտվել, ապա անխուսափելի են ճգնաժամերը։ Չափազանց մեծ ազդեցությամբ են սկսում օժտվել ուժերը, որոնց պատկերացումները, թե ինչ է կարելի, եւ ինչն է անհրաժեշտ, իսպառ բացակայում են։ Այդ դեպքում ներկայացուցչական ժողովրդավարությունը չի գործում։   

Նոր Հայաստանի իշխանությունների պարագայում գործ ունենք հենց այդ ցավալի երեւույթի հետ։ Նկատենք, որ իշխանությունն ամեն գնով պահպանելու ձգտումն ինքնըստինքյան կարելի է դասել պսիխոպաթիկ ախտաբանության շարքին։ Ամենից շատ պսիխոպաթներ քաղաքականության ոլորտում հանդիպում են տոտալիտար ռեժիմների եւ բռնապետության օրոք։ Ստալինի պարագայում, օրինակ, անհատի առանձնահատկությունները ժամանակի հետ վերաճեցին հիվանդության, որն ախտանշաններով անչափ հիշեցնում է պարանոյա։    Կարծում ենք, իշխանավորների ու նրանց սպասարկուների համար ճիշտ ժամանակն է հիշել կատվախոտի բարերար ազդեցության մասին։ Երբ խմում ես այդ հրաշալի ժողովրդական ըմպելիքի մոտ հիսուն կաթիլ, ապա հանկարծ վերանում է նյարդային դողն ու անսպասելիորեն գալիս է այն ըմբռնումը, որ կյանքը հիմնավորապես փոխվում է։  

Օրինակ, ժամանակին Բաղաամի էշը փառաբանվեց նրանով, որ սկսեց խոսել։ Իսկ ո՞ւմ կարող են մեր օրերում զարմացնել խոսող ավանակները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ