08 11 2018

Սկզբում բարձրացրել է ընկերների աշխատավարձերը, «բռնվելուց» հետո՝ բոլորինը․ «Ժողովուրդ»

Սկզբում բարձրացրել է ընկերների աշխատավարձերը, «բռնվելուց» հետո՝ բոլորինը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումով ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին: Կհարցնեք՝ ինչպե՞ս, բացատրենք: Նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ընկեր, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եւ նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը:

Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի եւ Դավիդյանցի միջեւ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո նախարարը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել իր ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու մասին:

Ու սա հիմք ունենալով՝ մեր հրապարակումից հետո առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ «Ուսումնասիրվել և վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները:

Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը»: Նկատենք, որ հայտարարության մեջ ոչինչ չկա գրված ամսաթվերի մասին: Քանի որ, ինչպես ասում են, շան գլուխը թաքնված է այդ թվերի մեջ: Բանն այն է, որ իրականում աշխատավարձերի բարձրացման գործընթացը իրավական առումով սխալ է: Էլ չասենք այն մասին, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Ի՞նչ է ստացվում:

Եթե «Ժողովուրդ» օրաթերթը չտեղեկանար, որ նախարար Թորոսյանն իր ընկերների աշխատավարձը բարձրացրել է, թեման չէր բացվի, մյուս հիմնարկների՝ 4 ՊՈԱԿ-ների եւ 8 ՓԲԸ-ների տնօրենների աշխատավարձերը չէին բարձրանա:

Նկատենք, որ աշխատավարձերի բարձրացման հրամանը նախարարը ստորագրել է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Եվ հիմա մեր ձեռքի տակ է հայտնվել նախարարի կողմից կնքված համաձայնագրի մի օրինակ իր մեկ այլ ընկերոջ մասով: Խոսքը վերաբերում է Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօերն Արման Հովակիմյանին: Այդ համաձայանգիրը թվագրված է հոկտեմբերի 1-ով:

Այսինքն՝ նախարարը սկզբում համաձայնագիր է կնքել ընկերների հետ, տարբերակված մոտացմամբ բարձրացրել նրանց աշխատավարձերը: Իսկ հետո, երբ «բռնվեց», հրամանագիր արձակեց հոկտեմբերի 30-ով՝ բոլորի մասին: Մինչդեռ ակնհայտ իրողություն է, որ հրամանագիրը պիտի լիներ սկզբում, հետո նոր տնօրենների հետ կնքվեին աշխատավարձի փոփոխման, բարձրացման համաձայնագրեր: Համաձայնագիրը առանձին անհատներին վերաբերող փաստաթուղթ է, իսկ հրամանը՝ բոլորին է վերաբերում: Ինչեւէ, մենք ամենեւին դեմ չենք, որ հաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվեն:

Պարզապես խնդիրն այստեղ արդարության սկզբունքի պահպանման կարեւորությունն է: Եւ վերջում հարց է մնում, թե ով բարձրացրեց բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, նախարարն արեց՝  «Ժողովուրդ» օրաթերթի շնորհիվ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ