26 10 2018

Հասարակությունն առերեսվելու է դառը իրականության հետ․ «Հայոց աշխարհ»

Հասարակությունն առերեսվելու է դառը իրականության հետ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հայաստանի տնտեսությունը կանգնած է հերթական փորձության առաջ։ Արտահերթ ընտրություններն առաջիկայում կմեծացնեն ճնշումը տնտեսական գործընթացների վրա, որոնք առանց այն էլ չեն փայլում բարձր ակտիվությամբ։   

Ընկնելով քաղաքական շահարկումների հետեւից՝ կառավարությունը այդպես էլ չկարողացավ կամ ժամանակ չգտավ մշակել տնտեսական քաղաքականության սեփական հայեցակարգ։ Մի բան, որ անորոշության է մատնել ամբողջ տնտեսությունը։   

Ավելին՝ անորոշություններն ու անկայունությունը մի կողմից, կառավարության չկշռադատված ու չհիմնավորված գործողությունները մյուս կողմից զգալիորեն մեծացրել են ռիսկերը ներդրողների շրջանում։ Այս փուլում կառավարության ներդրումային խոստումները, կարելի է ասել, լիովին տապալվեցին։   

Պաշտոնական տվյալներով, առաջին եռամսյակի համեմատ երկրորդում օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 10 անգամ կրճատվել է (կազմելով ընդամենը 9 մլն դոլար)։   

Կարծում ենք, այս թվերը պարզաբանելու կարիք չկա։ Դրանք ինքնին խոսուն են։  

Կասկած չկա, որ այս միտումը կշարունակի պահպանվել նաեւ առաջիկայում։ Համապետական ընտրությունները, առավել եւս, երբ դրանք տեղի են ունենում քաղաքական նման լարված վիճակում, չեն կարող բացասական ազդեցություն չունենալ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ ներդրումների վրա։ Թեեւ առկա ցուցանիշներն արդեն իսկ վկայում են, որ իշխանափոխությունից հետո դրանք ընդհուպ մոտեցել են նվազագույն սահմանին։ Այս ոլորտում ներդրումային բում խոստացող կառավարությունը լիովին ձախողվեց։   

Սպասելիքներ չեն կարող լինել նաեւ առնվազն մինչեւ հաջորդ տարվա առաջին կեսը։ Ու դեռ հարց է, թե դրանից հետո ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի արտաքին կապիտալը կարողանա վստահություն ձեռք բերել Հայաստանի տնտեսության նկատմամբ։  

Մինչեւ այժմ իրականացված քայլերն ու գործողությունները դրա օգտին չեն եղել։   

Այսպիսի իրավիճակում պատահական չէ, որ տնտեսական գործընթացների ակտիվությունը Հայաստանում գնալով նահանջ է ապրում։ Նախընտրական շրջանը, որի մեջ աստիճանաբար մտնում է երկիրը, բնավ տնտեսության օգտին չէ։ Վերջին ամիսներին տնտեսական գործընթացների նկատմամբ կառավարության ցուցաբերած անտարբերության հետեւանքով կուտակված խնդիրները շարունակելու են խորանալ։   

Տնտեսության ոլորտի մասնակիցների շրջանում անորոշություններն ավելացել են՝ կապված նաեւ սպասվող հարկային օրենսդրության փոփոխությունների եւ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի բացակայության հետ։ Այլեւս պարզ է, որ երկիրը 2019թ. կմտնի առանց հաստատված պետական ծախսերի ծրագրի։ Որքան էլ զարմանալի է, կառավարությունը լիակատար անտարբերությամբ է նայում այս իրողությանը՝ չգիտակցելով, որ այդպիսով տնտեսությունը տանում է կոնսերվացման։   

Արդեն տեւական ժամանակ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Ամիսներ շարունակ տնտեսավարողներին պահելով լարվածության ու սպասումների մեջ՝ այդպես էլ կառավարությունը չկարողացավ այն ամբողջական տեսքի բերել։   

Օրենսգրքի առանձին դրույթների վերաբերյալ երբեմն-երբեմն արվող հայտարարությունները ցույց տվեցին, որ սպասվող փոփոխություններն այնքան էլ միանշանակ չեն։ Մանավանդ կառավարությունն առայժմ չի շտապում խոսել այն ծանրացումների մասին, որոնք սպասվում են հարկային փոփոխություններով։ Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ դա ձեռնտու չէ նրան։ Բայց որ Հարկային օրենսգիրքը նախատեսում է նաեւ լուրջ ծանրացումներ, անկասկած է։   

Անկասկած է նաեւ, որ դրանք սպառողների օգտին չեն, որովհետեւ հանգեցնելու են մի շարք, այդ թվում՝ կարեւոր ապրանքների գների բարձրացման։ Խոսքը նաեւ էներգակիրների, մասնավորապես հեղուկ վառելիքի մասին է։  

Ժամանակին պայքարելով այդ երեւույթի դեմ, առաջիկայում կառավարության գործունեության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժերն իրենք են պատրաստվում գնալ այդ ճանապարհով։ Սակայն դա կարվի խորհրդարանական ընտրություններից հետո։   

Մինչ այդ, կառավարող քաղաքական ուժերի համար անշուշտ ռիսկային կլիներ նման պատասխանատվության տակ մտնելը։ Այնպես, ինչպես հաջորդ տարվա ծախսերի ծրագրի քննարկումների դեպքում, երբ պարզ կդառնար, որ կառավարության խոստացած տնտեսական թռիչքն ու սոցիալական բարելավումներն այլեւս առ ոչինչ են։ Թերեւս դա էր հիմնական պատճառներից մեկը, որ անգամ երկրի կայունությանը սպառնացող լուրջ վտանգների գնով՝ կառավարությունը գնաց քաղաքական ուժերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելու ճանապարհով։   

Անտարակույս երկրի ղեկավարումը ստանձնելու ակնկալիք ունեցող քաղաքական ուժը առաջիկայում ստիպված է լինելու արագորեն սպառել հասարակության շրջանում ունեցած բարձր վստահության ռեսուրսը։ Դրան ականատես կլինենք ընտրություններից անմիջապես հետո, երբ կառավարությունը կիրականացնի այնպիսի քայլեր, որոնց համար ժամանակին մեղադրում էր նախորդ իշխանություններին։   

Մինչ այդ կառավարությունը կբախվի նաեւ տնտեսական ու սոցիալական իրավիճակի վատթարացմանը՝ հնարավոր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ։ Թեպետ դա կարծես այնքան էլ չի անհանգստացնում գործադիր իշխանությանը, որի գերնպատակն այս փուլում խորհրդարանի նվաճումն է։   

Թե ո՞վ պետք է մտածի ժողովրդին տված խոստումները կատարելու մասին, այնքան էլ կարեւոր չէ։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է, որ առաջիկայում հասարակությունն առերեսվելու է իշխանության եկած քաղաքական ուժերի նախկին ասածների ու արածների անհամատեղելիության հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ