06 10 2018

Իրականում հակահեղափոխականները հենց իշխանություններն են․ «Հայոց աշխարհ»

Իրականում հակահեղափոխականները հենց իշխանություններն են․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մեզանում սկսված հակահեղափոխականների փնտրտուքը զարմանալիորեն հիշեցնում է 20-րդ դարի 20-30-ական թվականների Խորհրդային Միության տխուր քաղաքական իրողությունները, որոնք հանգեցրին սկզբում նախկին հեղափոխականների մենատիրության, ապա ամբողջատիրության հաստատմանը։  

Ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում, տնտեսության մեջ, նույնիսկ մշակույթի, գիտության եւ սպորտի բնագավառներում բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում նոր իշխանությունների քաղաքականությունը մեխանիկորեն դասվում են «հակահեղափոխականների» շարքը։ Մինչդեռ այդ հասկացությունն ունի ողբերգական ու արյունոտ պատմություն։   

Հակահեղափոխականներ բացահայտելու եւ նրանց զանգվածաբար համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու ու գնդակահարելու գործելաոճը բոլշեւիզմի քաղաքական հավատամքի անկյունաքարն է, ուստի նրա վերածնունդը անկախ Հայաստանում չի կարող չմտահոգել երկրի ապագայով մտահոգ ամեն մի քաղաքացու։   

Մանավանդ որ այդ անկյունաքարը դրվում է 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջման մեկ այլ ատրիբուտի՝ «Հակահեղափոխության ու սաբոտաժի դեմ պայքարի արտակարգ հանձնաժողովի» իրավահաջորդի դերը ստանձնած ԱԱԾ անմիջական ջանքերով։   

Անշուշտ «Լենին պապիկի» ու նրա աջ ձեռքը դարձած «երկաթե Ֆելիքսի» գործելակերպի հիմնական առանձնահատկությունների պատճենումը Հայաստանի նոր իշխանավորների կողմից դեռ չի հասել իր արյունոտ հանգրվանին, բայց քանի որ գործընթացը ընթանում է ճիշտ նույն ուղղությամբ, ապա հակահեղափոխության դեմ պայքարի կարգախոսով սկսված վհուկների որսը խորանալու եւ ողջ հանրության համար վտանգավոր դառնալու ակնհայտ միտումներ է դրսեւորում։  

Դառնալով «սիրո եւ հանդուրժողականության» կարգախոսներով սկսված գարնան թավշյա հեղափոխությունը աշնանային սեւի ու սպիտակի վերածելու եւ ապա որպես սեւ բնորոշված սեփական հակառակորդներին հակահեղափոխականների շարքը դասելու ողջ աճպարարության քաղաքական պատասխանատուները, երկիրը կառավարող քաղաքական թիմն առարկայորեն փաստում է, որ մինչ օրս չի էլ ըմբռնել, թե ի՞նչ է թավշյա հեղափոխությունը, առավել եւս՝ հակահեղափոխությունը։   

Թավշյա հեղափոխությունները, եթե դրանք իրապես այդպիսին են, իրականում լուրջ քաղաքական հակառակորդներ չեն ունենում, ուստի եթե ավարտվում են հակահեղափոխականների փնտրտուքով ու նրանց դեմ ուղղված հալածանքներով, ապա դադարում են լինել այդպիսին։ Ուրեմն այն պահին, երբ ներկա քաղաքական ռեժիմի ղեկավար դեմքերը հայտարարեցին Հայաստանում «հակահեղափոխության» վտանգի մասին, նրանք իրենց իսկ ձեռքով թաղեցին 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության իդեալները։   

Բայց ինչո՞ւ ձեռնարկվեց նման տարօրինակ քայլը, մի՞թե մեզանում իրական էր հեղափոխության հակառակորդներից բխող սպառնալիքը, երբ նրանից շատերը մինչ օրս Բուխարինի ու Տրոցկու նման՝ սեփական անձը զրպարտված են համարում եւ «ճղում» իրենց, որ ապացուցեն սեփական հավատարմությունը։   

Վերջին օրինակը «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որը հիշեցնում է Ն.Փաշինյանին, որ ինքը առաջին իսկ օրերից աջակցել է նրա պայքարին, մարդուժ տրամադրել, ջուր ուղարկել հեղափոխականների ծարավը հագեցնելու համար, ուստի ինքը չի կարող համարվել հակահեղափոխական։

«Հակահեղափոխական» լինելու անհեթեթ մեղադրանքը կտրականապես հերքում է նաեւ Հայաստանի ամենահեղափոխական կուսակցությունը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը հեղափոխական պայքարի գրեթե 130 տարվա փորձ ունի եւ այդ ընթացքում ոչ ոք, բացի հայ բոլշեւիկներից, նրան չի դասել հակահեղափոխականների շարքը։   

Ն.Փաշինյանն ու նրա կողմնակիցները երկրորդն են այս առումով՝ դրանով մեկ անգամ եւս հաստատելով իրենց խորապես բոլշեւիկյան էությունն ու գործելակերպը, ինչը ստիպել է ՀՅԴ-ին իր վերջին հայտարարության մեջ մատնանշելու, որ այսօր «գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ»։  

Եվ այսօր անգամ նախկին կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի, ներկայացուցիչներն են համբերատար բացատրում ներկա իշխանավորներին, որ իրենք ամենեւին էլ դեմ չեն ո՛չ բարեփոխումներին, որոնք, ի դեպ, այդպես էլ տեղի չեն ունենում, ո՛չ էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եւ ողջ խնդիրը դրանց պատրաստվելու բանական ժամկետի մեջ է։   

Այսինքն՝ ՀՀԿ-ն նույնպես իրավացիորեն իրեն չի դասում «հակահեղափոխականների» շարքը։   

Հարց է առաջանում. եթե «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն վճռականորեն մերժում են իրենց վերագրվող մեղադրանքները, ուրեմն՝ ովքե՞ր են իրական «հակահեղափոխականները»։ Նրանք, ովքեր այժմ ոտնահարում են թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմնական սկզբունքները՝ կոչ անելով ասֆալտին պառկեցնել գործարարներին, շրջապատել ԱԺ շենքն ու խափանել երկրի օրենսդիր իշխանության աշխատանքները կամ աջ ու ձախ սպառնալիքներ ուղղելով սեփական քաղաքական հակառակորդներին։   

Ուրեմն Հայաստանում իրական հակահեղափոխականները սիրո ու հանդուրժողականության կարգախոսները բռնության ու հաշվեհարդարի բոլշեւիկյան գործելակերպով փոխարինած նոր իշխանավորներն են ու նրանց հետեւից վազող այն անտեղյակ բազմությունը, որին թվում է, թե ինչ-որ մեկը սպառնում է հերոսից արագորեն կուռքի վերածված, ապաեւ բռնապետ դառնալու ճանապարհը բռնած թավշյա առաջնորդին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ