08 09 2018

Հիշողության կորուստը քրոնիկական է և բուժման ենթակա չէ․ «Հայոց աշխարհ»

Հիշողության կորուստը քրոնիկական է և բուժման ենթակա չէ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Ինչպես գրել է Նիցշեն. «Պատմությունը եւ պատմական ճանաչողությունը անհրաժեշտ են մշակույթի եւ ազգի առողջության համար, բայց պատմության ավելցուկը վնասում է կյանքին»։    Եթե այդպես է, ապա մեզ կարելի է համարել լիովին առողջ ազգ։ «Պատմության ավելցուկ» մեզ չի սպառնում։ Դե, իսկ հիշողության կորուստը քրոնիկական է եւ բուժման ենթակա չէ։   

Այսօր ոչ ոք չի հիշում, թե ինչ էր ասում ու անում ժամանակին։ Ներկայիս իշխանավորները, օրինակ, երբ դեռ փողոցային ակտիվիստներ էին, գիշեր-ցերեկ, հավանաբար նույնիսկ քնի մեջ, խոսում էին բացառապես ժողովրդին ծառայելու մասին։   Ասենք, հիմա էլ Փաշինյանը վերամբարձորեն հայտարարում է. «Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իշխանության ճակատագիրը որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ։ Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք ՀՀ իշխանության։ Որեւէ մեկին թույլ չեմ տա վերցնել իշխանությունը ժողովրդի ձեռքից»։   

Նախօրեին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ էին անցկացնում Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիների տարբեր խմբեր. «Նաիրիտի» նախկին աշխատակիցները, Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողները, զորացրված զինծառայողները, թոշակառու օդաչուները... Եվ նրանք բոլորը միաբերան հայտարարում էին, որ նոր իշխանությունը լիովին անտարբեր է, չնչին ցանկություն իսկ չունի լսելու իրենց։ Նույնիսկ ոչ թե խնդիրները լուծելու, այլ գոնե պարզապես լսելու։   Թեպետ, այդպես եղել է միշտ։  

Պատմությունից հայտնի է. Ռուսաստանի կայսր Պավել Առաջինը յուրօրինակ անձնավորություն էր։ Օրինակ, գահ բարձրանալուց մեկ ամիս անց նա հրաման արձակեց, համաձայն որի` յուրաքանչյուր հպատակ իրավունք ուներ գրավոր դիմել իրեն։ Ուղղակիորեն։   Դրա համար կայսերական պալատի պատին կախեցին հատուկ փոստարկղ, որի բանալին ուներ միայն Պավել Առաջինը։ Բնականաբար կայսրին տեղնուտեղը հեղեղեցին խնդրանքներով, որոնց բնույթը դժվար թե առանձնապես տարբերվում էր մերօրյա խնդրանքներից։  

Սակայն շատ շուտով Պավելը հիասթափվեց իր հպատակների հետ շփումից, որոնք շարունակ ինչ-որ բան էին աղերսում ու աղերսում։ Այդժամ նրա օգնական Նելեդինսկի-Մելեցկու անունից հրապարակվեց հրամանագիր. «Նորին կայսերական մեծության բարձրագույն հրամանով հայտարարվում է, որ որեւէ մեկը, որ կհանդգնի անհանգստացնել Նորին կայսերական մեծությանը խնդրանքով, կբանտարկվի մեկ ամսով»։   

Ինչքան ավելի շուտ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիները հասկանան, որ ոչ մի դրական բան իշխանություններից ակնկալել չարժե, այնքան լավ իրենց համար։ Եվ այդպես է ոչ միայն մեզանում։ Ամեն մի իշխանություն յուրաքանչյուր երկրում հարկադրված գոյակցում է սեփական ժողովրդի հետ։ Գլխավորը՝ մշակել ճիշտ հաշվեկշիռ, որպեսզի քաղաքացիները տրտնջան մշտապես դժգոհ, իսկ կյանքը այդուհանդերձ շարունակվի։  

Ի վերջո, բացի իշխանություններից, կա մեկը, որին քաղաքացիները կարող են դիմել խնդրանքով։ «Խնդրե՛ք Աստծուց եւ կտրվի ձեզ, փնտրե՛ք եւ կգտնեք, բախե՛ք եւ կբացվի ձեր առաջ, քանզի ով որ խնդրի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ բացվում է։ Ձեզանից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, քար կտա նրան, եւ կամ եթե ձուկ ուզի, մի՞թե օձ կտա նրան։  

Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր Իրենից խնդրում են» (Ավետարան ըստ Մատթեոսի, գլ.7)։   Իսկ այն բանին, որ իշխանությունը ցինիկաբար ստում ու խաբում է անդադար, նույնպես պետք է վերաբերվել փիլիսոփայաբար։   

Իր առաջին քայլերից ի վեր մարդկությանն ուղեկցել է խաբեությունը։ Հիշենք Եվայի եւ օձի պատմությունը։ Ի դեպ, եթե ավելի խորամուխ լինենք աստվածաշնչյան տեքստերին, ապա ակնհայտ կդառնա, որ խաբեբան իրականում ոչ թե օձն էր, այլ Աստված։ Նա կանխավ խաբեց իր խնամարկյալներին՝ վախեցնելով մահվան անխուսափելիությամբ, եթե փորձեն արգելված ծառի պտուղները («եւ չդիպչեք դրանց, որպեսզի չմահանաք»)։ Երկրի վրա առաջին սպանությունը նույնպես ուղեկցվեց ստով։ Սեփական եղբորը սպանած Կայենը տեղնուտեղը սկսեց հերքել կատարած հանցանքը. «Եվ հարցրեց Աստված Կայենին՝ որտե՞ղ է եղբայրդ։ Կայենն ասաց. չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։  

Այսպես մարդն առաջին անգամ խաբեց Աստծուն, եւ հաշիվը դարձավ 1։1։ Իսկ հետո գնա՜ց ու գնա՜ց. ե՛ւ Աստված էր բազմիցս հիմարացնում իր հովանավորյալներին, ե՛ւ նրանք էին առիթի դեպքում փորձում խաբել սեփական Արարչին ու իրենց նմաններին։  

Վերադառնանք, սակայն, Նիցշեի գաղափարին, որ «պատմության ավելցուկը վնասում է կյանքին», իսկ հիշողության կորուստը մեզանում քրոնիկական է։   2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ ներկայիս տիրակալների հոգեւոր հայրերի միջավայրում անչափ մոդայիկ էր պնդել, թե հայրենի տնտեսության ոլորտում տեղ գտած դժվարությունները բացատրվում են բացառապես իշխանությունների ժողովրդավար չլինելով եւ նրանց չարանենգ լինելով (տե՛ս Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հոկտեմբերի 17-ի միտինգում)։  

Կատարյալ անհեթեթություն, անշուշտ։ 14-րդ դարակեսին եվրոպական տիրակալները դժվար թե շատ ավելի բարեսիրտ էին, քան տասը տարի առաջ հայրենի ղեկավարները, եւ նրանց հպատակներն էլ դժվար թե առանձնակի առողջ կենսակերպ էին վարում։ Այդուհանդերձ հայտարարել Մեծ ժանտախտը հատուցում՝ ինչ-որ թագավորի ժողովրդավար չլինելու համար, նույնիսկ միջնադարի նյարդային պայմաններում բնավ ոչ բոլորն էին պատրաստ։   

Այն, որ Սեւ վարակը մոլեգնում էր այդչափ կործանարար կերպով, բացատրում էին ոչ այնքան այս կամ այն տիրակալի ժողովրդավար չլինելով, որքան առեւտրական կապերի բազմապատկմամբ, քաղաքների բարգավաճմամբ եւ այլն։  

Ինչն ինքնըստինքյան չէր բացառում հիգիենայի, սանիտարական եւ կարանտինային միջոցառումների անհրաժեշտությունը, որոնց բացակայության պայմաններում ամենաառաջադեմ ու ժողովրդավար դուքսի երջանիկ հպատակները մահանում էին ճիշտ այնպես, ինչպես հարեւան բռնակալի տարաբախտ հպատակները։ Այն մատնանշումը, թե թշնամի կայսրը վատ մարդ է, դրա համար էլ նրա երկրում ժանտախտ է մոլեգնում, չափազանց ուշագրավ է քարոզչական տեսանկյունից, բայց որեւէ աղերս չունի ինչպես համաճարակաբանության, այնպես էլ հակաճգնաժամային միջոցառումների հետ։  

Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիները հիմա ապրում են աշխարհի ամենաժողովրդավարական երկրում, որը ղեկավարում են «սիրո եւ համերաշխության» հրեշտակները։ Այդ դեպքում բացատրեք մեզ, խնդրեմ, ինչո՞ւ է այս երկիրը վստահորեն գնում դեպի ճգնաժամ՝ բոլոր բնագավառներում։ Թե՞ դուք մոռացել եք, որ ճգնաժամեր սպառնում են բացառապես ոչ ժողովրդավար ու չարանենգ իշխանություն ունեցող երկրներին։  

Իսկ գուցե մոտեցող ճգնաժամը բացատրվում է սեփական պարտականությունները կատարելու ներկա իշխանությունների կատարյալ անկարողությա՞մբ։ Ի՞նչ են արել նրանք այս ամիսների ընթացքում, բացի հետապնդումներից ու «բացահայտումներից»։  

Մեկ բան է մխիթարում այս իրավիճակում. վարչապետի ինչ-որ գերմարդկային, ֆանտաստիկ համեստությունը։ Նրա շրջապատը կաշվից դուրս է գալիս՝ շեֆի անձի պաշտամունքը ստեղծելով, իսկ հետո կուլիսներից դուրս է գալիս վարչապետը, այնքան պարզ ու հասարակ. լավ, ի՞նչ կարիք կա, ասում է, ինչո՞ւ այդպես։ Հայրենի՛քն է պետք սիրել, ասում է, Հայրենի՛քը...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ