04 09 2018

Մարդի՛կ, հեռացե՛ք այստեղից․ հրաշք չի լինելու․ «Հայոց աշխարհ»

Մարդի՛կ, հեռացե՛ք այստեղից․ հրաշք չի լինելու․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Կար մինչև վերջերս հայոց աշխարհում մի գեղեցիկ ավանդույթ։ Ամեն անգամ տարվա եղանակների փոխվելուց առաջ հրապարակ էին ելնում կիսախելագար գործիչներն ու սկսում միաձայն կանխագուշակել թեժ աշուն, ձմեռ, գարուն կամ ամառ։ Կախված տարվա գալիք սեզոնից, բնականաբար։   

Ողջամիտ մարդկանց շրջանում նույնիսկ գաղափար առաջացավ կանգնեցնել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում թեժ աշունների, ձմեռների, գարունների եւ ամառների բոլոր այդ գուշակների խմբակային հուշարձանը։ Նախ՝ ամռանը ստվեր կտար, երկրորդ՝ ձմռանը կպատսպարեր քամուց, եւ երրորդ՝ հնարավորություն կտար աղավնիներին հայտնելու համընդհանուր կարծիքը։  

Սակայն ներկայումս հուշարձանի գաղափարը կորցրել է իր հրատապությունը, քանզի հեղափոխական իշխանության ջանքերով մեզանում թեժ են դարձել տարվա բոլոր եղանակները։ Բացառություն չի լինի, բնականաբար, նաեւ աշունը։ Չէ՞ որ անցած ամիսների ընթացքում մենք սրանց բավական լավ ուսումնասիրեցինք, ինչը միանգամայն անհրաժեշտ էր։  

Դեռ 18-րդ դարի նշանավոր հոգեբույժ Պինելն է գրել. «Հոգեկան հիվանդին հարցուփորձ անելուց առաջ պետք է նախապես ուսումնասիրել նրա անձը. ինչու են նրան բերել հիվանդանոց, ինչպիսին է նրա կենսագրությունը։ Խոսեք նրա ընտանիքի կամ մերձավոր շրջապատի հետ, որպեսզի զրույցի ընթացքում հիվանդի մասին իմանաք ավելին, քան նա կարող է պատկերացնել։ Երբ նա սուտ խոսի, կարող եք օգտվել այն բանից, որ իրենից ավելին գիտեք, եւ մերկացնել նրան ստի, զառանցանքի մեջ»։   

Թեպետ սեփական խելագարությունը հետհեղափոխական ժամանակահատվածներում քչերին է մտահոգում։ Երբ Էրդմանի 20-ական թվականների «Մանդատ» պիեսի հերոս Իվան Իվանովիչը փորձում է փողոց դուրս գալ գլխին կաթսա, բարի մարդիկ համոզում են նրան հրաժարվել այդ մտադրությունից. չէ՞ որ այդպես կարելի է եւ գժանո՛ց ընկնել։ Բայց Իվան Իվանովիչը լսել իսկ չի ցանկանում. «Հիմա ազատությո՛ւն է, հիմա գժանոցներ չկա՛ն»։   

Ինչեւէ, քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնաճնշումներն այս աշնանը ոչ միայն կշարունակվեն, այլեւ նոր թափ կհավաքեն։ Դա հեղափոխության օրենքն է, եւ իշխանությունը զավթածների ճառերը «սիրո եւ հանդուրժողականության» մասին ոչ մեկին չպետք է մոլորեցնեն։ Ինչպեսեւ նրանց ազնվաբարո դեմքերը։  

Ֆրանսիական հեղափոխության առաջնորդները, դատելով դիմանկարներից, ինտելիգենտ, ազնվաբարո մարդիկ էին։ Բայց իրականում Մարատը, Ռոբեսպիերը, Դանտոնը դրսեւորեցին իրենց որպես կատարյալ հրեշներ։ Ֆրանսիայում ամեն օր կազմակերպվում էին, այսպես կոչված, «արյունոտ հարսանիքներ», երբ առանց դատ ու դատաստանի մահապատժի էր ենթարկվում օրական 200-300 մարդ (երբեմն հրետանու օգնությամբ)։   Դոկտոր Գիլիոտինի չարագուշակ հայտնագործությունը՝ գլխատման համար նախատեսված սարքը, դրվեց սերիական արտադրության եւ աշխատում էր ժամացույցի մեխանիզմի ռիթմիկ մշտակայությամբ։  

Մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս 16-րդ թագավորը, մահապատժի ենթարկվեց Մարի Անտուանետ թագուհին, մահապատժի ենթարկվեց թագավորի ֆավորիտուհին՝ կոմսուհի Դյուբարին։ Վերջինիս մահապատժի փաստն առանձնակի ակնբախ է բացահայտում «հեղափոխական պատիվ» հասկացությունը։ Դյուբարիին հանդիսավոր կերպով խոստացան պահպանել կյանքը, եթե ասի, թե որտեղ են թաքնված գանձերը։ Կոմսուհին ընդունեց պայմանը, բայց նրան գլխատեցին ադամանդների բռնագրավումից 5 րոպե անց։ Դեռ լավ է, որ հայոց աշխարհում հրապարակային մահապատիժներ չեն կիրառվում։ Ոչ թե իշխանություն է, այլ բարության տապան։   

Ասենք, «բացահայտումները» աշնանը, իհարկե, կշարունակվեն։ Եվ առաջին ջութակը կշարունակի նվագել ԱԱԾ-ն։ Չէ՞ որ Վանեցյանը քարտ բլանշ է ստացել Փաշինյանից, ինչպես ժամանակին Տրոցկին՝ Լենինից։   

Վերջինս, ինչպես հայտնի է, վստահում էր Տրոցկուն անվերապահորեն։ 1919 թվականի ամռանը նա նույնիսկ գրել է Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի բլանկի վրա. «Ընկերնե՛ր։ Իմանալով ընկեր Տրոցկու հրամանների խստորոշ բնույթը` ես այն աստիճան վստահ եմ ընկ. Տրոցկու կարգադրությունների իրավացիության, նպատակահարմարության ու անհրաժեշտության մեջ, որ աջակցում եմ այս հրամանին լիարժեքորեն։ Վ.Ուլյանով-Լենին»։  

Իսկ հետո Լենինն ավելացրել է. «Ես տալիս եմ ձեզ այս բլանկը եւ կարող եմ տալ այսպիսիք՝ ինչքան ասես, քանզի կանխավ հավանություն եմ տալիս ձեր բոլոր որոշումներին։ Այս բլանկի վրա կարող եք գրել ցանկացած որոշում, եւ դա արդեն հաստատված կլինի իմ ստորագրությամբ»։   

Ճիշտ է, «բացահայտումների» առումով առայժմ այնքան էլ չի ստացվում, եւ հրեշների փոխարեն դիմակավոր մարդկանց ավարն է դառնում ինչ-որ մանրուք։ Առայժմ մենք գործ ունենք ավելի շուտ շոտլանդական Լոխ Նեսս լճի ֆենոմենի հետ, որտեղ իբր ապրում է Նեսսի անունով առեղծվածային վիթխարի արարածը։  

Վերջերս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետներն ամենաժամանակակից սոնարների եւ տեսախցիկների օգնությամբ հետազոտեցին լճի հատակն ու գրեթե հարյուր մետր խորության վրա հայտնաբերեցին տիղմից դուրս սողացող դոդոշի։  

Ողջ աշխարհը սկսեց խոսել սենսացիայի մասին, քանզի նախկինում այդ խորության վրա դոդոշներ չեն հանդիպել. սովորաբար նրանք մի քանի տասնյակ սանտիմետրից ավելի խոր չեն սուզվում։ Եվ այդ հրճվալից ճիչերի հետեւում մի տեսակ մոռացության մատնվեց այն հանգամանքը, որ գիտնականները, ախր, փնտրում էին Նեսսի հրեշին։ Հրեշ էին փնտրում՝ գտան մի փոքրիկ դոդոշ. որքա՜ն նման է դա հայոց աշխարհում ծավալվող վերջին իրադարձություններին։   

Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության կարելի է պնդել, որ աշնանը նույնպես իշխանությունը իր ոչ մի խոստում չի կատարի։ Սոցիալ-տնտեսական ոլորտում իրական գործերի եւ կոնկրետ արդյունքների փոխարեն մեզ կկերակրեն «Շարիկովի բաժակաճառերով»։  

Բուլգակովի «Շան սրտում» կա մի դրվագ, երբ երեկվա շունը, իսկ ներկայումս Պոլիգրաֆ Շարիկովը բաժակաճառ է ասում։ Շարիկովը չի ընդունում սովորական բաժակաճառերը. առողջության եւ նման բաների կենացը, դրանք անվանում է բուրժուական ու ոչ բովանդակալից։ Իսկ երբ նրան առաջարկում են արտահայտվել, բացականչում է. «Դե, ցանկանում եմ, որ բոլո՛րը»։   

Ի՞նչը բոլորը։ Ո՞ւր բոլորը։ Ի՞նչ է ուզածդ։ Ի դեպ, Քրիստոսի քարոզները պակաս արժանահավատ կլինեին, եթե Հիսուսը, ի հաստատումն խոսքերի, չապաքիներ հիվանդներին, չփրկեր անառակ կնոջը, հարություն չտար մեռածներին, չմխիթարեր նվաստներին։ Մի խոսքով, Նա ոչ թե պարզապես ապագայի ինչ-որ խոստումներ էր տալիս, այլ որոշակի բաներ անում հենց ներկայում։  

Եվ Նրա գործերը, որոնք հաճախ հերքում էին բանավոր ու գրավոր օրինակարգերը, ինչպես, օրինակ՝ շաբաթ օրով բժշկումը, այն գլխավորն էին, որ Տերը պարգեւեց մարդկանց։ Ըստ էության «ոչ թե մարդն է շաբաթ օրվա համար, այլ շաբաթը՝ մարդու» արտահայտությունը նշանակում է մի բան. ոչ թե խոսքեր են պետք, այլ գործեր։   

Միայն լավատեսությամբ հեռուն չես գնա։ Ճիշտ է, ժամանակին հոգեբան Շելի Թեյլորը առաջադրեց «դրական պատրանքների» տեսությունը. ավելորդ լավատեսությունը ծայրաստիճան կարեւոր է մտավոր առողջության համար, իսկ այն մարդիկ, որոնք իրատեսորեն են գնահատում սեփական կարողություններն ու հնարավորությունները, հակված են դեպրեսիայի։  

Դատելով իշխանավորների հայտարարություններից՝ ավելորդ լավատեսությունը շատ շուտով կհասցնի նրանց մտավոր առողջության մակարդակը չտեսնված բարձունքների։ Իսկ ի՞նչ խորհուրդ կարելի է տալ ազգաբնակչությանը։ Եկեք այս անգամ ձեռնպահ մնանք խորհուրդներից։ Պարզապես ասենք, ինչպես «Օրենքը՝ օրենք է» հին ֆիլմում. «Մարդի՛կ, հեռացե՛ք այստեղից։ Հրաշք չի լինելու»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ