28 07 2018

Բարև, տոտալիտարիզմ. «Հայոց աշխարհ»

Բարև, տոտալիտարիզմ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Չափազանց շատ բան վկայում է, որ երկրում աստիճանաբար հաստատվում է տոտալիտար ռեժիմ։ Որևէ քննադատության մերժումն ու դրա բնորոշումը որպես «հակապետական քարոզչություն», անձի պաշտամունքի ձևավորումը, զանգվածային քաղաքական հետապնդումները՝ ընդհուպ մինչև մեղադրանքների առաջադրում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սոսկ մի մասն են այն փաստերի, որոնք վկայում են անչափ վտանգավոր միտումների մասին։

«Տոտալիտար» բառը առաջացել է անցած դարի 20-ական թվականների Իտալիայում։ Առաջինը սկսեցին գործածել բնավ ոչ իտալական ֆաշիզմի հայրերը, այլ նրանց հակառակորդները՝ հակաֆաշիստները, որոնք իրենց հոդվածներում քննադատում էին ուժ հավաքող գաղափարախոսությունը։

Ցավոք, հոդվածներն ազդեցություն չունեցան, և արդեն 1925 թվականի հունիսից Մուսոլինին սկսեց դրական իմաստով խոսել «ֆաշիզմի անկասելի տոտալիտար կամքի» մասին։

Տերմինը շատ արագ սկսեց օգտագործել ռեժիմի պաշտոնական գաղափարախոս Ջովաննի Ջենտիլեն։ Նա հո լավ գիտեր, որ լատիներեն «totalis» նշանակում է՝ ամբողջ, լիակատար, լրիվ։ Այդպիսի ամբողջականությունը հասարակության ու ժողովրդի նկատմամբ կիրառելիս ենթադրում էր հրաժարում ամեն մի ազատությունից՝ հօգուտ համընդհանուր, կոշտ պետական պարտադրման ու վերահսկողության։

Կարծում եք՝ Փաշինյանը պատահականորե՞ն է շարունակ խոսում, թե նախկին ռեժիմի դեմ պայքարը կշարունակվի ու դեռ մի բան էլ թափ կհավաքի։

Բոլշևիկները նույնպես պնդում էին «պերմանենտ» (անընդհատ) «դասակարգային պայքարի» մասին։ Հիտլերի «Մայն կամպֆ» բեսթսելերը գերմանացիներին ուղղված հիստերիկ կոչ էր՝ մոբիլիզացվելու հեղինակի կողմից մատնանշված նախևառաջ ներքին, իսկ հետո արդեն արտաքին թշնամիների դեմ պատերազմի համար։

Այդ երկրներից յուրաքանչյուրում հաշվարկն արվում էր զանգվածային հասարակական միավորումների վրա. կենտրոնացված կառավարումով և խիստ ենթակայությամբ կենտրոնին։ Սկզբում այդ կազմակերպությունները դեռևս անվանում էին «կուսակցություն» սովորական բառով։

Բայց արդեն Լենինը անվանեց իրենը «նոր տեսակի կուսակցություն»։ Տոտալիտար հանրությունների նորությունն այն էր, որ դրանք ստեղծվում էին ոչ թե հասարակության շահերը խորհրդարանում ներկայացնելու, այլ կենտրոնից ստացված հրամաններով զանգվածներին կառավարելու համար։

Այդպես ներթափանցեցին իրենց երկրների թույլ խորհրդարանական համակարգեր հիտլերյան Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը, Մուսոլինիի Նացիոնալ-ֆաշիստական իտալական կուսակցությունը։ Նման առաքելություն է դրված նաև «Քաղաքացիական պայմանագրի» ուսերին «Նոր Հայաստանում»։

Վերոնշյալ բոլոր երեք տոտալիտար ռեժիմների հիմքում (Ռուսաստանում, Իտալիայում և Գերմանիայում) ընկած է իր մասին պատկերացումը որպես «մեծագույն» հեղափոխության՝ անընդմեջ զարգացմամբ և դեպի ապագա անհատնում նպատակաուղղվածությամբ։ Իսկ մի՞թե հենց այդ մասին չեն հայտարարում նաև հայրենի «հեղափոխության» առաջնորդները։ Մի՞թե մեզանում արդեն Պատմության թանգարանում բացված չէ համապատասխան ցուցասրահ։

Տոտալիտար մշակույթներում պետությունը ինչ-որ մեկի իշխանության գործիքը չէ, այն ինքնին գլխավոր իշխող սուբյեկտն է, երկրում լիիրավ գործող միակ կերպարը, տոտալիտար մշակույթի հերոսը։

Պետության աստվածացումն էլ հենց տոտալիտարիզմի հիմնական հատկանիշն է, որն ամրապնդված է պետության հանդեպ հավատով՝ որպես բացարձակ իշխանության. աստվածայնորեն ամենազոր, ամենահաս ու ամենաբարեբեր։ Արժե՞ մեջբերել Փաշինյանի արտահայտությունները։

Տոտալիտար պետությունն ապրում է հաշտ ու խաղաղ ինքն իր հետ, նա չունի ընդդիմախոսներ ու հակառակորդներ, քանի որ այդպիսիք բացառվում են։ Այդ պատճառով էլ տոտալիտար պետությունն անսխալական է, քանզի չկա մեկը, որ մատնանշի նրան իր սխալները։ Նա լող է տալիս իր մտացածին հաղթանակների մեջ։ Եվ մի՞թե նման պատկերի ականատեսը չենք մենք այսօր։

Տոտալիտարությունը նման է ալիքների, որոնք գլորվում են առաջ ու հետ քաշվում։ Դրանք գալիս են այն ժամանակ, երբ իրենց չեն սպասում։ Ուժեղ ալիքը կարող է հեշտությամբ սրբել քաղաքակրթության ավազե դղյակները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ