18 04 2024

Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին․ «Փաստ»

Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր տեղեկություններով, ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ եղել է «փակ» հանդիպում, որից առաջ, մեր տեղեկություններով, հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը գաղտնի պահեն: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ սպրդել են:

Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ ավելի մեղմ տոնով է խոսել, ասել է, թե այս պահին չորս գյուղերը հանձնելու հարց չի քննարկվում, սակայն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին ներկաները դեմ են արտահայտվել: Ի դեպ, Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին: Մեր տեղեկություններով, մինչև հանդիպման վերջին պահը ամեն ինչ գաղտնի է պահվել. այցի մասին տեղյակ են եղել սահմանափակ թվով մարդիկ:

Ընդ որում, կան խոսակցություններ, որ օրը պատահական չի ընտրված: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպմանը (և ընդհանրապես) հանրության բացասական կարծիքը ներկայացրած ու հստակ շեշտադրումներ բարձրացրած՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը USAD-ի ծրագրով արտերկրում է, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, Փաշինյանին հուշել են, որ հանդիպումը համեմատաբար ավելի հանգիստ կանցնի:

Հավելենք, որ այցի մասին մինչև վերջին վայրկյանները տեղյակ չի եղել ոչ միայն ոսկեպարցիների մեծ մասը, այլև ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել էր. «Գող-գող գալիս- գնում են, տեղյակ չեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ