11 03 2023

Ինչքան մեծ ու ճոխ էին այդ խոստումները, այնքան «մասսան» ոգևորությամբ էր դրանք ընդունում․ «Փաստ»

Ինչքան մեծ ու ճոխ էին այդ խոստումները, այնքան «մասսան» ոգևորությամբ էր դրանք ընդունում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ 2018 թվականին, երբ Փաշինյանն ու իր թիմակիցներն իշխանության եկան, նրանք զանգվածներին առաջին հերթին իրենց կողմն էին գրավում տարբեր գունագեղ խոստումներով։ Ու ինչքան մեծ ու ճոխ էին այդ խոստումները, այնքան «մասսան» ոգևորությամբ էր դրանք ընդունում։ Բնականաբար, այդ խոստումների մեծամասնությունն այդպես էլ մնաց խոստումների մակարդակի կամ էլ, ինչպես ասում են, «գրվեցին սառույցին»։ Բայց հետաքրքիրն այն է, որ խոստումներ կան, որոնց «մոգական ուժը» մինչև այժմ օգտագործվում է։ Օրինակ՝ այդպիսի խոստումներից մեկն էլ մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Դեռևս 2018 թվականի սեպտեմբերին իշխանությունների կողմից շռնդալից կերպով սկսեց շրջանառվել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման թեման։

Թվում էր, թե ուր որ է՝ պետք է ակտիվ շինարարական աշխատանքները սկսվեն այդ ուղղությամբ, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Արդեն չորս տարի է անցել, և իշխանությունները կրկին շրջանառության մեջ են դրել այն թեման, թե նոր մետրոյի կայարանն անպայման կառուցելու են։ Դե, հասկանալի պատճառներով՝ հիմա: Առջևում Երևանի ավագանու ընտրություններ են: Եվ եթե այսպես շարունակվի, և եթե այս իշխանությունները մնան իշխանության, ապա այս թեման նորից կարող են վերակենդանացնել, այս անգամ, օրինակ՝ խորհրդարանական ընտրության համար։ Սա գործող իշխանությունների ձեռագիրն է: Թե չէ ի՞նչ գործ անել, կարևորը փիառն ու ճոխ խոստումներն են: Ժամանակին էլ այդպես վերելակների արտադրման ու աղբի վերամշակման գործարաններ էին կառուցում։ Սակայն այդպես էլ ոչ մի գործարան չկառուցեցին։

Օրինակ՝ մինչ այժմ տարբեր միջազգային գործընկերների հետ հանդիպումներ են կայանում, համաձայնագրեր կնքվում, ու թվում է, թե շատ շուտով աղբի վերամշակման գործարանը պետք է իրականություն դառնա։ Բայց կառուցման ժամկետներն անընդհատ հետաձգվում են, իսկ իշխանությունները պարզապես ավելի շատ ձգտում են փիառվել ու ցույց տալ, թե գործընթաց է գնում։ Գուցե ձգձգելն այս տրամաբանությամբ ավելի ձեռնտու է: Ավելին, փիառվելու մարմաջն այնքան մեծ է, որ Փաշինյանը երբեմն «ստիպված է լինում» նորից կատարել արդեն իսկ իբր բացված արտադրամասերի բացումը ու դրա հիման վրա քարոզչական ռեպորտաժներ նկարել։ Կարևորը՝ ցույց տալու բան լինի, կարելի է տարին մեկ նույն բանը բացել:

Ընդհանուր առմամբ, երկրում չի խրախուսվում արտադրությունն այն աստիճանի, ինչպես որ անհրաժեշտ է տնտեսության զարգացումն ապահովելու համար։ Իսկ արտադրությունը խթանելու համար պետք է նախևառաջ զարկ տալ արտահանմանը։ Բայց այս տեսանկյունից տնտեսությունն ուղղակի թողնված է հանգամանքների քմահաճույքին։ Իշխանությունները անցյալ տարի խոստանում էին, թե արտահանումը խթանելու համար գործարկելու են Փոթիի նավահանգստով լաստանավային ճանապարհը։ Մինչև հիմա ցուցադրում են, թե աշխատում են այս ուղղությամբ, բայց ոչ մի արդյունք տեսանելի չէ։ Փաստացի դեպի Ռուսաստան գնացող որևէ այլընտրանքային ճանապարհ չունենք։ Հայաստանի ողջ բեռնահաղորդակցությունը կախված է միայն Լարսի անցակետից, որը եղանակային պայմաններից կախված կարող է փակվել։

Հիմա էլ ընդհանրապես անհասկանալի իրավիճակ է ստեղծվել այս ճանապարհի հետ կապված, կան անհանգստացնող տարբեր տեղեկություններ։ Հաջորդը. այն պարագայում, երբ ժամանակակից տեխնիկական զարգացման պայմաններում հնարավոր է կարճ ժամանակահատվածում մեծ նախագծեր իրականացնել, չեն կարողանում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցը լուծել, և այն շարունակաբար դոփում է տեղում։ Անգամ նշվում է, թե Հայաստանի պատմության մեջ խոշորագույն ավտոմոբիլային այս ճանապարհի կառուցումը կարող է ավարտվել 2030 թվականին։

Իսկ մի քանի տարի հետո արդեն կառուցման ավարտի նոր ժամկետ կնշեն, ու այդպես էլ կառուցումը կարող է անվերջ շարունակվել։ Եթե իրոք ցանկություն լիներ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու գործարաններ կառուցելու, ապա չորս ու կես տարին բավական էր իշխանությունների համար ահռելի չափով աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի արդեն տեսանելի արդյունքներ ունենայինք։ Բայց իշխանությունների համար առաջնայինն իրենց վարկանիշն է, իսկ դրա ճանապարհին իրենք միայն փիառին են «ծանոթ», դրա համար էլ ոչ թե առավելությունը տալիս են խոշոր նախագծերին, այլ տրամադրված են կարճաժամկետ էֆեկտ ունեցող ու աչքի զարնող մի շարք աշխատանքներ կատարել։ Օրինակ՝ ասֆալտ են փռում: Թեկուզ՝ մեծամասամբ անորակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ