08 04 2020

Մի «անմեղ շպրտված» խոսքի պատմություն. Վարչապետը զրպարտու՞մ է

Մի «անմեղ շպրտված» խոսքի պատմություն. Վարչապետը զրպարտու՞մ է

«Ես իմ հրաժարականը տվել եմ ապօրինի զենքի փոխադրումների մասին վարչապետի հայտարարությունից առաջ՝ ապրիլի 4-ին, մի քանի օր առաջ էի ազատման դիմումս ներկայացրել վաչապետին,  և հետևաբար` այդ հայտարարության հիմքերի մասին ոչինչ չգիտեի»,- YerevanToday-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը՝ նշեց ավիացիոն ոլորտի գիտակ Հակոբ Ճաղարյանը, որն ապրիլի 8-ին պաշտոնանկ արվեց հրաժարականի սեփական դիմումի համաձայն։

Վարչապետի՝ արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին հայտնի չեն նախկին իշխանությունների որոշ պաշտոնյաների հետ հանցավոր համաձայնությամբ մեր ավիացիայով ապօրինի զենքի տեղափոխման դրվագներ, և վստահեցնում է, որ ինքը չէ այն մարդը, ով կարող էր հարազատ ոլորտի մասին նման տեղեկություններ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Իմ տեղեկություններով, հայկական գրանցմամբ (իրական լիցենզիայով) օդանավերը երբեք զենք չեն տեղափոխել, ավելին՝ ոչ մի անօրինական գործունեություն չեն ծավալել, բայց ընդգծում եմ՝ իմ տեղեկություններով: Ես այդպիսի տեղեկություն վարչապետին չեմ տրամադրել, ես չեմ տիրապետում այդպիսի տեղեկատվության»,- ընդգծեց ավիացիոն գծով վարչապետին մեկ տարվա խորհրդական եղած պարոն Ճաղարյանը:  

Հիշեցնենք, ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ի պատասխան՝  լայվի ընթացքում արել է հերթական սենսացիոն հայտարարությունն առ այն, որ այսօր հայկական  քաղավիացիայի թռիչքները դեպի Եվրոպա լիցենզիայից զրկելու միջազգային աղմուկ հանած հայտնի դեպքի պատճառը քաղավիացիայի՝ իր նշանակած պետ Տաթևիկ Ռևազյանի անկարողունակությունն ու ձախողումը չէ, այլ նորից նախկիններն են մեղավոր: «Նախկին պաշտոնյաների  հանցավոր անփութության ատճառով  երկրար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան  երկրներում ներգրավված են եղել ապօրինի զենքերի վաճառքի մեջ: Եվ դա կապ է ունեցել հայաստանյան ենթադրաբար կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի առթիվ զանգեր են եղել ՔԱԿ և դրանք թաքցվել են կառավարությունից և կոծկվել են քաղավիացյային պաշտոնայների կողմից՝ ենթադրվող կոռուպցիոն պատճառներով, ինչի արդյունքում տեղի է ունեցել այն, ինչ եղել է այսօր»,- ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս փաստի առնչությամբ արդեն իսկ կան հարուցված քրեական գործեր, թիրախում նախկին պաշտոնյաներն են:

YerevanToday-ն այս հայտարարության հետքերով փորձեց գնալ՝ պարզելու, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ միջազգային աուդիտից է անգամ թաքցվել նման մասշտաբների հանցագործությունն այնպես, որ 2015  թվականին ՀՀ Քաղավիացիան միջազգային բարձրագույն մակարդակում խիստ բարձր գնահատականի է արժանացել: Ի վերջո, այդ ո՞ր պաշտոնյաներն են, որոնք, իբր, ներգրավված են ապօրինի զենքի միջազգային բիզնեսի մեջ ու այդ ծանր հանցանքի մեջ շարոնակել են մնալ նաև իշխանափոխության օրերին ու մատների վրա կարողացել են խաղացնել Փաշինյանի կառավարությանն ու Տաթևիկ Ռևազյանին՝ առանձնապես: Այս հարցադրումների և նախկին իշխանության կոռուպցիոներների հետ կապված հարցով մեր հարցախույզը ՀՀ Գլխավոր դտախազություն, Քննչական կոմիտե և Ազգային անվտանգության ծառայություն անիմաստ դարձավ, քանի որ ԱԱԾ-ում այս հիմքով նյութեր առհասարակ չկան, ՔԿ-ն բոլորովին այլ շեղումների մասով է նախաքննություն սկսել Քաղավիայցիայի գործունեության հետ առնչվող, իսկ ահա Գլխավոր դատախազությունից պաշտոնապես լռում են, թեև մեր աղբյուրը փոխանցեցին, որ վարչապետի սկանդալային հայտարարության հիմքերը, համենայն դեպս, դատախազություն չեն մտել ո՛չ օպերատիվ տվյալների ու ո՛չ էլ բողոքի հիմքերով

ՔԿ-ն նշեց քրեական գործի մասին, որը բոլորովին այլ բնույթ ունի և կանդրադառնանք հաջորդիվ։ «Այլ հոդվածով, այդ թվում՝ 235-րդ  հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին առնչվող քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված չէ»,- հայտնեցին այդ կառույցից: 

Քանի որ 2015 թվականին աուդիտը ցույց է տվել տարածաշրջանում ամենաբարձր արդյունքը, ուրեմն Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կարող է վերաբերել դրանից հետո «զենքի առևտրին»։

2016 թվականին աֆրիկյան ուղղությամբ աշխատելու համար լիցենզիա են ստացել «SKIVA AIR», «SOUTH AIRLINES», «Taron-Avia» ավիաընկերությունները։ 2017 թվականին փոխվել է ցանկը և այդ ու հաջորդ երկու տարիներին թույլտվություն են ստացել «Մարս ավիա» և «Տարոն-Ավիա» ընկերությունները։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գրանցված ընկերություններ ասելով՝ նկատի ունի նշվածներին։ «Տարոն-Ավիա» ընկերությունն արդեն հանդես է եկել հերքմամբ։

Ամենայն հավանականությամբ, դա կանեն նաև մյուսները, քանի որ վարչապետը շեշտում է քրեական գործ հարուցված լինելու մասին, այնինչ նման քրեական գործ չկա։

Ստացվում է՝ սատանայի հետ հաղորդակցության QR  կոդը գտնելու ԱԱԾ ջանքերին շուտով նաև այս ՝ օդում կրակած հայտարարության նկարչությունը կգումարվի, իսկ թե ինչպես և ում պատժելու գնով սրա տակից դուրս կգա  ԱԱԾ նորանշանակ պետ Էդուարդ Մարտիրոսյանը, ժամանակը ցույց կտա: 

Չմոռանանք, որ նույնատիպ անհավասարակշիռ մի հայտարարության համար էլ հանձնառություն ուներ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը․ 2019 թվականի մայիսի 21-ին՝ դատարանների դռները շրջափակելուն ուղղված ուղերձով հանդես գալիս, վարչապետը հանձնարարեց գտնել ներքին դավադրություներ, հողեր հանձնելու մտադրություններ ունեցող քաղաքական խմբերին, և ինչպես սպասվում էր, ԱԱԾ-ն այդպես էլ չգտավ որևէ դավադրի: 

Հետո հանձնարարեց վարչապետին քննադատողներին կանչել ԱԱԾ, և թիրախում հայտնվեց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, որը հրապարակավ անտեսեց ԱԱԾ հրավերը։ Մյուս սևեռուն հարվածը Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին էր ուղղված, որի մեքենան խուզարկելու փորձ արեցին Երևանում:

Մեկ այլ դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը Սյունիքը հռչակեց նարկոթրաֆիկի միջազգային կենտրոն։ Հիմա էլ՝ խնդրեմ, Հայաստանը զենք է վաճառում, հավանաբար՝ ահաբեկիչներին։ 

Կարո՞ղ եք գտնել աշխարհում մեկ այլ ղեկավար, որն ամենօրյա հաճախականությամբ իր երկիրը վարկաբեկող տվյալներ կհրամցնի աշխարհին և որ ամենացավալին է՝ սուտ տվյալներ։

Վարչապետն իբր փորձ արեց պարտակել իր նշանակած կադրի արձանագրած աղմկոտ ձախողումը, մինչդեռ արդյունքում ստացվեց մինչև կոկորդներս թաղված սկանդալ։ 

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Իր հրաժարականի հիմքերի ու վարչապետի հետ ձախողած համագործակցության մասին պարոն Ճաղարյանը խոստացավ ասուլիսով հանդես գալ՝ նշելով միայն. «Վստահաբար, բոլորն անհանգստացած են երկրի քաղավիացիայի կարգավիճակով, այնտեղ տիրող մթնոլորտով և ոլորտի  ճակատագրով, բայց ես նախընտրում եմ իմ հրաժարականի մասին առանձին հարցազրույց-պարզաբանումներ չտալ, փոխարենը կխոսեմ այն ամենի մասին, ինչ կատարվում է այսօր Քաղավիացիայում հրապարակայնորեն՝ ասուլիսի ֆորմատով առնվազն երկու օրից, որպեսզի ասելիքս անուղղաիկորեն չծառայի  քաղաքական խմբերի շահերին: Իսկ իմ և վարչապետի միջև եղած գրագրությունը չեմ հրապարակայնացնի, դա էթիկապես ճիշտ չէ, ես այդ մարդը չեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ