06 04 2020

Տնտեսության մասին Փաշինյանի խոսքն ուղղված է նրանց, ում գիտելիքներն իրենից քիչ են

Տնտեսության մասին Փաշինյանի խոսքն ուղղված է նրանց, ում գիտելիքներն իրենից քիչ են

Թվում էր, թե կորոնավիրուսը փրկելու էր Նիկոլ Փաշինյանին երկու տարի առաջ տված անիրատեսական խոստումները կատարելուց։ Վարակի վրա կարելի էր «դուրս գրել» սպասվող ճգնաժամը տնտեսության մեջ և մարդկանց սոցիալական վիճակի կտրուկ վատթարացումը։ Անցած երկու տարիների ընթացքում նա ամեն կերպ փորձեց իր ապաշնորհ կառավարման հետևանքները ներկայացնել որպես նվաճում, բայց 2018 թ․-ին տնտեսական աճի տեմպի կրկնակի նվազումը տարեվերջին և մեքենաների ներմուծման ու խաղային բիզնեսի շնորհիվ 2019 թ․-ին արձանագրված փոքր տնտեսական աճը փաստում են հակառակի մասին։ Այս տարի վերոնշյալ երկու գործոնները այլևս չկան, և առանց կորոնավիրուսի էլ, այս տարվա տնտեսական հետընթացը Հայաստանում անկասելի էր լինելու։ Այդ մասին հանգամանորեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը չի դադարում պարբերաբար թարմացնել պոպուլիզմի և ստախոսության իր ռեկորդները։ Վերջերս իր հարցազրույցներից մեկում նա հետևյալն էր ասել․ «Աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ այդքան տեղ է ազատվելու, և պետք է այսօրվանից տրամադրվենք, որ այդ ազատված տեղից առնվազն 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի առաջիկա 5 տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ խնդիր ենք դրել զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը»։ 

Այն, որ երկրի վարչապետ դարձած անձը հերթական անգամ ցույց տվեց տնտեսության մասին իր գիտելիքների բացակայությունը, մի կողմ դնենք։ Այլապես, թեկուզ մեկ հիմնավորում կարող էր բերել իր որպես ապացույց իր ասածի։ Չասվեց նաև, թե ինչի՞ հիման վրա և ի՞նչ ապրանքներով է Հայաստանը արտահանման նման թռիչքային աճ ունենալու։ Ի՞նչ ներդրումային ծրագրեր են իրականացվել, որոնք պետք է հնարավորություն  տան դա իրագործելու համար։ Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին Հայաստանում ներդրումները նվազել են և մնացել նվազած ցուցանիշների վրա։ Դրան նույնպես անդրադարձել ենք մեր հրապարակմամբ:Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, ինչպես երկու տարի առաջ, այս անգամ նույնպես խոսքն ուղղել է բացառապես իր «հպարտներին», որոնք առանձնապես չեն հասկանում արտահանումից, ներդրումներից և ընդհանրապես տնտեսությունից և որոնց գիտելիքների ու կրթվածության մակարդակը ավելի ցածր է, քան իրենց «թավշյա» վարչապետինը։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ միայն կորոնավիրուսն էր պակաս իրագործելու համար այդպես էլ չիրագործվող այսպես կոչված «տնտեսական հեղափոխությունը», որի էությունը, թերևս, ինքն էլ չէր պատկերացնում թե որն է։

Հիմա փաստարկներով ներկայացնենք, որ 5 տարում Հայաստանից արտահանման ծավալները 30 մլրդ դոլարի հասցնելը դատարկաբանություն է։

1․ Վերջին 20 տարում՝ 2000-2019 թվականներին, երբ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն վերակագնվեց 90-ականների փլուզումից, երբ 2000-ականներին ունեցանք միջին տարեկան 13 տոկոսանոց տնտեսական աճ, Հայաստանից արտահանումը այդ ամբողջ ընթացքում միասին վերցրած կազմել է մոտ 24 մլրդ դոլար։ Ընդ որում, այդ ցուցանիշին հասել ենք 2000 թ․-ի մոտ 300 մլն դոլար արտահանման վիճակից։ 

2․ Հինգ տարի հետո արտահանման 30 մլրդ դոլար ցուցանիշ ունենալու համար, 2019 թ․-ին  2,6 մլրդ դոլար կազմած արտահանումը պետք է ավելանա ․․․ 11-12 անգամ։ Սա պարզապես ուտոպիա է, իսկ արտահանման ծավալներն արդեն այս տարի նվազելու են։ Պատրաստի ապրանքի արտահանումը դեպի մեր հիմնական շուկա Ռուսաստան նվազելու է նավթի գների, ռուսական ռուբլու փոխարժեքի անկման և բնակչության գնողունակության նվազման պատճառով, իսկ հումքային արտադրանքի՝ պղնձի արտահանումից էլ ստացվող գումարը նվազելու դրանց գնի՝ վերջին երկու ամսվա ընթացքում մոտ 20 տոկոսով նվազման պատճառով։ 

3․ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2019 թ․-ին կազմել է մոտ 13,5 մլրդ դոլար է։ Նույն տարվա 2,6 մլրդ դոլար արտահանումը դրա գրեթե 20 տոկոսն է։ Այսինքն, ՀՆԱ/արտահանում այս հարաբերակցության պայմաններում 30 մլրդ դոլարի արտահանում ունենալու համար մեր ՀՆԱ-ն հինգ տարի հետո պետք է կազմի ․․․ մոտ 150 մլրդ դոլար։ Դա նախորդից ավելի մեծ ուտոպիա է։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին 140 մլրդ դոլար ՀՆԱ ցուցանիշ ունեցել է աշխարհի հարուստ երկրներից մեկը ՝ Քուվեյթը, որի բնակչությունը նույնպես գրեթե 3 մլն է։ Նիկոլ Փաշինյանը չի ասում, թե մենք ինչի՞ շնորհիվ և ի՞նչ միջոցներով ենք հասնելու նավթային Քուվեյթի ցուցանիշներին և բարեկեցիկ կյանքին։ Արդյունքում, նրա ասածներին պետք է վերաբերվել այնպես, ինչպես Օստապ Բենդերի պատմությանը Նոր Վասյուկիի մասին, այսինքն՝ հումորով։

Արա Մարտիրոսյան 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ