02 04 2020

Արմեն Սարգսյանի խոսքերի պերճանքն ու փաստերի թշվառությունը

Արմեն Սարգսյանի խոսքերի պերճանքն ու փաստերի թշվառությունը

Ապրիլի 2-ին լրանում է ապրիլյան պատերազմի չորրորդ տարին: Այսօր պետական բարձրաստիճան այրերն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: 

Մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն: Եվ ահա Գոռ Դարմանյանն ու Լիպարիտ Մելքոնյանն այս նախաձեռնության շրջանակներում են անցել աշխատանքի նախագահականում: 

Իսկ նախորդ տարի Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցել Արցախում: Նա Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել էր Թալիշ գյուղ, ապա հանդիպել 2016–ի ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ։

«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջև նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները,– ասել էր Սարգսյանը,– եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաև լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարևոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»։

Նույն ոգով և տրամաբանությամբ է ՀՀ նախագահը նախորդ երկու տարիներին շնորհավորել Հայոց բանակի կազմավորման օրը: Հատկանշանական էր հատկապես այս տարվա ուղերձը. «Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։ Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ»։

ՀՀ նախագահը իրավացի է, բանակը մեր հարազատն է, մեր ընտանիքներից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ կապված է բանակի հետ: Բայց հետաքրքիր է, թե հատկապես Արմեն Սարգսյանի ընտանիքը ինչպես է կապված եղել բանակի հետ: Սարգսյանի նախագահ դառնալուց հետո նրա քաղաքացիությունից հետո ամենաշատ քննարկված հարցը կապված էր որդիների բանակում ծառայած լինելու հետ: Տարբեր հարցումներով ի վերջո լրատվական միջոցներին հաջողվեց ստանալ ինֆորմացիա այն մասին, որ Արմեն Սարգսյանի կրտսեր որդին`Հայկ Սարգսյանն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից ակադեմիական տարկետման հիմքով, Վարդան Սարգսյանը՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Այժմ Արմեն Սարգսյանի որդիները երկքաղաքացի են՝ ունեն և՛ ՀՀ, և՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Անհայտ է՝ Արմեն Սարգսյանն առհասարակ բանակում ծառայե՞լ է, թե՝ ոչ: 

Վստահաբար, նրանցից առնվազն մեկը, ցանկության դեպքում կարող էր ծառայել հայոց բանակում, կարող էր, բայց չի ծառայել: Բացի այդ, հատկապես ապրիլյանի օրերին մենք ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ շատ սփյուռքահայեր իրենց ապահով հեռուներից եկան հայրենիքի կողքին լինելու, բանակին որևէ կերպ օգնելու, որպես կամավոր առաջնագիծ մեկնելու: Որևէ կերպ միտում չունենք մեղադրելու որևէ կերպ մասնակցություն չունեցածած մեր հայրենակիցներին, պարզապես շատ հաճախ, բազմաթիվ բառերի փոխարեն, որքան էլ դրանք գեղեցիկ, վերամբարձ և համամարդկային լինեն, սեփական մեկ արարքն ավելի խոսուն է: Դա վկայություն է և ապացույց` առանց ավելորդ աղմուկի: Նախագահի դեպքում սեփական օրինակով ցույց տալը պարտադիր է, անգամ եթե օրենքով սահմանված չէ։ 

Վերջին ժամանակներում, շատ ենք սիրում համեմատվել Իսրայել պետության հետ, օրինակ ենք բերում, թե ոնց է կարողանում մեզ պես փոքր երկիր լինելով, շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված հարևաններով, կազմակերպվել, լինել ուժեղ և հզոր։ Իսրայելից մեկ օրինակ ևս կարելի է վերցնել․ այնտեղ եթե դու կամ որդիներդ որևէ կերպ խուսափել եք զինվորական ծառայությունից, քեզ ոչ միայն չեն թողնի երկրի ղեկավար պաշտոնին հայտնվես, անգամ հեռադիտակով չես կարող վարչապետի առանձնասենյանկին դիտել։

Հետաքրքրական է նաև, որ դեռևս ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Սարգսյանը խոսելով այն մասին, թե ինչու է համաձայնել առաջադրվել այդ պաշտոնում, ասել է. «Գործոնները շատ են՝ սկսած մեծ պատասխանատվությունից, որը դրվեց իմ առջև, որին ոչ ասելն ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ»:

Իսկ թե ինչքանով է բարոյական առհասարակ խոսել դասալքությունից, Արմեն Սարգսյանի դեպքում, դա թողնենք առանց մեկնաբանության: Ի դեպ, ՀՀ չորս նախագահներից Արմեն Սարգսյանը միակն է, ում որդիները չեն ծառայել հայոց բանակում:

Հ․Գ․ Մեկ օր, երբ մեր պետությունը կունենա իրոք նորմալ իշխանություն, հուսով ենք՝ կնախաձեռնի և Սահմանադրության մեջ կամրագրի, որ երկրի առաջնորդ չի կարող ընտրվել այն անձը, ով չի ծառայել բանակում, իսկ որդիներն այս կամ այն կերպ ազատվել են պարտադիր զինծառայությունից։  

Հ․Գ․ 2․ Շատ է խոսվել նաև այն մասին, որ զինծառայությունից խուսափել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ է նաև այն, որ նրա՝ 2016 թվականին կազմած «ջոկատը» թեև ապրիլյան պատերազմին օժանդակության համար էր, սակայն ընդամենը մայիս ամսին գնաց ինչ-որ մարզումների։ 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ