02 04 2020

Ինչպե՞ս կփոխվի գազի սակագինը և ի՞նչ հետևանք կունենա

Ինչպե՞ս կփոխվի գազի սակագինը և ի՞նչ հետևանք կունենա

Մինչ մեր իշխանության որոշ ներկայացուցիչներ նամակներ են հղում Ռուսաստանին գազի գնի շուրջ նոր բանակցություններ սկսելու համար, հույս փայփայելով կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի՝ գազի գինը իջեցնելու խոստումը, «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն տարածեց այն մասին, որ դիմելու է  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հայտով։ Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում գազամատակարար ընկերությունը հուլիսի 1-ից (1 խմ հաշվարկով)։

1․ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 100 դրամից դարձնել 135,9 դրան։ Այսինքն, բարձրացնել 35,9 դրամով։

2․ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, որոնք ընդգրկված չեն սոցիալական նպաստների համակարգում, այսինքն բնակչությանը վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 139 դրամից դարձնել 135,9 դրամ։ Այսինքն, իջեցնել 3,1 դրամով։

Պարզաբանելու համար այս փոփոխությունները, նախ՝ հիշեցնենք, որ վերջին անգամ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման՝ տվյալ դեպքում նվազեցման հայտով դիմել էր 2016 թ․-ին։ Ըստ ընկերության առաջարկի, 146,7 դրամի փոխարեն Հայաստանին մատակարարվող գազի սակագնիը 2017 թ․-ի հունվարից դարձավ 139 դրամ։  Բացի դրանից, նույն դիմումի մեջ «Գազպրոմ Արմենիան» առաջին անգամ տարբերակված մոտեցում սահմանեց երեք խումբ սպառողների համար։

Այդ խմբերից առաջինը հենց սոցիալապես անապահով խավն էր, որին մատարարակվող գազի սակագինը 2017 թ․-ի հունվարից դարձավ 100 դրամ։ Եթե մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետական բյուջեից էր փոխհատուցում սոցիալապես անապահով խավին մատակարարվող գազի գնի տարբերությունը, ապա վերոնշյալ առաջարկով դա իր վրա վերցրեց «Գազմպորմ Արմենիան»։ Ռուսական կողմի այդ, ինչպես նաև սակագնի նվազման առաջարկն ու ջերմոցային տնտեսություններին ու վերամշակող ձեռնարկություններին  ավելի ցածր գնի շուրջ համաձայնեցման որոշումը Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյան ջանքերի արդյունքն էր։   

Այժմ ռուսական կողմը աներկբա ցույց է տալիս, որ այլև իր վրա չի վերցնելու սուբսդիավորման ենթակա խավին ավելի ցածր գնով գազ մատակարարելու ծախսը՝ միասնական սակագին սահմանելով բոլորի համար։ Ամենայն հավանականությամբ՝ սոցիալապես անապահով մոտ 100 հազար ընտանիքների սակագնի 35,9 դրամ թանկացնելը և մնացած մոտ 650 հազար ընտանիքների համար 3,1 դրամով էժանացնելը հավասարակշռում են ընկերության ստացվող եկամուտները։

Եթե բնակչության համար մատակարարվող գազի սակագնի փոփոխման փոխզիջումային տարբերակ է առաջարկվում, ապա արտոնյալ գազի սակագնով գործող երկրորդ և երրրորդ տարբերակված սպառողական խմբերի՝ ջերմոցային տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների համար ռուսական կողմը միանշանակ առաջարկում է բարձրացնել սակագինը։ Բանաձևով հաշվարկվող 212 դոլար 1000 խմ համար սակագնի փոխարեն այստեղ առաջարկվում է 283 դոլար 1000 խմ համար սակագինը։ Սա նշանակում է, որ մեր ջերմոցներին և սննդարդյունաբերությանը մատակարավող գազի գինը բարձրանում ավելի քան մեկ երրորդով, քանի որ դոլարի բացի սակագնի բարձրացումից, բարձրանում է նաև դոլարի փոխարժեքը։ Արդյունքում, հայկական գյուղմթերքների և սննդամթերքի գները կբարձրանան։ Հայկական ապրանքների ինքնարժեքի բարձրացումը կբերի ներմուծվող համանման ապրանքների դիրքերի բարելավմանը մեր ներքին շուկայում, հայկական արտադրությունների վիճակի վատթարացմանը՝ դրանից բխող տնտեսական և սոցիալական բացասական հետևանքներով։

Ամփոփելով վերոնշյալը, արձանագրենք հետևյալ իրողությունները․

1․ Հայ-ռուսական հարաբերությունները, հակառակ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, մեղմ ասած, փայլուն չեն։ Եթե փայլուն լինեին, մենք կունենայինք գազի սակագնային այլ առաջարկներ՝ ինչպես օրինակ ունեցանք 2016 թվականին։

2․ Մենք ինքներս ենք մեղավոր ստեղծված իրավիճակում, քանի որ նախընտրեցինք, այսպես կոչված՝ «թավշյա» հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանի «լավ ա լինելու» դատարկ խոստումները, տվյալ դեպքում գազի՝ իրականում լավ սակագներից։ 

3․ Գազի նոր սակագների հաստատման պարագայում, մի կողմից կունենանք տնտեսության, մասանավորապես՝ արդյունաբերության և գյուղատնտեսության վիճակի վատթարացում, մյուս կողմից՝ հավելյալ բեռ պետական բյուջեի համար։ Եթե կառավարությունը չֆինանսավորի գազի սակագնի՝ մինչ այժմ ռուսական կողմից սուբսիդավորվող տարբերությունը Հայաստանի ոցիալապես անապահով խավի համար, ապա այդ խավի կողմից սոցիալական լուրջ դժգոհությունների կառաջանան։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ