26 03 2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով

Արարատի մարզում կորոնավիրուսի օջախ է ձևավորվում:  Արդեն գրել էինք, որ այստեղ վարակի օջախ են հանդիսացել այն մի քանի կանայք, որոնք կորոնավիրուսով հայտնի դարձած երևանյան կարի ֆաբրիկայից են վիրուսը իրենց հետ տեղափոխել հարազատ բնակավայր։ Ուշագրավ է, սակայն, Արտաշատից դեպի Վեդի քաղաք ու Արարատ տանող գյուղերի վարակման նախապատմությունը։  

Առաջին վիրուսակիրը այստեղ հղի կին է եղել, ում միջոցով, ըստ ամենայնի, ձևավորվել է Վեդիում վարակի օջախը, ըստ որում՝ ծննդատան միջոցով։  

Առաջին փաստարկված դեպքը նա է եղել։ Վեդուն կից գյուղում բնակվող հղի կնոջը մասնագետները հասկացրել են, որ երևանյան ֆաբրիկայում աշխատելու պատճառով ինքն արդեն իսկ ռիսկային վիճակում է, պարտադիր պետք է ինքնամեկուսանա։ Կոնտակտավոր հղին առաջին մի քանի օրը հետևել է բժշկի ցուցումներին, և մի քանի օր տեսնելով որ չի ջերմում, որոշել է դուրս գալ կարանտինից։ Ինքնմեկուսացման 4-րդ օրը  անհրաժեշտության բերումով, թե ձանձրույթից դրդված, գնացել է Վեդու ծննդատուն, որպեսզի հերթական կոնսուլտացիան անցնի: Հենց այնտեղ էլ, փաստորեն, իր կամքից անկախ, վարակել է առաջինը հենց հերթապահ բժշկուհուն։

Ասում են՝ իբր հետո բուժքույրն է վարակվել, ու այս դեպքերից հետո Երևան են տարվել  մի շարք կոնտակտավորներ: Այսօր հղին, ընտանյոք հանդերձ, իր միջոցով կոնտակտավոր դարձածների հետ հանգատյան գոտիներից մեկի մեկուսարանում են։ Վիճակը լավ է, ըստ աղբյուրի, բոլոր վեդեցիների մոտ, նրանք չեն ջերմում, վերջնական հաստատող կամ հերքող թեստին են ապասում՝ առնվազն եկող շաբաթվա վերջին։

Առողջապահության նախարարը, իհարկե, զգուշանում է հղի վարակակիրների մասով խիստ որոշակի  քոմենթներ անել։ Միակ բանը, որ ընդգծեց՝ մինչ այժմ այս ռիսկային խմբի մասով միջազգային մամուլի լռությունն է, թեև չկան լուրջ հետևանքով դեպքեր։

Վեդիում ու հարակից գյուղերում Yerevan․Today-ին հայտնի դարձած մյուս դեպքերով երիտասարդ և միջին տարիքի տղաներ են վարակված։ Երկու կորոնավիրուսով վարակված դեպք էլ տափերականցիների շրջանում է հաստատվել, Լուսառատ գյուղում: 

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններից ելնելով, Վեդու ԲԿ-ի առաջին հարկից հանվել է մանկական բաժանմունքը։ Փոխարենն ինֆեկցիոն բաժանմունք է ձևավորվել՝ անհրաժեշտ գույքով և տեխնիկայով:  

Մի կողմ թողնենք մասնագիտական կարծիքներն ու կոշտ քննադատություները, որ պարտավոր էին ինֆեկցիոն բաժանմունքը տեղակայել առանձին շենքում, այլ ոչ թե հիվանդանոցի առաջին հարկում՝ զուտ այն պատճառով, որպեսզի չունենար մյուս բոլոր բաժանմունքների հետ մեկ ընդհանուր գլխավոր մուտք: Ստացվում է՝ ինֆեկցիոնի տեղակայումն այստեղ խոցելի է դարձնում այն բոլոր ելումուտ անող հիվանդներին ու հիվանդատեսներին, որոնք ուզեն թե չուզեն՝ անցնելու են ինֆեկցիոնի ընդհանուր մուտքով․ իսկ կկարողանա՞ն խուսափել օդակաթիլային վարակից, դժվար է ասել:

Նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի մյուս առավել խնդրահարույց վիճակը մասնագետի սովն է մարզում: Բանն այն է, որ պատշաճ կահավորած ու վերազինած ինֆեկցիոն բաժանմունքը պանդեմիայի դեմ պայքարում մնալու է ընդամենը մեկ թոշակի տարիքի հակահամաճարակաբան բժշկուհու հույսին, ընդ որում՝ այն միակի, ով համատեղությամբ աշխատում և սպասարկում է նաև Արմաշի հոգեբուժական կենտրոնը, Մասիսի ԲԿ-ն, Վեդու ծննդատունը, Արարատի ԲԿ-ն և Վեդու ԲԿ-ն միաժամանակ:  

Ստացվում է՝ հակահամաճարակաբան Գյուլնարա Իսկանդարյանը ոչ միայն նորաստեղծ ինֆեկցիոն բաժանմունքի միակ մասնագետն է լինելու, ում վրա պիտի հենվի մի ամբողջ 95 գյուղի բնակչություն, այլև նա միակ սպասարկող հակահամաճարակաբանն է՝ ողջ մարզի ԲԿ-ների համար, այսինքն նրա ուսերին է ամբողջ Արարատի մարզը՝ ձգվելով մինչև Վայոց ձորի գյուղական համայնքներ և մյուս կողմից՝ Վեդուց մինչև Արտաշատի գյուղական համայնքներ:

Մարզի մյուս որակյալ մասնագետին՝ Նաիրա Զիրոյային, ով ի դեպ երիտասարդ կադր է ու բազմապրոֆիլ վերապատրաստված, ազատել են Վեդու ԲԿ-ից միայն այն պատճառով, որ հեղափոխական մարզպետին դուր չի եկել նրա՝ նախկինների հետ ունեցած շփումները։ Իսկ այսօր հակահամաճարակաբան Նաիրան իր մասնագիտական պարտականությունները կատարում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում՝ որպես հրավիրված մասնագետ:

Նշենք, որ Հայաստանում համաճարակաբանների թիվը շատ փոքր է՝ ընդամենը 63։

Ի դեպ, Վեդու ծննդատան գործադիր տնօրեն, բժիշկ Վաչիկ Մաթևոսյանը պնդում է, որ մեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

«Հազար-հազար բաներ եք գրել, որոնք բացարձակ իրականությանը չեն համապատասխանում։ Ժողովուրդը շատ դժգոհ է, զանգում են ինձ։ Գրել եք՝ բժիշկները գտնվում են արդեն հանգստյան գոտում։ Բոլոր բժիշկներն առողջ են, ոչ մի բժիշկ, բուժքույր չի ջերմում, էդ հիվանդին տեսել են 15-20 րոպե»,- նշեց նա։

Ճշտող հարցին՝ հղին վարակվել է, իսկ բժիշկները՝ ո՞չ, բժիշկ Մաթևոսյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ինքը վարակվել է, թե չէ, ես ոչ մի փաստ չունեմ, իսկ իմ բժիշկները և բուժքույրերը լրիվ առողջ են 100 տոկոսանոց։

Հիմա ժողովուրդ կա լարված, ինձ բոլոր տեղերից զանգում են, ասում են՝ սրա պատասխանը ո՞վ ա տալու։ Իմ հիվանդները զանգում ասում են՝ գա՞նք ծննդատուն, թե՞ չէ։ Ասում են՝ ծննդատունը վարակի աղբյուր է։ Ծննդատունը սովորական ինքն իր աշխատանքն է կատարում։ Շտաբից են զանգահարել, հիվանդությունների կանխարգելման կենտրոնից են զանգահարել, վարչության պետն ա զանգել, ասում եմ՝ ես տեղյակ չեմ, չգիտեմ։ Մենք գիշեր-ցերեկ չենք քնում հանուն հիվանդների, հանուն ժողովրդի»,-  եզրափակեց Վաչիկ Մաթևոսյանը։

 

Սյուզի Բադոյան 

Խմբագրության կողմից. Մեր աղբյուրները պնդում են տեղեկատվության հավաստիությունը, սակայն չթիրախավորելու համար, անուններ չենք հրապարակում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ