18  03  2020

Վարչապետը ուրիշի գրպանի՞ն է նայում

Վարչապետը ուրիշի գրպանի՞ն է նայում

Պարգևավճարների թեման հանգիստ չի տալիս ընդդիմադիրներին․ մարտի 11-ին Սյունիքում քարոզարշավի ժամանակ ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց ստացվում է հակառակը, նա բոլոր պատեհ-անպատեհ առիթներն օգտագործում է՝ մարդկանց համոզելու համար, որ դա շատ լավ բան է, ինքը դրական քայլ է արել: Տպավորություն է ստեղծվում, որ այնքան է ուզում դա կրկնել, մինչև ինքն էլ կհավատա դրան:

Մասնավորապես, քարոզարշավի ժամանակ, նորից անդրադառնալով թեմային, նա ասաց. «Ուզում են ցույց տան, որ կառավարությունը օրինական ձևով պարգևավճարներով թալանում ա պետական բյուջեն: Բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար ստանում են իմ անձնական որոշմամբ, բայց ես վարչապետ լինելու օրվանից մի կոպեկ պարգևավճար չեմ ստացել: Ես ուրիշներին եմ նշանակել, ինչու, որպեսզի էդ նախարարները, փոխնախարարները, կենտրոնանան իրենց գործի վրա և ժողովրդի համար ապահովեն արդյունքներ:

Եվ ես այդ որոշումը ճիշտ եմ համարում, խնդրում եմ ձեզ աջակցել այդ որոշումը, որովհետև մենք պետք է իմանանք, բացառենք մի իրավիճակ, որ պետական կառավարման համակարգում աշխատում են միայն մարդիկ, ում աչքը ուրիշների գրպանինա, կամ էլ չունեն բավարար պրոֆեսիոնալ մակարդակ: Այո, վճարում ենք և ես բոլոր նախարարներից պահանջելու եմ խիստ արդյունավետություն, բոլորից առանց բացառության, ով արդյունավետ չեղավ, հանգիստ խղճով իրան ուղարկելու եմ իրա գործին»:

Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից գուցե վարչապետը ճիշտ է, պետական ապարատը պետք է գրավիչ լինի պրոֆեսիոնալների համար, բայց համաձայնելու համար պետք է թեթև ամնեզիա ունենալ, որովհետև այս թեմայի հետ կապված նա տարբեր մտքեր է արտահայտել:

Նախ նոր կառավարության իսկ օրինակով արդեն ապացուցվել է, որ բարձր աշխատավարձը ո՛չ լավ արդյունքի հետ կապ ունի, ոչ էլ, առավել ևս, կոռուպցիան կանխարգելելու: Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՊՎԾ ղեկավարի, տարբեր փոխնախարարների և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի դեպքերը վկա: Բացի այդ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, անփորձ և երիտասարդ կադրերի նշանակումը քննադատողների միակ բարձրագոչ պատասխանը հետևյալն էր՝ նրանք անփորձ են, բայց ազնիվ են, կոռուպցիայի մեջ չեն մտնի: Հետաքրքիր է՝ մի քանի ամսում ի՞նչ փոխվեց, որ դուք սկսեցիք կասկածել, թե այդ՝ ոչ ցածր աշխատավարձը մղում է կաշառքի։

Հիշողության հետ խնդիր չունեցողները նաև կհիշեն, թե ինչպես էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հպարտորեն հայտարարում, որ իրենք բազմակի բարձր աշխատավարձը թողել են, եկել ծառայելու ժողովրդին: Պարզապես արձանագրենք, որ այս պահին մենք ունենք մոտ մեկ ուկես միլիոն ստացող ժոողովրդի ծառաներ:

Եվ, վերջապես, երբ Փաշինյանն ասում է, որ պարգևավճարները պետք են, որ աչքները ուրիշների գրպանին չլինի, բայց միևնույն ժամանակ ասում է, որ ինքը երբեք պարգևավճար չի ստացել վարչապետի պաշտոնում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բացի իրենից, բոլորը պոտենցիալ գայթակղվողներ են, բացի իրենից: Ի դեպ, կորոնավիրուսի դեպքերի հետ կապված, նույն զուգահեռը կարելի է նկատել․ մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց կորոնավիրուսի թվերը ճշգրիտ են ասում՝ իր էջում հռետորական հարց է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինքն ամենաազնիվն է, մյուսները, չգիտես ինչու, ո՞չ: Իսկ մի՞ թե անազնիվ չէ, երբ «ամենաազնիվը» հրապարակայնորեն մյուսներին կասկածում է անազնվության մեջ:

Քանի որ երկրի վարչապետն իրեն թույլ է տալիս նախնական կանխավարկած ունենալ բոլորի անազնիվ լինելու հետ կապված, մենք էլ հարցին մոտենանք այդ տեսանկյունից․ փաստ է՝ վարչապետ դառնալուց հետո էականորեն փոխվել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի սոցիալական վիճակը, ապրելակերպը: Երկրի վարչապետն է, կասեք դուք․ չենք վիճի, իհարկե, բայց երկրի վարչապետի ոչ բոլոր ծախսերն է հոգում պետությունը: Արդյո՞ք իր աշխատավարձը բավարարում է նման շռայլ ծախսերին, թե՞ այլ ճանապարհներով է գումար ստանում: Կարծում ենք՝ բոլորին կասկածող վարչապետին այս հարցում գոնե կասկածելու իրավունք ունենք: Եթե դու բարձրացնում ես նախարարների եկամուտը, որ ուրիշի գրպանին չնայեն, բայց քոնը թողնում ես նույնը, ստացվում է՝ դու նայում ես կամ շարունակում ես նայել ուրիշի գրպանին։ Սա, հիշեցնենք, վարչապետի տրամաբանությունն է։ Գուցե ծրարով ու ճամպրուկներով փող ստանալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բնավ էլ սուտ չեն, չէ՞ որ այդ հայտարարություններից հետո որևէ բացահայտում չեղավ, թե այսինչը այնինչին բերել և ճամպրուկով հանձնել է այսքան գումար։

Ստացվում է՝ կամ վարչապետը ստում էր, չի եղել նման բան, կամ ինչ եղել է, շարունակվում է։ Պարզապես ստացողներն են փոխվել։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ