20 02 2020

«Հների» ծառայություններից ամենաշատ օգտվողը

«Հների» ծառայություններից ամենաշատ օգտվողը

Հարց ենք տալիս՝ ՍԴ-ն ի՞նչ է արել, որ ուզում եք ազատվել, Նիկոլ Փաշինյանը (թիմակիցները՝ նրա հետ միասին) ասում է՝ վստահություն չի վայելում։ Հետո միջազգային կազմակերպությունը հարցում է հրապարակում, որ արդարադատության համակարգից ամենամեծ վստահությունը վայելում է ՍԴ-ն։ Ասում ենք՝ վստահությունը կարծես մեծ է, պատասխանում են՝ բայց ճգնաժամ կա։ Ասում ենք՝ ՍԴ-ն կանոնավոր նիստեր է անում, ուղիղ եթերով էլ նկարահանվում է, և տեսնում ենք, որ ընդամենը մեկ դատավոր է բացակայում, որն էլ Նիկոլ Փաշինյանի հովանավորչությունը վայելող Վահե Գրիգորյանն է։ Ճգնաժամ չկա, այլ բան մտածեք, որովհետև այս փաստարկները չեն անցնում։ Վարչապետն ասուլիսում ասում է, թե՝ շատ գործուղումների են գնում, բյուջեն քամուն են տալիս։ Հետո պարզվում է, որ ամենաքիչ գործուղման գնացած պաշտոնյան Հրայր Թովմասյանն է՝ ընդամենը երկու անգամ՝ մեկ տարվա ընթացքում, ի տարբերություն, օրինակ, զբոսաշրջիկ նախագահի, որը 250 հազար դոլարի գործուղվել է, կամ նույն ՍԴ (չ)գործող դատավոր Վահե Գրիգորյանի, որ մի քանի անգամ գնացել է գործուղման և ընդհնրապես, նրա վրա ծախսված ամեն մի լուման անօգուտ է։ Իշխանության բերած այս փաստարկներն էլ չեն աշխատում, և բերում են վերջին բանը, որից, իրենց կարծիքով, հնարավոր է կառչել՝ նախկինների ժամանակ է ընտրվել, նախկինների հետ չենք ցանկանում աշխատել։

Բայց թվարկածներից ամենամեծ խնդիրը հենց սրա հետ է կապված։

ՍԴ-ն էլ է հնի ժամանակ ստեղծվել, գուցե քանդե՞նք ՍԴ-ն, ֆինանսների նախարարությունն էլ, ԱԳ նախարարությունն էլ, պետական համակարգն էլ ամբողջությամբ, ինչպես արվեց գյուղնախարարության, մշակույթի նախարարության և այլ կառույցների պարագայում։

Ախ, դուք պաշտոնյաների՞ն նկատի ունեք։ Իսկ Դավիթ Տոնոյա՞նը, Ֆելիքս Ցոլակյա՞նը, Ատոմ Ջանջուղազյա՞նը, Արթուր Ջավադյա՞նը, Տիգրան Խաչատրյա՞նը, Ստեփան Մնացականյա՞նը, Արթուր Դավթյա՞նը, Տիգրան Մուկուչյա՞նը և շատ մյուսնե՞րը։ Թվարկած վերջին երեքը, մանավանդ, թեև հնի ժամանակ են կարիերայի զարգացում ապրել, ժամանակին ձեր կողմից արժանացել խիստ գնահատականների, բայց հիմա նրանք հո ամենանորից էլ արդյունավետ են աշխատում ա՛յս իշխանության համար։ Ձեզ համար։ Արթուր Դավթյանն առանց խնդրի, կարողացավ ամբողջությամբ շեղվել դատախազության՝ երկու տարի առաջ հայտնած տեսակետից։ Մնացական Մարտիրոսյանի վիճակագրական թվերը կարողանում են հրաշքներ գործել, ու մենք 7․6 տոկոսանոց տնտեսական աճ ենք տեսնում։ Բայց միայն էկրաններից։ Թոշակառուն էլ, ուսուցիչն էլ, զինվորականն էլ, բոլորն էլ նույն վիճակում են, ինչ էին 2018 թվականի մայիսի 8-ին։ Տիգրան Մուկուչյանն էլ փառավորապես հանձնել է արդեն մի կարևոր քննություն Նիկոլ Փաշինյանի համար՝ ապահովելով հայտնի ու անհայտ, խելացի ու անգրագետ, պրոֆեսիոնալ ու դիլետանտ 88 հոգու մուտք ԱԺ և ևս մի քանի տասնյակի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ։

Տիգրան Մուկուչյանն այլևս հին չէ՞, Նիկոլ Փաշինյանի անեկդոտը նրա մասին մոռացա՞նք։ Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեկ հնից ազատվել մեկ այլ հնի ձեռքով։ Սա կարող է լինել Մուկուչյանի հաջորդ քննությունը․ բարի եղիր, «Այո»-ն անցկացրու, թե չէ․․․ Այդ «թե չէ»-ն հեչ լավ տեղ չի տանում։ Ու Տիգրան Մուկուչյանը պետք է մինչ այս գործի դրած ու չդրած բոլոր մեթոդները գումարի իրար, որպեսզի դառնա Նիկոլ Փաշինյանի սրտի պաշտոնյան։ Ժամանակավորապես։

Ասում են՝ ՍԴ-ն դակել է բոլոր ընտրակեղծիքները, ու դրա համար պետք է հեռանա։ ՍԴ-ն էլ ասում է՝ այն հիմնավորումները, որ ինձ տվել են Արթուր Դավթյանը, Տիգրան Մուկուչյանը, ոստիկանությունը և մյուս կառույցները, բավարար չեն եղել, որ ընտրությունները ճանաչենք ոչ արդար։ Խնդրեմ։ Ու ստացվում է՝ նրանք, որոնք տալիս են խախտումների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնց արդյունքում պարզվում է՝ եղած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, հիմա ջանք չեն խնայում, որպեսզի իրենց տված փաստաթղթերի արդյունքում որոշում կայացրածը ցրվի, գնա։

Ինչպե՞ս է կոչվում մարդը, պաշտոնյան, որը խստագույնս քննադատում է մեկին, բայց օգտվում նրա ծառայություններից՝ ըստ պահանջի։ Արթուր Դավթյանի, Մուկուչյանի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթ-գնահատականներից հետո եթե այդ մարդն օգտվում է նրանց ծառայություններից, ուրեմն իր մտքում բոլորովին այլ նպատակներ են՝ առնվազն աշխատել այնպես, ինչպես աշխատում էին իր կողմից քննադատված ու մերժված նախկինները։

Ստացվում է, որ իշխանությունը կարող է իրեն շրջապատել դիլետանտներով, բայց ամենակարևոր կառույցներում պահել այսպես ասած՝ «հին գայլերի»՝ վտանգից հեռու «խաղալու» համար։ Խնդիրը հները չեն, այլ ծառայություն մատուցել-չմատուցելն է։

Վատ է, բայց փաստ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ