01 02 2020

ՄԻԵԴ վիճակագրությունը՝ հերթական սթափության կոչը ՀՀ իշխանություններին

ՄԻԵԴ վիճակագրությունը՝ հերթական սթափության կոչը ՀՀ իշխանություններին

Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց 2019թ.-ի տարեկան վիճակագրությունը, որի համաձայն Հայաստանն այն երկրների տասնյակում է, որոնց դեմ ամենաշատ դիմումներն են ներկայացվել։ Իհարկե, մենք այս վիճակագրությունը ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում չտեսանք, այնտեղ միայն դրական արձանագրումներ են: Լավին մասին՝ միշտ և բարձրաձայն, վատի մասին՝ քար լռություն:

ՄԻԵԴ հայցերի և վճիռների մասով խնդիրների մասին մշտապես բարձրաձայնվել է, մինչև իշխանափոխությունը անգամ տարբերակներ էին քննարկվում ոչ ճիշտ դատական ակտ կայացրած դատավորին տույժի ենթարկել:

Իսկ նոր, հեղափոխական իշխանության տեսակետը ՄԻԵԴ վճիռների և ոլորտում առկա խնդիրների մասին կարելի է հասկանալ կառավարության նիստերից մեկում ծավալված քննարկումներից: Եվ այսպես, 2018թ․ մայիսի 24-ին Կառավարության նիստում որոշվեց Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի Արզումանյանի հայցը բավարարելու վճիռը։

Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ոլորտում շատ լուրջ ռեֆորմներ անելու անհրաժեշտություն ունենք, պետությունը պարտավորություն է ստանձնում ոչ միայն այս իրավուքնը վերականգնելու այլ նաև միջոցառումներ ձեռնարկելու, որ այլոց իրավունքը այս իրավունքը չխախտվի:

«Էվրիկա»: Գրեթե այսպես արձագանքեց Զեյնալյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք արել ենք ամենակարևոր բարեփոխումը և դա արել ենք մեկ օրվա մեջ: Բաղրամյան 26-ից և այլ իշխանական կառույցից հրահանգներ չեն գնում դատարաններ: Եվ մենք պետք է ընդհանրապես ՀՀ-ում բացառենք քաղաքական հետապնդումները, և քաղբանտարկյալների առկայությունը, Ալեքսանդր Արզումանյանի այս վճիռը գալիս է հաստատելու, որ նա եղել է քաղբանտարկյալ, ինչքան էլ ՀՀ-ում իշխանությունները դա ընդունել են կամ չեն ընդունել»:

Արտակ Զեյնալյանը, այնուամենայնիվ, շարունակեց խոսել այս ոլորտի խնդիրների մասին և նշեց. «Երբ մի կողմը նախաքննական մարմինը, դատախազությունը 95 տոկոս դեպքերում շահում է կալանքի գործերը, երբ որ այսպիսի պատկեր կա, մենք ունենալու ենք եվրոպական դատարանի վճիռ մարդու իրավունքների խախտում, ով բարձրագույն արժեք է և դրանից հետո ֆինանսատնտեսական հետևանքներ»:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը հետևյալն էր. «Այդ իրավիճակի պատճառը քաղաքական է և եղել է քաղաքական, և մենք այդ իրավիճակը վերացրել ենք և շարունակելու ենք վերացնել: ՀՀ որևէ դատավոր կաշկանդված չէ որևէ ապօրինի գործոնով իր որոշումները կայացնել: Երբ որ այս ամենը հստակ արձանագրում ենք, ձեր ասած այդ խնդիրները վերանում են»:

Մեկ օրում խնդիրը լուծելուց հետո մեկուկես տարվա ընթացքում մենք ականտես եղանք «աննախադեպ բացահայտումների», մեղադրանքների, հրապարակային դատավորներին ուղղված հոխորտանքի, գաղտնալսված ձայնագրության՝ բացահայտումներ անող բովանդակությամբ, կալանավորումների, անգամ հրատապ ՄԻԵԴ որոշման և վերջապես իսկական գրոհի Սահմանադրական դատարանի վրա: Կարճ ասած, Հայաստանի դատաիրավական համակարգում իսկական քաոս սկսվեց, բայց որ ամենավատն է՝ դեռ պարզ չէ, թե ինչքան այն կտևի:

Եվ խնդրեմ՝ վիճակագրություն, որտեղ Հայաստանը վատագույն տասնյակում է։

Դժվար է ասել, թե կոնկրետ ՄԻԵԴ վիճակագրությունը ինչ կփոխի իշխանության մոտեցումներում, հատկապես որ սա միակ միջազգային կառույցը չէ, որ նախազգուշացնում է ՀՀ իշխանություններին, ՍԴ-ի մասով ԵԽԽՎ հայտարարությունը վկա:

Ամեն դեպքում Ժամանակն է տիրապետել իրավիճակին և գիտակցել, որ Հայաստանը մի շարք միջազգային պարտավորություններ ստանձնած երկիր է, որ աշխարհը ոչ միայն անարյուն հեղափոխությանն է հետևել, այլ մնացած բոլոր զարգացումներին, հակառակ դեպքում ՄԻԵԴ ապտակները, չեն ուշանա և կհետևեն արդեն քաղաքական գնահատականներ, պայմանավորվածությունների սառեցումներ: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ սրանք դեռ ՄԻԵԴ հայցեր են, իսկ երբ հերթը հասնի կոնկրետ վճիռների, արդեն կարևոր չէ այս իշխանությունները կլինեն, թե ուրիշները, տուժելու է պետությունը, տուժելու ենք մենք՝ բոլորս:

 Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ