27 01 2020

Իրականությունը և փաշինյանական «փաստերը»

Իրականությունը և փաշինյանական «փաստերը»

2019 թ․-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնաց իր ոճին․ ներկայացված ցուցանիշների մի մասը պարզապես ծիծաղելի էր որպես կատարված աշխատանք ներկայացնել, մյուս մասը՝ ընթացիկ աշխատանքներ և արդյունքներ էին, որոնք եղել են և կլինեն մշտապես և երրորդ մասը՝ բացահայտ ստեր և թվային մանիպուլյացիաներ։ Ցուցանիշներ ներկայացնելիս «ժողովրդի վարչապետը» օգտվում էր նրանից, որ իր հայտնած տվյալներից շատերի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները հրապարակված չեն։ Ինչևէ, անդրադառնանք երրորդ խմբում ընդգրկված թվային տվյալներից մի քանիսին։

Պետբյուջեի եկամուտներ

Ըստ Նիկոլ Փաշինյանի, երկու տարվա՝ 2018 և 2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505,4 միլիարդ դրամով,  որի մի մասը 200 մլրդ դրամն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով՝ 305,4 մլրդ դրամով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: «Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43,6%: Մենք փաստացի ժամկետանց որևէ պարտք տնտեսվարողներին չունենք և այս էջը փակվել է», նշել է նա։

Մինչդեռ, համաձայն վիճակագրկան կոմիտեի․

  1. 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 237 մլրդ դրամ։ Եթե հիմք ընդունենք Նիկոլ Փաշինյանի նախորդ ելույթում հայտարարած 2019 թ․-ի բյուջեի 89 մլրդ դրամով գերակատարումը, ապա բյուջեի տարեկան եկամուտները կկազմեն 1 տրլն 490 մլրդ դրամ։ Այսինքն 2017 թ․-ի համեմատ, երկու տարի հետո աճը կկազմի ոչ թե 43,6 տոկոս, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, այլ 20 տոկոս, բացարձակ թվով էլ՝ ոչ թե 505,4 մլրդ դրամ և անգամ ոչ էլ 305,4 մլրդ դրամ, այլ 253 մլրդ դրամ։
  2. Խոսելով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսվարողներին ունեցած պարքտի մասին, Նիկոլ Փաշինյանը չի նշում, որ այդ տարի տնտեսվարողներին հետ է վերադարձվել 55 մլրդ դրամ՝ հունվար և փետրվար ամիսներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից, որից հետո ողջ տարվա ընթացքում տնտեսվարողներին գումար գրեթե հետ չի վերադարձվել։
  3. 2019 թվականի ընթացքում որպես անցումային գերավճար վիճկոմի կողմից նշված է 136 մլրդ դրամը, այլ ոչ թե 200 մլրդ դրամը։ Ընդ որում, մինչ օրս անհայտ մնաց, թե որ ամիսներին ընթացքում է վերադարձվել այդ 136 մլրդ դրամը, քանի որ այն բառացիորեն նկարվել է առաջին եռամսյակի ցուցանիշների մեջ՝ նշված չլինելով հունվար,փետրվար և մարտ ամիսներին տվյալների մեջ առանձին-առանձին։

Համախառն ներքին արդյունք

Ըստ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ցուցանիշների, 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1,3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Այս դեպքում արդեն Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում տարեկան տվյալները, քանի որ այն հրապարակելու դեպքում կպարզվի, որ․

  1. 2017 թ․-ին Հայաստանի ՀՆԱ (տնտեսական) աճը կազմել է 7,5 տոկոս նախորդ տարվա համեմատ։
  2. 2018 թ․-ին ՀՆԱ աճը 2017 թ․-ի համեմատ, այն էլ վիճկոմի մեծագույն «ջանքերով» կազմել էր 5,2 տոկոս, այն դեպքում, երբ տարվա առաջին եռամսյակին, մինչ «թավշյա» հեղափոխություն կոչվող իրադարձությունները, տնտեսական աճը կազմել էր 9,7 տոկոս։
  3. 2019 թ․-ին էլ 7,5 տոկոս ՀՆԱ աճը մեծապես պայմանավորվել է երկու ճյուղերով՝ ավտոմեքենաների ներմուծման ծավալների աննախադեպ աճով, որը պայմանավորված էր մեր երկրին ԵԱՏՄ մտնելիս տրված արտոնյալ ժամկետով և այս կառավարության հետ ոչ մի կապ չուներ, և բուքմեյքերական գրասնեյակներում խաղադրույքների աճով, որը ոչ միայն հավելյալ արժեք չի ստեղծում, այլ դեռ մի բան էլ փոշիացնում է մարդկանց եկամուտները։
  4. 2019 թ․-ի 9 ամիսների ՀՆԱ-ի համեմատությունը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը չհիշատակեց 2018 թ-ի առաջին եռամսյակի բարձր տնտեսական աճի մասին և ապրիլ-մայիսից հետո դրա նվազման մասին։ Այսինքն, տեղի է ունեցել հետևյալը՝ 2018 թ․-ի բարձր տնտեսական աճը ցածրացնելուց հետո, այս տարի այն բարձրացրել է ընդհամենը 1,3 տոկոսային կետով։ Թե այդ, թե 2017 թ․-ի համեմատ՝ երկու տարի հետո ընդամենը 1,6 տոկոսային կետով ՀՆԱ աճը գերազանցելու փաստերն իսկապես խոսուն են, բայց ի վնաս ներկա կառավարության։  

Պետբյուջեի ծախսեր

Պետական բյուջեի ծախսերի մասին Նիկոլը Փաշինյանը հայտարարեց, թե 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, սոցիալական նշանակության և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծախսերը որքան ավելի են լինելու 2017, 2018 և 2019 թվականների համեմատ։ Փաստորեն․

  1. 2020 թ․-ին նախատեսվածը ներկայացվում է որպես 2019 թ․-ին իրականացված «փաստ»։
  2. Մինչդեռ իրական փաստ է, որ պետական բյուջեի ծախսերի մասով, 2019 թ․-ի 11 ամիսների արդյունքում, ծախսերի տարեկան ծրագրի կատարումն ապահովվել է 83,6 տոկոսով՝ այսինքն ծախսերը թերակատարվել են 16,4 տոկոսով։

Հարկեր և օլիգարխներ

«2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764,5 մլրդ դրամ: Եթե օլիգարխն իր հարկերը վճարում է, էլ ինչն է օլիգարխ», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ․

  1. 1000 խոշոր հարկատուները մշատապես վճարել են պետական բյուջեի հարկային եկամուտների առյուծի բաժինը՝ 65-75 տոկոսը։
  2. Սակայն, չնայած դրան, ըստ Նիկոլ Փաշինյանի, մինչ «թավշյա հեղափոխությունը» նրանք օլիգարխ էին, իսկ դրանից հետո «էլ ինչ օլիգարխ»։
  3. Օլիգարխ ասելով Նիկոլ Փաշինյանը հասկանում է հարկերից խուսափողներ, մինչդեռ այդ բառը բացատրվում է, որպես խոշոր գործարար, որը ազդեցություն ունի պետական որոշումների ընդունման վրա։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով

Եվս մեկ «փաստ» Նիկոլ Փաշինյանից, որի հետ ինքն ու իր կառավարությունը որևէ առնչություն չունեն․ «2019 թվականին հոկտեմբերի 6-9 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում ՀՀ ժամանեցին 2500 մասնագետներ և 20 երկրներից նախարարական պատվիրակություններ»:

Ընդգծենք, որ 2019 թվականի ՏՏ համաժողովը (WCIT) Հայաստանում անցկացնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ․-ի մարտի 9-ին՝ այդ օրը Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի հետ։

Էլեկտրաէներգիայի արտադրություն և սպառում

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, 2019թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8%-ով: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, 2019 թ․-ի էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,2 տոկոսով։

Թե ինչպե՞ս է հնարավոր արտադրածից ավելի շատ սպառել, թերևս միայն Նիկոլ Փաշինյանի է հայտնի։

Օտարեկրյա ներդրումներ

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:

Սակայն, ըստ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ՀՀ վճարային հաշվեկշռի․

  1. 2018 թ․-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ․-ի ինը ամիսներինը՝ 185,7 մլն դոլար։ Այսինքն, օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են 456 մլն դոլարով, այլ նվազել ավելի քան 700 հազար դոլարով։ 
  2. Էապես նվազել է օտարեկրյա ներդրողների կողմից եկամուտի վերաներդրումը։ Այն անցած տարվա ինը ամիսներին վերաներդրվել է 73,5 մլն դոլար՝ նախորդ 2018 թ․-ի 106,2 մլն դոլարի համեմատ։ Անկումը կազմել է մոտ 31 տոկոս։ 

Զբաղվածություն և գործազուրկներ

Նիկոլ Փաշինյանի խոսքով 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջին ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ, զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս` 2018 թվականի 40,8-ի փոխարեն: Իրականում․

  1. 1․ Ըստ վիճկոմի, 2019 թ․-ի երրորդ եռամսյակում գործազուրկ է եղել 217 հազար մարդ երկրորդ եռամսյակի 207 հազարի փոխարեն, գործազրկության մակարդակն էլ կազմել է 18 տոկոս՝ 17,7 տոկոսի փոխարեն։ Այսինքն, գործազուրկների թիվը երեք ամսվա ընթացքում ավելացել է մոտ 10 հազարով կամ 0,3 տոկոսով։
  2. 2․ Զբաղվածության պետական գործակալության համաձայն, աշխատանք փնտրողների թիվը նոյեմբերին ավելացել է 3,5 տոկոսով և կազմել 84749 մարդ։

 

Զբոսաշրջային այցելություններ

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թվական հունվար-սեպտեմբերին ներգնա զբոսաշրջային այցելությունները նախորդ տարվա համեմատ աճել են 14, 4 տոկոսով: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում․

  1. 2018 թ․-ի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների աճը կազմել էր 8,8 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նույն՝ 2018 թ․-ի երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիսին, երբ մոլեգնում էր «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը», այցելություններն անգամ նվազել էին։ Արդյունքում, 2018 թ․-ին վերոնշյալ «հեղափոխության» հետևանքով զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը կտրուկ ընկել էր, որի ֆոնի վրա էլ 2019 թ․-ին արձանագրվել է 14,4 տոկոս աճը։
  2. Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ 2017 թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը անհամեմատ ավելի բարձր էր՝ 21 տոկոս։

 

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ