24 01 2020

Հեքիաթ՝ 3500 տոկոս գումարային աճ բերած ամանորյա ծախսերի մասին

Հեքիաթ՝ 3500 տոկոս գումարային աճ բերած ամանորյա ծախսերի մասին

Օրերս Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր» վերնագրած ուղիղ եթերով հանդես եկավ։ Ելույթում նշվեց, որ այդ ծախսերը  271 մլն դրամ էին կազմել Երևանի համար։ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, վերոնշյալ 271 մլն դրամը ծախսելով այս տարվա դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը՝ «Հայաստան ենք բերել հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ»։ Իսկապես, որ պայթյունի տպավորություն է թողնում սա։ Սակայն, խոսքը հերթական փուչիկի պայթյունի մասին է։ 

Անհասկանալի է, այդ ի՞նչ «կախարդական փայտիկով» է 271 մլն դրամը 9 մլրդ 307 մլն դրամի շրջանառություն  ստեղծում՝ այն էլ 10 օրվա ընթացքում։ Ասվածը պարզապես անհեթեթություն ու տգիտություն է։ Այսինքն, 10 օրվա ընթացքում վերոնշյալ 271 մլն դրամը, ըստ Նիկոլ Փաշինյանը ավելացել է ․․․ ուշադրություն՝ մոտ 3500 տոկոսով։ Կամ՝ այդ 10 տոնական օրերից յուրաքանչյուրի ընթացքում 271 մլն դրամը բազմապատկվել է մոտ 3,5 անգամ՝ բերելով օրական 930-940 մլն դրամի շրջանառություն։ Եթե այս կառավարությունը և նրա «թավշյա» վարչապետը ի զորու են նման հեքիաթային զարգացումներ ապահովել, ապա ի՞նչ էին անում անցած 1 տարի 9 ամսվա ընթացքում, ինչո՞ւ էին «հպարտներին» զրկում օրական 3,5 անգամ բարձրացված եկամուտները ստանալու երջանկությունից։ Դժվար է հավատալ, որ այսպիսի ստերի օրեցօր մեծացող չափաբաժնին հավատացողների կլինեն, բայց այդպիսիք դեռ կան։

Բնական է, հարց է առաջանում՝ իսկ այդ ի՞նչ տվյալների վրա է հիմնվում նման հայտարարություններ անող կառավարության ղեկավարը։ Պատասխանը իր բովանդակությունը շատ չի տարբերվում հայտարարության բովանդակությունից․ «մենք ունենք որոշակի տվյալներ»։

Եթե խոսքը վիճակագրական կոմիտեի տվյալների մասին է, ապա գոյություն ունի դրան հրապարակելու մասին օրենք։ «Նոր Հայաստանում» այս օրենքը փաստորեն շարունակում է անտեսվել՝ վիճակագրություն է համարվում կամ հետագայում դառնում այն՝ ինչ նախապես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ նրա թվային մանիպուլյացիաները այն աստիճանի են հասել, որ ինքն է սկսել ջջնջել կամ խմբագրել իր գրածները։ Կամ՝ նրա պոպուլիստական հայտարարությունները սկսել են հերքել հարևան երկրների պետական պաշտոնյաները՝ անպատասխան մնալով Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից։

Հաջորդը՝ այդ ի՞նչ տվյալներ են, որ տրվում են 10 օրվա կտրվածքով։ Վիճկոմը երբեք նման տեղեկատվություն չի հրապարկել և չի հրապարակում։ Մնում է միայն գուշակություներ անել, թե որտեղից են այդ «որոշակի տվյալները»։

Սակայն, եթե անգամ տվյալներ չլինեն, ապա 10 օրվա ընթացքում շրջանառության նման հրթիռային աճը գոնե պետք է նկատելի լիներ մայրաքաղաքի կամ մարզերի կյանքում, երևար, թե այդ ի՞նչ զբոսաշրջիկներ են արել այդ ծախսերը «ավելի գրավիչ» դարծած Երևանում և նրանից դուրս, այդ ո՞ր ռեստորանները, սրճարանները, խանութներն ու առևտրի և սպասարկման այլ օբյեկտներն են ունեել այդպիսի բազմապատկված շրջանառություն։

Բավական է մտնել մայրաքաղաքի ցանկացած առևտրի կամ սպասարկման օբյեկտ, և բոլորը միաբերան կպնդեն, որ վերջին մեկուկես տարում իրենց շրջանառությունները էապես նվազել են։ Զբոսաշրջիկների ինչ-որ առանձնահատուկ աճ այդ օրերին մայրաքաղաքում չի եղել, իսկ զբոսաշրջության թվային տվյալները վիճակագրության կոմիտեի կողմից հրապարակվում են երեք ամիս անց։ Գուցե Հանրապետության հրապարակում հնդիկ միգրատների՞ն նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, որոնք Հայաստանում են որպես էժան աշխատուժ և որոնց կարելի է օգտագործել մեկ որպես իբր ներգաղթի վկայություն, մեկ՝ իբր զբոսաշրջիկների աճի։ Եվ ամենակարևորը, ցանկացած երևանցի կհաստատի, որ ամանորյա ծախսերի ավելացումը պետական բյուջեից ոչինչ չէր ավելացրել մայրաքաղաքի գրավչությանը այլ տարիների համեմատ։

Խոսելով միլիարդների մասին, Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտանք այլ տեղ փնտրել դրանք։ Ամանորյա օրերին Հայաստանից, տարբեր հաշվակներով, 30-40 հազար քաղաքացիներ անց են կացրել հարևան Վրաստանում։ Եթե նրանցից յուրաքանչյուրն այդ օրերին այնտեղ ծախսած լինի նվազագույնը  500 դոլարին մոտ գումար, ապա կստացվի իր վկայակոչած թվին մոտ գումար, որը դուրս է եկել Հայաստանից։ Հարց է առաջանում՝ եթե իսկապես ամանորյա  օրերին մեր մայրաքաղաքի և երկրի գրավչությունը բարձր էր, ապա ինչո՞ւ են մեր հայրենակիցները ամանորը նշելու համար մեկնել են հարևան երկիր և ինչո՞ւ այդ նույն հարևան երկրից մեզ մոտ չէին եկել։

Մնում է միայն ցավ հայտնել մեր երկրի այս վիճակում հայտնվելու համար և խղճալ այդ վիճակը Նիկոլ Փաշինյանի «նվիրած» վարդագույն ակնոցներով տեսնող «դուխով» քաղաքացիներին։

 Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ