20 01 2020

Սպասե՛ք. Զելենսկին ասում է նախարարներին, Փաշինյանը՝ ժողովրդին

Սպասե՛ք. Զելենսկին ասում է նախարարներին, Փաշինյանը՝ ժողովրդին

Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործադիր մարմնին առաջարկել է կառավարության անդամների՝ նախարարների, փոխնախարարների ու այլոց աշխատավարձերի նոր հայեցակարգ մշակել ու ներկայացնել իրեն։

«Դա պետք է լինի նորմալ աշխատվարձ։ Մենք հասկանում ենք, որ նրանք շատ լուրջ մասնագետներ են, բայց ես ուզում եմ ունենալ ընդհանուր նույն կարծիքը Ձեր և նախարարների հետ, որ Ուկրաինայում աշխատավարձերն այնպիսին պետք է լինեն, որ իրավիճակում որ գտնվում է մեր տնտեսությունը։ Երբ դուք ու ձեր կառավարությունը կբարձրացնի տնտեսական իրավիճակը, այդ ժամանակ կարող եք բարձրացնել ձեր աշխատավարձերը»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, այն նախարարներին, որոնք չեն համաձայնի աշխատել այդ աշխատավարձերով, ստիպված են լինելու հրաժեշտ տալ։ Նա, մասնավորապես, ասել է, որ իրենք չեն կարող իրենց բարձր աշխատավարձեր թույլ տալ։

Նկատնեք, որ Զելենսկին ընտրվեց Ուկրաինայի նախագահ նախորդ տարի՝ կոռուպցիայի, օլիգարխիայի դեմ պայքարի, երկրի զարգացման, տնտեսության աճի խոսումներով: Նա դարձավ նախագահ գրեթե նույն խոստումներով, ինչ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, առաջինը՝ ընտրությունների միջոցով, երկրորդը՝ փողոցի ճնշման:

Իհարկե հասկանալի է, Հայաստանն Ուկրաինա չէ, ոչ էլ Ուկրաինան՝ Հայաստան, խնդիրներն ու մարտահրավերնները տարբեր են, բայց պարադոքսն ակնառու է:

«Մենք ձեզնից մեկն ենք, դուք եք ամեն բան այլևս որոշելու, ժողովրդին ծառայելու ենք, սոցիալական արդարությունը վերականգնվելու է…» այս կոչերով ու լոզունգներով եկած իշխանությունը այժմ կրկնապատկում է նախարարների, փոխնախարարների աշխատավարձը, ամենամսյա պարգևավճարները տալիս է մաքսիմալ չափերով, երբեմն անգամ տարին 14 անգամ: Պատճառաբանությունն էլ, եթե ընդհանուր հանրագումարի բերենք, հետևյալն է՝ պետական պաշտոնյաները պետք է բարձր վաստակեն, նրանց գործը ծանր է, բացի այդ, պետք է հեռու մնան կոռուպցիայից, մինչդեռ, երբ անփորձ կադրերին նշանակում էին կարևոր պաշտոններում, որպես միակ առավելություն նշում էին, որ ազնիվ են և կոռումպացված չեն:

Թե Ուկրաինայի քանի պաշտոնյա կհրաժարվի աշխատել ավելի քիչ աշխատավարձով, հայտնի չէ, մինչդեռ Հայաստանում «ազնվագույն» նախարարներից ոչ մեկը չհրաժարվեց բարձր աշխատավարձից, այլ հակառակը, նախարարներ եղան, որ իրենց լիուլի պարգևատրեցին և շարունակում են պարգևատրել` դեռևս ոչ մի շոշափելի արդյունք չտալով։

Այլ կերպ ասած, Զելենսկին ասում է՝ նախարարներ, սպասեք, արդյունք ցույց կտաք, տնտեսության վիճակը կլավանա, ձեր աշխատավարձն էլ հետը, նույնն էլ ասում է ՀՀ վարչապետը, սպասեք, տնտեսության վիճակը կլավանա, ձերն էլ հետը, բայց մի տարբերությամբ, նա դա ասում է ժողովրդին:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ