06 12 2019

Վիտալի Բալասանյանը, փաստորեն, Արցախի նախագահի միակ անկախ թեկնածուն է

Վիտալի Բալասանյանը, փաստորեն, Արցախի նախագահի միակ անկախ թեկնածուն է

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի և հաջոր տարի Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցել պատրաստվող գործիչների հետ: Այս հանդիպման ամենից ուշագրավ պահը դարձավ այն, որ Փաշինյանի հետ հանդիպմանը հրավիրվել էին Արցախի նախագահական ընտրությունների բոլոր հնարավոր թեկնածուները, բացի Վիտալի Բալասանյանից:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չբավարարվեց այդ ցուցադրական մանրախնդրությամբ, և վարչապետի խոսնակը հայտարարեց, թե այդպիսով ցույց են տալիս, որ Փաշինյանն ու նրան աջակցողները «Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»:

Թե ով է դա ասում և ում մասին է ասում, արդեն դառը զավեշտի սահմաններից էլ անց է: Վիտալի Բալասանյանը պարզապես քաղաքական գործիչ չէ: Վիտալի Բալասանյանը Արցախի ազատամարտի հերոսներից մեկն է: Վիտալի Բալասանյանը նաև այն գործիչն է, որ առաջին իսկ վտանգի դեպքում, մի կողմ դնելով ամեն ինչ, պատրաստ է նորից զենքը ձեռքին ելնել թշնամու դեմ: Մի բան, որ բացահայտ արձանագրվեց նաև 2016 թվականին, «ապրիլյան պատերազմի» ժամանակ:

Եվ մեկ էլ, ահա, հայտնվում է մեկը, ով հայտարարում է, թե Վիտալի Բալասանյանի գործունեությունը Արցախի անվտանգությունը քայքայում է:

Իրականությունն այն է, որ Վիտալի Բալասանյանը բավականին խիստ, երբեմն նաև՝ կոշտ քննադատում է Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած իշխանության վարած քաղաքականությունը, իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումները, որոնցից ինքը՝ Բալասանյանն էլ անմասն չի մնացել:

Այ, հենց դա չի ներվում Վիտալի Բալասանյանին: Մնացածը քարոզչական թեփ է, մանրախնդրության ու քինախնդրության դրսևորում:

Մյուս կողմից, Արցախի նախագահական ընտրությունների մյուս հնարավոր թեկնածու-մասնակիցներից Վիտալի Բալասանյանին առանձնացնելով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միջամտում է Արցախի ներքին քաղաքական պրոցեսներին (գնահատական է տրվում հնարավոր թեկնածուներից մեկի գործունեությանը): Դրանից ավելի ուղղակի խառնվելը կլիներ այն, եթե Փաշինյանը, խոսնակի միջոցով կամ անձամբ ընտրության վերաբերյալ կոչեր աներ առանձին վերցրած մեկ թեկնածուի դեմ: Ընդհանրապես, Արցախում թեկնածուական տպավորիչ թիմ է ուրվագծվել. Աշոտ Ղուլյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան և այլն: Բայց արձանագրված տհաճ իրողությունը՝ թեկնածուներից մեկին ընդհանուր հանդիպմանը չհրավիրելու և այդ ցուցադրական մանրախնդրությանը «քաղաքական» անհամոզիչ և խախուտ աստառ տալը այլ բան էլ հուշում: Մասնավորապես հուշում են, որ Վիտալի Բալասանյանը, փաստորեն, Արցախում նախագահի միակ անկախ թեկնածուն է:

Սարգիս Կարապետյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ