06 12 2019

«Գոլդեն Փելես»՝ սեփականության վերաբաշխման վտանգավոր փուլի մեկնարկը

«Գոլդեն Փելես»՝ սեփականության վերաբաշխման վտանգավոր փուլի մեկնարկը

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը այս տարվա սեպտեմբերին որպես «նվիրատվություն» փոխանցվեց պետությանը։ Ինչո՞ւ ենք նվիրատվությունը չակերտների մեջ գրել, քանի որ բոլորին էլ պարզ է, որ նախկին սեփականատիրոջ ընտանքիը հյուրանոցը նվիրել է որպես փրկագին իր հանդեպ քրեական հետապնդումներ չիրականացնելու դիմաց և որ դա «թավշյահեղափոխական» կառավարության հռչակած՝ սեփականության առգրավման գործընթացի առաջին դրվագն է։ Այսինքն, մեր երկիրը մտել է սեփականության վերաբշխման վտանգավոր փուլ։

«Գոլդեն Փելեսի», այսպես կոչված, նվիրատվության որևէ այլ հիմնավորում մինչ օրս չի ներկայացվել։ Եթե հյուրանոցի նախկին սեփականատիրոջ հետ կապված կա քրեորեն հետապնդելի երևույթ, ապա այն պետք է հետաքննվի և մեղավորները օրենքով սահմանված պատիժ կրեն։ Եթե դա չկա, ապա հյուրանոցի նվիրատվությունը տեղի է ունեցել իշխանության սպառնալիքների արդյունքում, որը ևս քրեորեն հետապնդելի է։ Իրողությունները պարզ կլինեն հետագայում, երբ «պատերին ծեփող» և «ասֆալտին պառկեցնող» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կլինի անցյալում և նրա իրականացրած բոլոր ապօրինությունները կբացահայտվեն, իսկ բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առջև։

Այժմ, ինչպես արդեն նշվեց, գործ ունենք սեփականության վերաբաշխման գործընթացի մեկնարկի հետ։ Հիշեցնենք, որ իշխանությունն արդեն համապատասխան օրենսդրական հիմնավորումներ է պատրաստում այդ ուղղությամբ։ Ընդ որում, մեկ անգամ ևս շեշտենք, որ եթե նախատեսվող օրենսդրական փոփոխությունները իրականություն դառնան, ապա սեփականությունից զրկվելու սպառնալիքը միայն հարուստներին չի վերաբերվելու։ Այն տարածվելու է բոլորի վրա, որոնք կհայտնվեն իշխանության տեսադաշտում։ Հետևաբար, ոչ ոք թող հույս չունենա, որ «բա խի՞ ենք փողոց փակել» դժգոհությունը կարող է փրկել իրենց։ 

Սեփականության համատարած վերաբաշխումն իրականացվելու է եկամուտների համընդհանուր հայտարարագրման և սեփական գույքի ծագման օրինականությունը ապացուցելու պարտավորություն ենթադրող օրենքների միջոցով։ Առաջինի շուրջ բարձրացված աղմուկն ու քննադատությունը ստիպեցին իշխանությանը առժամանակ հետաձգել այն իրագործելը։ Հիշեցնենք, որ փորձ էր արվում այն որպես ժողովրդին արվող լավություն ներկայացնել՝ կատարված առևտրի դիմաց աննշան տոկոսային գումար կուտակելու հնարավորություն ստեղծելու միջոցով։ Մինչդեռ, իրական նպատակն այլ էր՝ իմանալ, թե ո՞վ որքա՞ն գումարն է սպառել։ Եվ եթե հանկարծ ինչ-որ մեկը քննադատական մոտեցում ունենա իշխանության նկատմամբ, անմիջապես հնարավորություն կառաջանա տեսնել նրա սպառած գումարը, համեմատություններ անել ստացած եկամտի հետ և խորհուրդ տալ «խելոք մնալ»։ Այլապես, «կհայտնաբերվեն» կատարած ծախսի և ստացած եկամտի անհամապատասխանություն և «ապօրինի» եկամուտ ստանալու քրեական մեղադրանքը պատրաստ է։ Իսկ եթե հանկարծ, տվյալ անձը ունենա ինչ-որ գույք, որը նա ձեռք է բերել ասենք արտերկրում աշխատած կամ հարազատի կողմից տված գումարով, ապա նա ստիպված կլինի ապացուցել, որ այդ գույքն օրինական է։ Այլապես այդ գույքի հետ լինելու է այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը․ «Ի՞նչ է լինելու, առգրավելու ենք»։ Այսինքն, ոչ թե պետությունը պետք է ապացուցի, որ գույքն ապօրինի է, այլ դու պետք է ապացուցես, որ այն օրինական է։ Սա կրկնակի սեղմօղակ է ցանկացած անձի պարանոցին և ըստ էության իրավանական «բեսպրեդել»։

Վերադառնալով «Գոլդեն Փելեսի» վաճառքին, հարկ է շեշտել, որ դրա «նվիրատվության» օրինականության հարցը մշտապես դամոկլյան սրի նման կախված է լինելու այն ձեռք բերողի գլխին։ Վաղ թե ուշ բացահայտվելու է, թե ի՞նչ ճնշման և շանտաժի սպառնալիքի տակ է այն նվիրելու որոշումը կայացրել Ավետիսյաննների ընտանիքը։ Եվ ընդհանրապես, սեփականության վերաբաշխման երևույթը հանրության մեջ թշնամության և երկապառակության մթնոլորտ է ստեղծելու, իսկ վերջնարդյունքում այն ուղղվելու է այդ մթնոլորտը ստեղծողների դեմ։ Նիկոլ Փաշինյանը կամ նրա ընտանիքը կարող է փախչել պատասխանատվություն չկրելու համար։ Փախչելը նրա համար սովորական երևույթ է։ Իսկ ի՞նչ են անելու բոլոր մյուսները։ Բոլորը պարզապես չեն կարող փախչել և վաղուց արդեն ժամանակն է, որ մտածեն ապօրինություններին մասնակից լինելուց հրաժարվելու մասին։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ