04  12  2019

Հաջորդ նիստը՝ հաջորդ տարի․ իշխանությունը ձգձգում է «ջուր» գործի քննությունը

Հաջորդ նիստը՝ հաջորդ տարի․ իշխանությունը ձգձգում է «ջուր» գործի քննությունը

Այսպես կոչված «Մարտի 1-ի գործով» դատավարությունը, որ ավելի շուտ անտաղանդ բեմադրության տպավորություն է թողնում, ավելի քան մեկ ամսով «արձակուրդ գնաց»: Իբր այդ «դատը» շատ մի արագ էր ընթանում, մի բան էլ սահեցվեց եկող տարվա հունվարի սկիզբ: Ի՞նչ է եղել:

Իսկ առանձնապես ոչինչ. նախագահող դատավորը (Աննա Դանիբեկյան) օրինական իրեն հասանելի հերթական արձակուրդն է վերցրել: Դատավարության բոլոր մասնակիցները ևս, ուզած-չուզած մեկ ամիս նույնպես արձակուրդային ռեժիմի տակ են ընկնում: Մյուս կողմից, դա նշանակում է նաև, որ մեկ ամիս և 5 օրով երկարաձգվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող ապօրինի կալանքը, որը ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում է:

Բացահայտ կարմիր թելերով կարված կամ ՀՔԾ-ում թխված այս «գործով» դատաքննությունը դեռ ինչպես հարկն է՝ չի մեկնարկել: Գործընթացը դեռ գրեթե չի էլ մոտեցել ապացույցների հետազոտման փուլին: Ըստ որում, դատն ընթանում է շաբաթը՝ մեկ նիստ արագությամբ: Այո, նաև դադար եղավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիրահատության հետ կապված, բայց նախքան այդ էլ, դրանից հետո էլ դատավարության ընթացքն արագ չես համարի: Այն ընթանում է, կարելի է ասել, «դանդաղ, ավելի դանդաղ, որքան հնարավոր է՝ դանդաղ» տեմպով:  

Բայց այ թե ի՛նչն է հետաքրքիր: Մեղադրողները կամ, ավելի շուտ, նրանց ձայնակցող տուժողների իրավահաջորդները կամ նրանց ներկայացուցիչները շարունակ մեղադրանքներ են հնչեցնում, թե պաշտպանական կողմն է դանդաղեցնում, ձգձգում դատավարություն ընթացքը: Նրանք, հասկանալի է, մատնանշում են պաշտպանների միջնորդությունները: Բայց նման մեղադրանքներն առնվազն տարօրինակ են:

Նախ, հետաքրքիր է՝ նրանք ինչպե՞ս են պատկերացնում. եթե իրենց սրտհովանք-երազանքը կատարվել է ու մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին և 11 տարի առաջ բարձր պաշտոններ զբաղեցրած այլ անձանց, ուրեմն՝ վե՞րջ, նրանք իրավազո՞ւրկ են, դատարանում այդ մեղադրանքներից պաշտպանվելու իրավունքից զրկվա՞ծ: Զավեշտ է, ինչպես ասենք, այս ողջ դատական ներկայացումը: Այնպես որ, պաշտպանները՝ մասնագիտական պարտականության և ստանձնած պատասխանատվության շրջանակներում իրացնում են իրանց պաշտպանյալների օրինական իրավունքները:

Եվ հետո, եթե անգամ միջնորդություններ են ներկայացվում, դատարանին ոչինչ չի խանգարում մի քիչ ավելի արագ «իրար գալ»: Բայց դե մինչև որոշում են մտմտում, մինչև վախից ցամաքած գտնում են ձևակերպումներ, որոնց համար Նիկոլ Փաշինյանն իրենց պատերով չի ծեփի ու ասֆալտներին չի փռի, որոնց համար իրենց երեխաներին ԱԱԾ չեն քարշ տա ու ծնողների առանձնատների ձղնահարկերը չեն քչփորի... Մի խոսքով, մինչև գտնում են այն ձևը, որով կսիրաշահեն իշխանությանը կամ առնվազն չեն բարկացնի, ժամանակ է անցնում:

Երկրորդ. դատավորներին հաստատ իշխանություններն են ընտրում: Համենայն դեպս, Հայաստանի ներկայիս անձնիշխանական, ես կասեի՝ ուլտրա-ավտորիտար պայմաններում գրեթե կասկածից վեր է, որ կոնկրետ այս գործով դատավորներին ընտրում է գործադիր իշխանությունը, իսկ նախնական «քասթինգն» էլ անցկացնում են, ամենայն հավանականությամբ՝ ՀՔԾ ու ԲԴԽ ղեկավարները: Ճիշտ է, դատական իշխանություն, որպես այդպիսին Հայաստանում արդեն կես տարի է, ինչ չկա, այսինքն՝ այն, ինչ համարվում է դատական իշխանություն, բացեիբաց դրված է վարչապետի բազկաթոռի հետևի ձախ ոտնահենակի տակ: Բայց ամեն դեպքում, կարելի է չկասկածել, որ դատավորներին մի հատ «վեթթինգում» և հետո են միայն նշանակում իշխանության համար հետաքրքրություն ներկայացնող գործերը քննելու համար:

Իսկ այդ դեպքում, նույնիսկ անկախ այդ դեպքից, հարց է ծագում, թե ի՞նչն է խանգարում նման մեծածավալ, բազմադրվագ, հարյուրավոր վկաներով ու բազմաթիվ ամբաստանյալներով, բազմաթիվ տուժողների իրավահաջորդներով գործի քննությունը հանձնարարել այնպիսի մի դատավորի, ով ծանրաբեռնված չէ այլ գործերով, ով շաբաթական ոչ թե մեկ, այլ 3-4 դատական նիստ կարող է անցկացնել կամ գոնե՝ 2-3: Կամ, եթե տվյալ, երեկվանից արձակուրդ մեկնած դատավորը գերծանրաբեռնված է, ապա ինչու մյուս բոլոր գործերը չվերցնել նրանից և չթողնել միայն այս՝ տվյալ պահին քննվող «գործը»: Դրա համար է՞լ է պաշտպանական կողմը մեղավոր: Այսինքն, եթե իշխանությունը, իրեն բացարձակապես ենթակա, գործադիրի լիարժեք կամակատարի դերում հայտնված քննչական ու դատական մարմինների հետ իրավական անքթածակություն է դրսևորում, պաշտպանական կո՞ղմն է մեղավոր:

Մեկ այլ հանգամանք. ինչի՞, էսօրվա Հայաստանում կա դատավոր, էլ չենք ասում՝ այս գործով դատավորը, որ վարչապետի ասածը չանի՞: Հատևաբար, նա նման հրաման չի տվել իր ենթակա դատավորներին, թե՝ արագացրեք: Որ տված լիներ, բա դատավորը ռիսկ կանե՞ր նման իրավիճակում արձակուրդ վերցնել: Օրենքն էլ կխախտեր, բայց շուրջօրյա հերթափոխով դատը կվարեր:

Այնպես որ, պարզ է, թե ով է դանդաղեցնում դատի ընթացքը, կռահելի է նաև, թե՝ ինչու: Հնարավոր պատճառներից մեկն էլ, կարծում եմ, այն է, որ ինչքան դանդաղ է դատն ընթանում, այնքան ավելի երկար է կալանավորված մնում Ռոբերհ Քոչարյանը: Իսկ գործող իշխանությունը այդ հարցն իրեն համար քաղաքական ռեյտինգի հանգամանք է դարձրել:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ