26 11 2019

Սահմանադրականի բաստիոնն՝ ընդդեմ բացարձակ անձնիշխանության

Սահմանադրականի բաստիոնն՝ ընդդեմ բացարձակ անձնիշխանության

Պետք է արժանին հատուցել ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին, որոշակի բացառությամբ: Իրավիճակում, երբ գործադիր իշխանությունը և իշխող մեծամասնությունը, ի դեմս վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, ձգտում է իր բացարձակ վերահսկողության տակ առնել անխտիր ամեն ինչ, Սահմանադրական դատարանը դեռևս իր դիրքերում է:

Այդ հարցում մեծ է ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դերը, այլև ՍԴ մյուս դատավորների, Սահմանադրական դատարանի անդամների, բացառությամբ, բնականաբար, «թավշյա» իշխանության դրածո Վահե Գրիգորյանի: Վերջինս, «իմքայլական» ԱԺ-ի կողմից ՍԴ դատավոր ընտրվելու ձևական միջոցառումից հետո, կհիշեք, ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ: Բայց այդ հին-ՀՀՇ-ական հնարքն այս դեպքում չանցավ:

Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ Սահմանադրական դատարանը ունի բավարար ներքին ամրություն և հաստատակամություն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ճնշումներին ու վայրիվերո հարձակումներին դիմակայելու համար:

Վարչապետի նախաձեռնած հետապնդումների գլխավոր թիրախը, իհարկե, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էր և է: Է՛լ նրա սանիկների դեմ քրեական գործերի հարուցում, է՛լ ՍԴ նախագահի հոր և դստեր նկատմամբ հետապնդման կոնկրետ քայլեր՝ ԱԱԾ կանչելու տեսքով և այլն, և այլն:

Բայց պետք է արժանին հատուցել Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին, բոլորին (հասկանալի է, բացի Վահե Գրիգորյանից, որը որևէ նիստի չի մասնակցել, բայց կանոնավոր աշխատավարձ է ստանում, այն էլ՝ բավականին բարձր աշխատավարձ): Որքան էլ ամուր կամք դրսևորեր ՍԴ որևէ նախագահ, այդ թվում ու այս դեպքում՝ Հրայր Թովմասյանը, նա տեղի կտար, եթե ՍԴ մյուս անդամներն ընկրկեին կամ տեղի տային Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականության առաջ:

Մանավանդ որ Փաշինյանի իշխանությունը բացահայտ կաշառքի առաջարկություն արեց ՍԴ դատավորներին, որ եթե համաձայնեն թողնել ՍԴ-ն ու ցրվեն տներով, կշարունակեն բարձր աշխատավարձ ստանալ, օգտվել ՍԴ անդամի համար օրենքով սահմանված արտոնություններից: Բայց, ինչպես տեսնում ենք, ՍԴ անդամներին «փաթեթով» կամ թեկուզ առանձին-առանձին գնելու այդ գեղջկամիտ փորձը ձախողվեց: Գրեթե ոչ ոք չի բարձրաձայնում, բայց երևի կարելի է չկասկածել, որ ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլև ՍԴ մյուս դատավորների դեմ ևս այլ կարգի, այդ թվում՝ վարչապետին լիովին ենթարկվող ՀՔԾ-ի միջոցով ճնշելու փորձեր էլ արված կլինեն կամ կարող էին արվել: «Նոր» Հայաստանում ինչ ասես՝ հնարավոր է:

Գնահատելի է, որ մեր օրերում, «նորօրյա» Հայաստանում, որտեղ խրախուսվում են մատնությունը, գունափոխությունն ու, առհասարակ, անտեսված են բարոյական և մարդկային նորմերը, մարդկանց մի փոքր խումբ շարունակում է պահել իր սկզբունքային գիծը, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելիս հանրությանն ու պետությանը տված երդմանը:

Ուժերը, իհարկե, անհավասար են: Մի կողմից՝ բացարձակ ավտորիտարիզմի ձգտող, անհավասարակշիռ, անվերահսկելի, ցանկացած ցածր քայլի ընդունակ իշխանական մեծամասնություն, որի տրամադրության տակ են պետական ամբողջ պատժիչ մարմիններն ու հատուկ ծառայությունները, մյուս կողմից՝ պրոֆեսիոնալների մի փոքր խում, որ ապավինում է իր գիտելիքներին, անհատական որակներին և օրենքին:

Դժվար է ասել, թե ինչ կլինի հետո: Բայց կարևոր է ընկալել, որ ՍԴ այս դատավորները իրենց տեղի կամ պաշտոնի համար չէ, որ պայքարում են: Նրանց դիմակայությունը հանուն օրինականության է, հանուն սահմանադրական կարգի, հանուն ժողովրդավարության: Եվ՝ ընդդեմ կամայնականության, բռնապետության և անձնիշխանության:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ