25  11  2019

Փաշինյանի պատվերը կատարվել է փայլուն

Փաշինյանի պատվերը կատարվել է փայլուն

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Բնականաբար, դրանցում իշխանության համար ոչ մի տհաճ անակնկալ չկա։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին՝ վիճկոմը հստակորեն «իրագործում» է։  Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը 10 ամիսների արդյունքով ներկայացված է 7,1 տոկոս ճիշտ այնքան, որքան եղել է 9 ամիսների ցուցանիշների ընթացքում։ Դրանից էլ մեկ ամիս առաջ՝ հունվար-օգոստոսին աճը 7 տոկոս էր։

Այն, որ Հայաստանում կատարվող ներդրումները աղետալի անկում են ունեցել, որ գյուղատնտեսությունում (որտեղ ընդգրկված է բնակչության ամենամեծ մասը) անկումը շարունակվում է և դա ազդում է բնակչության ընդհանուր գնողունակության վրա, որ առևտրի և ծառայությունների ոլորտներում շրջանառությունը ամսեամիս նվազում է, որ բյուջեի ծախսերը թերակատարվում են, որն էլ իր հերթին է բերում տնտեսական ակտիվության նվազման, ակնհայտ իրողություններ են։ Սակայն չնայած այս ամենին, ըստ վիճկոմի տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է նույնը։ Այս զավեշտալի պատկերը գրեթե նույնությամբ արտացոլված է ըստ ճյուղերի ցուցանիշների վրա։ Դրանք ևս գրեթե նույնությամբ պահպանվել են վերջին մեկ-երկու ամիսների ցուցանիշներով։

Այսպես, շինարարության աճը հունվար-հոկտեմբերին 4,5 տոկոս է, երբ հունվար-սեպտեմբերին 4,4 տոկոս էր։ Առևտրում աճը 8,9 տոկոս է, մեկ ամիս առաջվա եղած 8,8 տոկոսի փոխարեն։ Հատկապես առևտրում շրջանառությունների անկման շարունակվող միտումը վիճկոմը շարունակում է «համառորեն» չնկատել։ Թեև այս անգամ ստիպված է եղել հոկտեմբերին սեպտեմբերի համար փոքրիկ՝ 1,7 տոկոսով անկում ներկայացնել։

Գյուղատնտեսության ցուցանիշները, ինչպես արդեն նշեցինք, եռամսյակը մեկ են հրապարակվում, և այստեղ անկումը շարունակվում է։ Ծառայությունների ոլորտում ինը ամսիների 15,5 տոկոսի համեմատ այս անգամ աճը փոքր ինչ չափավորված է՝ 15,1 տոկոս։

Ինչ մնում է այս պահին համեմատաբար բարձր աճ արձանագրող ճյուղին, արդյունաբերությանը, ապա այստեղ աճի տեմպը նվազել է։ Մեկ ամիս առաջվա՝ ինը ամիսների տվյալներով, աճն այստեղ 9,7 տոկոս էր, այժմ՝ տաս ամիսների տվյալներով՝ 8,8 տոկոս։ Հիշեցնենք, որ այստեղ արձանագրվող աճի մեջ մեծ դեր ունի հանքարդյունաբերությունը։ Այն նույն հանքարդյունաբերությունը, որն ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, մեր տնտեսության համար ապագա չէ։ Նախկինում ևս նրա ընտանեկան թերթը այս ճյուղում աճը պայմանավորում էր մետաղների գների կամ կոմբինատների կողմից արտադրության ծավալների ավելացմամբ՝ կառավարության դերն այստեղ չտեսնելով։ Հետաքրքիր է հիմա ե՞ւս թերթը նույն կարծիքին է։ 

Ի դեպ, ուշագրավ է, որ շարունակվում է նույն անհեթեթությունը, երբ արդյունաբերությանն աճում է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նվազում, այս անգամ 2,7 տոկոսով։ Հիշյալ հանելուկը այդպես էլ պաշտոնական որևէ պարզաբանման չարժանացավ։

Թերևս այսքանը արդեն ձանձրալի դարծած և ի սկզբանե կանխորոշված տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին։ Ենթադրում ենք, որ տարվա վերջին երկու ամիսներին ևս պատկերը կմնա նույնը՝ վիճկոմը չի համարձակվի տնտեսական իրողություններն արտացոլող ցուցանիշներ արձանագրել և հրապարակել։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ