22  11  2019

Երկրի թիվ 1 կոռուպցիոների մասին

Երկրի թիվ 1 կոռուպցիոների մասին

«Հայաստանի բոլոր քաղաքացիները երկրի պետբյուջեին պետք է նայեն ինչպես ընտանիքի բյուջեին»․ Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, արտասանել է նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում բյուջեն քննարկելիս։ Ասել էր նաև․ «Երբ մենք ղեկավարվում ենք «Հայաստանը մեր տունն է, իսկ մարդիկ՝ մեր ընտանիքը» կարգախոսով, ապա Հայաստանի պետական բյուջեն մեր ընտանիքի փողերն է։ Եվ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, սկսած պաշտոնյաներից, վերջացրած գնորդով և վաճառողով, Հայաստանի պետական բյուջեին պետք է վերաբերվի այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին»։

Բացում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարգիրը ու ի զարմանս մեզ՝ պարզվում է, որ մինչև 2018 թվականի գլխապտույտ հաջողությունն ընտանեկան բյուջեով 55 մլն դոլարանոց ինքնաթիռ չի գնել, ավելին, անգամ 10 մլն դրամանոց օդապարիկ չի գնել։ Պարզապես շարքային քաղաքացի եղած ժամանակ, պարզվում է, 2 մլն դոլար չի հատկացրել տան վերանորոգմանը։ Անգամ 1 մլն դոլար չի հատկացրել մեքենաներ գնելու համար։ Հայտարարագրում թռիչքների մասին ոչինչ գրված չկա, բայց պարզվում է, որ ոչ միայն 700 հազար դոլարով, այլև ոչ մի կոպեկով ԱՄՆ թռած չկա՝ մինչև պատգամավոր դառնալն ու արտերկիր գործուղվելը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ պարոն Փաշինյանն այսօր պետական բյուջեին վերաբերում է որպես ինչի՞։

Եթե նաև հաշվի առնենք հանգամանքը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, ուրեմն պետք է որ նման շքեղությունների հնարավորություն տրվի նաև մյուսներին, կամ մյուսների պես ինքդ պետք է նեղություն կրես, ինչպես բնակչության 95 տոկոսը։

Սուրիկ Խաչատրյանի անունը տարիներ ի վեր շրջանառվել է բացասական երանգավորումով, համարվել է նախկին իշխանության ամենից օդիոզ կերպարներից մեկը։ Ասում էին՝ թալանել է, գռփել է, որոշներին (օրինակ՝ Սիլվա Համբարձումյան) նաև չռփել է, ու մինչև հիմա վատ անուն ունի։ Բայց տարի ու կես հետաքննելուց հետո պարզվում է՝ Սուրիկ Խաչատրյանը, ըստ ՔԿ-ի, պետությանը պատճառել է ընդամենը 5 մլն դրամի վնաս։ Դա էլ իր համար չի արել, եղբոր համար է արել ու չի էլ ընդունում մեղադրանքը, այսինքն՝ հնարավոր է և պարզվի, որ դա էլ չի արել։

Նիկոլ Փաշինյանի անունը փայլում է հայոց երկնակամարում՝ որպես նորաբաց աստղ, նա իրեն արդեն համեմատում է Քրիստոսի հետ։ Ի՞նչ է արել Փաշինյանը, պետբյուջեին պատճառել է 60 մլն դոլարի վնաս՝ ընդամենը մեկ ամսում։ Վերջին մեկ տարում ոչ մի «նախկին թալանչու» նկատմամբ հարուցած քրեական գործով գումարի չափն այնքան չէ, որքան Նիկոլ Փաշինյանի մեկ ամսվա ծախսածը։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ Խաչատրյան Սուրիկն ու մյուսները հանցագործ են, Փաշինյան Նիկոլը՝ փրկիչ։

Այնպես որ, պետական բյուջեին ընտանեկան բյուջեի պես վարվելու մասին ելույթը պարզապես գեղարվեստական խոսքի վարպետություն է, առավել պոպուլյար ասած՝ պոպուլիզմ։ Ժողովրդի բերանը գցած՝ «բյուջեն թալանվել է» բառակապակցությունն ամբողջությամբ տեղավորվում է այսօրվա իշխանության գործողություններում։ Նորօրյա իշխանավորը բյուջեն տնօրինում է իր ուզածի պես, օրենքով և ոչ այդքան, իսկ քաղաքացու համար դա մեկ է, քանզի իրեն չի հասնում։

Բազմիցս ենք անդրադարձել տարբեր երկրներում եղած դեպքերի, երբ իշխանավորը պետական միջոցները վատնել է այլ՝ անձնական կարիքների համար և այդ ամենը բացահայտվելուց հետո որակվել է որպես պետական միջոցների վատնում և կոռուպցիա։

Եվ ուրեմն, կոռուպցիոներ պետք է դիտարկել հենց պետության «թիվ 1 ընտանիքը»՝ հաշվի առնելով, որ այդ ամենն արդեն բացահայտվել է։ Մնում է միայն պատկան մարմինները՝ դատախազությունը կամ ՀՔԾ-ն անցնեն ի գործ՝ կատարելով սահմանադրությամբ իրենցից ակնկալվող գործողություններ։

Հ․Գ․ Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթը որոշում է կայացրել մեղադրանք առաջադրելու վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ՝ 3 չարաշահումների գործով: Իսրայելի վարչապետը, ասում են, թանկարժեք նվերներ է ստացել՝ սիգարներ, շամպայն և նաև այլ չարաշաումներ է թույլ տվել։ Պատկերացնու՞մ եք, եթե Նեթանյահուն, օրինակ, իր կաբինետի անդամների աշխատավարձերը բարձրացնելու գաղտնի հրաման տար և դա պատահաբար բացահայտվեր․․․

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ