21  11  2019

Փոքր բիզնեսը ընկնում է դժվարին վիճակի մեջ

Փոքր բիզնեսը ընկնում է դժվարին վիճակի մեջ

Թե իրականում տոկոսային առումով որքա՞ն են փոխվելու 2020 թ․-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված եկամուտները 2018 թ․-ի արդեն արձանագրված եկամուտների համեմատ, անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ: Այժմ ներկայացնենք, թե ինչպիսի՞ն է վիճակը այս տարվա՝ արդեն հրապարակված հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի հիմնական՝ հարկային  եկամուտների կացությունը և ի՞նչ գործընթացներ են այստեղ կատարվում։

Այս տարվա առաջին ինը ամիսներին պետական բյուջեն հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 79 մլրդ դրամ։ Ըստ պետեկամուտների կոմիտեի, այդ ցուցանիշը 21,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջե մուտք գործած հարկային եկամուտներից։ Հիշենք, որ վեց ամսվա արդյունքները ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը խոսում էր ավելի քան 25 տոկոս հարկային եկամուտների մասին, իսկ հիմա, երբ տոկոսային առումով այդ ցուցանիշը նվազել է, նա լռում է։ Սակայն, սա էլ ամբողջը չէ։

Եթե այս գումարից հանենք, ոտ 9 մլրդ դրամ միասնական հարկային հաշվին մուտքագրված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարը, որոնք դեռ չեն հաշվարկվում որպես բյուջեում հաշվեգրված եկամուտ, քանզի այնտեղ կան վերադարձման ենթակա գումարներ, ապա նախորդ տարվա համեմատ աճը կդառնա արդեն ոչ թե 21,6 տոկոս, այլ 16,3 տոկոս։ Ի դեպ, չնայած անցած տարվա համեմատ որևէ նոր մեթոդաբանություն չի փոխվել հարկային եկամուտների հաշվառման մեջ, վիճակագրական կոմիտեի չի համեմատում այս տարվա նույն ժամանահատվածը նախորդ տարվա ժամանահատավածի հետ։ Սա ևս անպատասխան հարցականներ է առաջացնում պետական եկամուտների ոլորտում տեղի ունեցող անհասկանալի գործընթացների մասին։ Ինչևէ։

Հիմա 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտների մասին։ 2019 թ․ հունվար-սեպտեմբերին նրանք վճարել են մոտ 764 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ մոտ 13 տոկոսով ավելի։ 2018 թ․ հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը կազմել էին 673 մլրդ։ Շա՞տ է սա, թե՞ քիչ։

Նախ՝ սա համադրենք բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների հետ։ Կստացվի, որ այս տարվա ինը ամիսներին 1000 խոշոր հարկատուները վճարել են բյուջեի հարկային եկամուտների մոտ 71 տոկոսը։ Մինչդեռ անցյալ տարի, 1000 ոշորները վճարել էին բյուջեի այդ ժամանակահատվածի հարկային եկամուտների մոտ 76 տոկոսը։ Այսինքն, խոշոր հարկատուների մասնաբաժինը պետական բյուջեի եկամուտների համալրման մեջ նվազել է մոտ 5 տոկոսով։ Սրա մասին ևս Նիկոլ Փաշինյանը կամ կառավարության պատասխանատուները չեն խոսում։ Նրանք չեն խոսում նաև այն մասին, որ ի տարբերություն խոշորների, կտրուկ ավելացել է փոքր բիզնեսի կողմից պետական բյուջե վճարած հարկերը։  

Փոքր բիզնեսը հարկվում է շրջանառության հարկով։ Այս տարվա ինը ամիսներին վճարվել է մոտ 23 մլրդ դրամ շրջանառության հարկ, նախորդ տարվա ինը ամիսների 14 մլրդ դրամի համեմատ։ Այսինքն, փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկն աճել է 65 տոկոսով։  Գումարային առումով 9 մլրդ դրամը գուցե պետական բյուջեում այնքան էլ մեծ գումար չի։ Սակայն չմոռանանք, որ խոսքը փոքր բիզնեսի մասին է, որի համար հարկային բեռի ծանրացումը կարող է կործանարար լինել՝ միաժամանակ բյուջեի վրա էական ազդեցություն չթողնելով։ Ի՞նչ է ստացվում։ Ընդամենը 9 մլրդ դրամ ավելի հարկեր հավաքելու համար, որը բյուջեի համար չնչին գումար է, փոքր բիզնեսը ընկնում է դժվարին վիճակի մեջ։ Հատկապես եթե հաշվի առնենք առևտրի շրջանառության շարունակական նվազումը առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, դրան էլ զուգահեռ եկամտային հարկի հավելյալ գանձումները, որոնք վճարում է փոքր բիզնեսը՝ աշխատատեղերը ստվերից դուրս հանելով։  Եվ այս՝ բյուջեի համար   անարդյունավետ ճնշումը միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը հպարտանա երեութական «նոր աշխատատեղերով», տպված ՀԴՄ կտրոնների թվով։ Բնական է, որ նրան առանձնապես չի մտահոգում այս ամենի պատճառով փակվող կամ փակման եզրին կանգնող փոքր օբյեկտների  եկամտից և աշխատանքից զրկվող մարդկանց ճակատագիրը։

Վերջին կասկածները ցրելու համար, որ «թավշյա» վարչապետը իր կողմից տեղի-անտեղի թմբակահարվող ինչ-որ «թալան» է հետ վերադարձրել պետական բյուջե, որի շնորհիվ է այն աճում, ներկայացնենք բյուջեի «այլ եկամուտներ» հատվածում ցուցանիշները։  Համաձայն դրանց, այս տարվա հունվար-սեպտմբերին այստեղ հավաքվել է 59 մլրդ դրամ, 2018-ին 49 մլրդ դրամի փոխարեն։ Այսինքն, համարյա այնքան, որքան փոքր բիզնեսիվ գանձվող լրացուցիչ հարկային մուտքերը։ Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ