15  11  2019

Թղթի վրա գյուղատնտեսությունը կաճի՝ 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար

Թղթի վրա գյուղատնտեսությունը կաճի՝ 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանություններն ամեն ջանք գործադրում են ցույց տալու համար, որ անկման մեջ գտնվող գյուղատնտեսությունում իրավիճակը լավանում է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գյուղատնտեսությունը մինչև տարվերջ անկումից դուրս կգա։ Եվ ահա վիճակագրական կոմիտեն «գործի է անցել»։

Գյուղատնտեսությունում անկումը թղթի վրա վերացնելը կարևոր է իշխանության համար նաև տարեկան 7 տոկոս տնտեսական աճ պատկերելու համար։ Եթե գյուղատնտեսությունում անկումը արձանագրվի այնպես, ինչպես իրականում կա, ապա դա կարող է խանգարել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ՝ ամեն գնով առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ցույց տալու հրահանգի իրականացմանը։ Գյուղատնտեսության ցուցանիշները սրբագրելու համար էլ այս տարվա սկզբում ներդրվեց տնտեսության այս ճյուղի ցուցանիշները եռամսյակային կտրվածքով հրապարակելու որոշումը։ Դե որպեսզի վիճակագրական կոմիտեն ավելի հանգիստ և «հիմնավոր» կարողանա պատկերել այն, ինչ անհրաժեշտ է։ 

Այդուհանդերձ, չնայած այս ամենին, վիճկոմը դեռևս չի հաջողում գյուղատնտեսությունում առկա անկումը «վերացնել» կամ գոնե էապես «կրճատել»։ Այդ նպատակին հասնելու համար որպես հիմնական գործիք ծառայում է մեր գյուղատնտեսության համար ոչ էական ենթաճյուղը՝ ձկնորսությունը։ Քանի որ վերջինիս ծավալը անչափ փոքր է համեմատած հիմնական՝ բուսաբուծության և անասնաբուծության հետ, ապա այստեղ «նկարվող» աճը հնարավորինս բարձր է պատկերվում, որպեսզի գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշի անկումը հնարավորինս նվազեցված երևա։ Ահա այսպիսի թվային մանիպուլյացիա։

Այժմ անդրադառնանք վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին։ Համաձայն դրանց, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ ներառյալ ձկնորսությունը, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նվազել է 4,3 տոկոսով, իսկ առանց ձկնորսության՝ 4,8 տոկոսով։ Այսինքն, ձկնորսությունում 7,7 տոկոս աճ ցույց տալը հնարավոր է դարձրել գյուղատնտեսության համախառն արտադրանքի անկումը 0,5 տոկոսով նվազեցված ցույց տալ։

Ինչ մնում է հիմնական ճյուղերին՝ բուսաբուծությանն ու անասնաբուծությանը, ապա  ցուցանիշները հետևյալն են։ Բուսաբուծությունում անկումը կազմել է 7 տոկոս, անասնաբուծությունում՝ 2,2 տոկոս։ Այս ցուցանիշներն էլ զգալիորեն մեղմացված են, հատկապես բուսաբուծությունում։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ այս ճյուղը «թավշյա» հեղափոխության առաջին իսկ տարում ծանր հարված ստացավ «հպարտների» վարչապետից։ Ամռան ամենաշոգ ամիսներին՝ հուլիսին և օգոստոսին Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց լրացուցիչ ոռոգման ջուր վերցնել Սևանա լճից, ինչի պատճառով բերքի և մշակաբույսերի զգալի մասը ոչնչացավ շոգից։ Այս վնասի վերակագնումը մի քանի տարի է պահանջելու։

Գյուղատնտեսական մթերքի մեծ մասի արտադրության ծավալներն էլ համապատասխանաբար նվազել են այս տարվա ինը ամիսների ընթացքում։ Այսպես՝ կաթի արտադրությունը նվազել է 4,3 տոկոսով, ձվինը՝ 1,8 տոկոսով, հացահատիկինը՝ ․․․ 42,8 տոկոսով, կարտոֆիլինը՝ 0,4 տոկոսով, պտուղ և հատապտուղինը՝ 11,3 տոկոս, թռչնամսինը՝ 2,1 տոկոս։ Մսի արտադրության ծավալները, որոնք ընդգրկված են արդյունաբերության ցուցանիշների մեջ, ևս նվազել են՝ 4,7 տոկոսով։ Աճ են ունեցել միայն բանջարեղենի՝ 5,5 տոկոս, բոստանային կուլտուրաների՝ 9,1 տոկոս և խաղողի՝ 25,8 տոկոս արտադրության ծավալները։

Վերոնշյալից երևում է, որ անգամ մեղմացված տվյալներով գյուղատնտեսությունում ինչպիսի վիճակ է։ Մշտական հոգածության կարիք ունեցող այս ճյուղում ամենամեծ թվով բնակչությունն է ընդգրկված։ Սակայն կառավարությունը ոչ ունակություններ ունեցող մարդիկ, ոչ էլ ցանկություն ունի զբաղվելու այս ճյուղով։ Անգամ գյուղատնտեսության նախարարությունը անիմաստ համարվեց և վերացվեց։ Միակ «ելքը» Նիկոլ Փաշինյանի՝ ճյուղում անկումը վերացնելու հրահանգն է վիճկոմին։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ