14  11  2019

Ո՞վ է փչում անշարժ գույքի գների փուչիկը

Ո՞վ է փչում անշարժ գույքի գների փուչիկը

Մեր նախորդ հրապարակմամբ  անդրադարձել էինք անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող անոմալ (արտասովոր) երևույթներին՝ հիմնվելով օգոստոս ամսվա պաշտոնական ցուցանիշներին։ Համառոտ հիշեցնենք, թե ինչի՞ մասին էր խոսքը։

Անշարժ գույքի վաճառքի գները կտրուկ բարձրացել են, այն պարագայում, երբ գործարքները նվազել են։ Սա է անոմալիան։ Մինչդեռ, եթե գներն այստեղ բարձրանում են, ապա դա պետք է նշանակեր, որ անշարժ գույք գնողներն ավելանում են։ Եթե գնողներն ավելանում են, ապա դրա հետևանքով գործարքներն ու անշարժ գույքի գները պետք է աճեին։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, տեղի է ունենում հակառակը։ Սա պայմանավորված է երկրի ղեկին գտնվող մարդու կողմից սխալ ազդակներով, ըստ որոնց, անշարժ գույքի շուկայում ակտիվություն է, շինարարությունում բում է սպասվում և այլն։ Իրականում դա այդպես չէ, բայց գույք վաճառողները, ստանալով այս ազդակները, կտրուկ բարձրացնում են իրենց կողմից վաճառվող գույքի գները, իսկ գնողները չեն հասցնում դրա հետևից և չեն կարողանում գնել գույքը։ Սա է իրողությունը։

Երբ այս իրողությունը ներկայացրեցինք մեր վերոնշյալ հրապարակման մեջ, անշարժ գույքի կադաստրի կոմիտեն «ափալ-թափալ» մի հաղորդագրություն տարածեց, թե անշարժ գույքի գործարքների քանակը սեպտեմբերին աճել է 0,4 տոկոսով։ Սա զավեշտալի էր առնվազն երկու առումով։

Առաջինը՝ իր գոյության 20 տարիների ընթացքում այս կոմիտեն երբեք շուկայի ցուցանիշները հրապարակելուց առաջ նման ցայտնոտային երկտող-հաղարդագրություն չէր հրապարակել։ Հավանաբար, իրականության բացահայտումը նյարդային ցնցում է առաջացրել ինչ-որ մեկի մոտ։ Երկրորդ զավեշտն այն է, որ հակառակ կադաստրի կոմիտեի փութաջանության, սեպտեմբեր ամսին շարունակվել է գործարքների և մասնավորապես օտարման և առքուվաճառքի գործարքների թվի նվազումը արդեն իսկ նվազած օգոստոսի համեմատ։ Ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր եզրակացությունը այստեղ կատարվողի մասին։ Այսինքն,  գործ ունենք կառավարության ղեկավարի կողմից փչվող գների փուչիկի հետ, որը մի օր կարող է պայթել։ Այժմ սեպտեմբեր ամսվա ցուցանիշների վերաբերյալ։

Սեպտեմբերին ընդհանուր գործարքների չնչին՝ 65 գործարքով աճ կա։ Օգոստոսի 15507 գործարքի փոխարեն, սեպտեմբերին եղել է 15572 գործարք։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ սեպտեմբերի այս ցուցանիշը մոտ 500-ով զիջում է օգոստոսի նախորդ՝ հուլիս ամսվա աճին, ապա պարզ կդառնա, որ գործարքների թվի նվազման միտումը ընդհանուր առմամբ պահպանվել է։ Ընդ որում, այդ չնչին աճն էլ տեղի է ունեցել գույքի առաջնային գրանցման շնորհիվ, որը շուկայի ակտիվության կամ պասիվության էական առնչություն չունի։ Ինչ վերաբերվում է օտարման և առքուվաճառքի գործարքներին, ապա պատկերը հետևյալն է։

Սեպտեմբերին օտարման գործարքներին թիվը, արդեն իսկ օգոստոսին նվազածի համեմատ նվազել է 5,2 տոկոսով և օգոստոսի 6305-ից դարձել է 5975։

Օտարման գործարքների մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը կազմող առքուվաճառքի գործարքների թիվը նույնպես սեպտեմբեր ամսին 3,5 տոկոսով նվազել է արդեն իսկ նվազած օգոստոսի համեմատ։ Այսինքն, օգոստոսին գրանցվել էր 4379 առքուվաճառքի գործարք, սեպտեմբերին՝ 4224։ Ընդ որում, հիմնականում նվազել են բնակարանների գնման գործարքները՝ 1447 սեպտեմբերին՝ օգոստոսի 1589-ի համեմատ։ 

Մեկ այլ անմխիթարական ցուցիչ՝  իրավաբանական անձանց կողմից գնվել է 140 գույք, իսկ վաճառվել՝ 229-ը։ Նույնն է պատկերը նաև օտարեկրյա քաղաքացիների կողմից գնված և վաճառված գույքի միտումը։ Նրանց կողմից գնվել է 207, վաճառվել 401 գույք։ Սրանք այն թվերն են, որոնք անուղղակի ցույց են տալիս, թե ի՞նչ ակտիվությամբ են տեղացի և օտարերկրյա ներդրողները Հայաստանում վաճառում իրենց անշարժ գույքը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է փորձելու այս ցուցանիշները «ֆռռացնել» Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ի տարբերություն վաճառքի առաջարկվող գների, գործարքների արդյունքում գրանցված գներն այդքան էլ շատ չեն աճել։ Բնակարանների դեպքում Երևանում այդ աճը կազմել է 1,2 տոկոս, մարզերում՝ 0,4 տոկոսով։ Սակայն սա էլ թողնենք մի կողմ։ 

Պարզվում է, որ բացի անշարժ գույքի գների փուչիկից, որը դեռ փչվում է, Նիկոլ Փաշինյանի կողմից փչվող մեկ այլ փուչիկ, դեռ չփչած, արդեն պայթել է։ Բոլորս ենք լսել, թե հիպոթեքային գրավադրման ինչ հրթիռային աճի մասին հայտարարություններ է անում նա  աջ ու ձախ։ Իսկ իրականությունն այն  է, որ անգամ հիպոթեքային գրավադրման գործարքներն են նվազել։  Սեպտեմբերին Հայաստանում կատարվել են 470 հիպոթեքային գրավադրման գործարքներ օգոստոսի 484-ի համեմատ կամ 2,9 տոկոսով ավելի քիչ։ Ահա այսպիսի իրականություն՝ ի հակադրություն մշտապես ստող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ