11  11  2019

Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել․ թվեր ու պատճառներ

Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել․ թվեր ու պատճառներ

Հակառակ իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունների «նոր Հայաստան» հազարավոր հայերի վերադառնալու, սփյուռքի նախկին նախարարության մանկահասակ նախարարի անեկդոտ դարձած՝ 100-ից ավելի ամերիկահայերի Հայաստան ներգաղթելու պատրաստակամության, դժբախտաբար, Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը շարունակվում է, իսկ երկրի բնակչության թիվը շարունակում է նվազել։

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի բնակչության թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ։ Այն կազմել է 2 մլն 957 հազար մարդ։ Տարվա ընթացքում ՀՀ բնակչության թիվը հետեւյալ կերպ է փոխվել․

Հունվարի 1-ի դրությամբ՝ 2 մլն 965 հազար մարդ

Ապրիլի 1-ի դրությամբ 2 մլն 962 հազար մարդ

Հուլիսի 1-ի դրությամբ 2 մլն 961 մարդ

Ինչպես տեսնում ենք, տարեսկզբի համեմատ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը նվազել է մոտ 8 հազարով։  Հարց է առաջանում, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ մեր հայրենակիցները չեն շտապում վերադառնալ իրենց հայրենիք եւ ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները շարունակում են լքել մեր երկիրը։ Պատասխանը մեկն է՝ նրանք հասկացել են, որ այն հեքիաթները, որ իրենց պատմում էին «նոր Հայաստանի» մասին, որտեղ պետք է տիրեր արդարությունը, բացառվեր պետական միջոցների անարդյունավետ վատնումը, որտեղ այլեւս կոռուպցիա չկա, որտեղ ՀՀ «հպարտ» քաղաքացիներից բոլոր «3 մլնն էլ վարչապետեր են», պարզապես խայծ էին ժողովրդի համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը զավթեին իշխանությունը եւ տրվեին իշխանական վայելքների։ Վայելքներ, որոնք իրենց ցինիզմով եւ շվայտությամբ գերազանցում են նախկինում եղած բոլոր իշխանավորների վայելքներին։ Եվ ահա, մարդիկ հիասթափված իրենց իսկ մասնակցությամբ ստեղծված այս իրավիճակից, լքում են Հայաստանը։

Դարձյալ վիճակագրական կոմիտեի տվյալներով, որոնք ստացվել են ՀՀ սահմանային անցակատերերից, այս տարվա՝  2019 թ․-ի հունվար-սեպտեմբերին այդ սահմանակետերով ՀՀ քաղաքացիների ելքի եւ մուտքի բացասական տարբերությունը կազմել է 35 հազար 549 մարդ։ Այսինքն այդքան ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են դուրս եկել Հայաստանից քան վերադարձել։ Նախկինում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այս թվերը անընդհատ թափ կտար իշխանությունների մոտ, կբղավեր, որ Հայաստանը դատարկվում է, իսկ հիմա ինչ-որ ձայն չի հանում։  Ավելին, նախկինում, հիմք ընդունելով Հայաստան ելք ու մուտք անող բոլոր, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների տվյալները, նա հայտարարում էր, որ ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին։ Հերթական լկտի սուտը, որն ասվում էր այդ օրվա համար եւ իրեն դեռեւս հավատացող զանգվածի համար։  Սակայն հիմա, հունվար-սեպտեմբերի տվյալներով, անգամ այդ ցուցանիշն է բացասական։ Հայաստանից մեկնած օտարերկրյա քաղաքացիների թիվը 9 հազար 857-ով գերազանցել է Հայաստան եկածների թվին։

Ընդ որում, ՀՀ քաղաքացիների միգրացիայի բացասական ցուցանիշների մեջ մտահոգիչ է մեկ այլ հանգամանք եւս։ Բանն այն է, որ տարեվերջին սովորաբար ավելանում է Հայաստան վերադարձող այն մարդկանց թիվը, որոնք աշխատանքի են մեկնել այլ երկիր՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք Հայաստանի բնակչության թվի նվազման տեմպը ավելացել է ինչպես ապրիլի 1-ի, այնպես էլ հուլիսի 1-ի դրությամբ։ Սա վկայում է այն մասին, որ ավելանում են այն մարդիկ, որոնք այլեւս հետ չեն վերադառնում Հայաստան։ Նրանք չեն ցանկանում ապրել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կեղծիքի եւ խաբեության Հայաստանում, որտեղ հետեւողականորեն ոչնչացվում են ազգային-բարոյական արժեքները, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը ամսեամիս ավելի է վատանում։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ