08 11 2019

Համարձակ մարդիկ հենց ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրողներն են

Համարձակ մարդիկ հենց ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրողներն են

Հանուն իրավական պետության. այս կարգախոսով է ընթանում ի աջակցություն Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքը:

Նախաձեռնողները շրջում են հանրապետության մարզերով և ստորագրահավաք իրականացնում, նաև օն-լայն ստորագրահավաք է ընթանում, որին արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են միացել։

Դատելով փաշինյանական իշխանության նյարդային արձագանքներից, որոնք ամենից առաջ դրսևորվում են ստորագրահավաքավայր տարբեր սադրիչների գործուղելով, «թավշապետերն» ամենից շատ են անակնկալի եկել՝ տեսնելով, թե որքան մարդ է միանում ստորագրահավաքին: Այսինքն՝ որքան մարդ է պահանջում ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իրավական մոտեցում ունենալ իրավական խնդիրներում, դադարեցնել հակասահմանադրական ու հակապետական գործընթացները: Խոսքը հարյուրների և հազարների մասին չէ, բնականաբար, այլ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների, իրական մարդկանց մասին է ու ոչ թե սոցցանցային «ֆեյքերի»:

Իրական համարձակ մարդիկ հենց ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրողներն են, հատկապես՝ հանրային որոշակի ճանաչում ունեցող անձինք: Քանզի պարզ է, որ զրպարտասերների վրա հիմնվող գործող իշխանությունը, իր տրամադրության տակ եղած ռեպրեսիվ ապարտը գործարկելով, նաև՝ «ֆեյք-քֆուր» բրիգադների միջոցով, հարձակվելու է այդ քաղաքացիների վրա:

Բայց մարդիկ, նաև նման հարձակումներն ու հավանական հոգեբանական տեռորի հեռանկարը նկատի ունենալով, այնուամենայնիվ, ստորագրել են ու արտահայտել իրենց դիրքորոշումը:

Իսկ ստորագրահավաքը շարունակվում է: Հաշված օրերի ընթացքում, միայն օն-լայն ստորագրահավաքին արդեն ավելի քան 26 հազար մարդ է միացել: Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացը և տվյալները:

Եթե հաշվի առնենք իրողություններն ու ազդող գործոնները, որոնց պայմաններում ընթանում է ստորագրահավաքը, պետք է ասել, որ ոչ միայն տպավորիչ, այլև զգալի է ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հանդես եկող քաղաքացիների բազմությունը:

Իրողությունների ու գործոնների շարքում պետք է նկատի ունենալ, որ ստորագրահավաքը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ իշխանությունն իր ունեցած բոլոր միջոցներով քաղաքական տոտալ հետապնդում է և իրավական հաշվեհարդար է իրականացնում նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Միանգամից իշխանության հարձակման թիրախում են հայտնվում նաև այն դատական պաշտոնյաները, ովքեր համարձակվում են առաջնորդվել օրենքի պահանջով: Կարելի է հիշել թեկուզ երկու դատավորների վրա իշխանության վայրիվերո հարձակումները, քանի որ նրանք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում էին կայացրել: Բայց միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա մուղդուսիական կամ 37 թվի ոճով հարձակումը բավական է, տեսնելու համար, թե ինչ կարգի կամ որքան ցածրակարգ իշխանավորների հետ գործ ունեն նրանց ընտրողները ու չընտրողներն էլ:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի դեմ ոչ միայն շարունակվում է նախորդ տասնամյակներում հետևողականորեն իրականացված վարկաբեկման հակաքարոզչությունը (զանազան «ազատությունների», «ժամանակների» ու նման բաների միջոցով), այլև վերջին մեկուկես տարում այդ արշավը արշավանքի է վերածվել, դարձել իշխանական քարոզչամեքենայի ու իշխանափոխությամբ ամբիոնների ու լծակների մոտ հայտնված մարգինալների թիվ 1 խնդիրն ու հանձնառությունը:

Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ նման բարոյահոգեբանական ճնշման ու հակաիրավական բեսպրեդելի պայմաններում տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդիկ իրենց ստորագրությամբ միանում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու և հակաիրավական գործընթացները դադարեցնելու պահանջին:

Դա իրականում մեծ ուժ է:

Եվ դա տեսնելով, Փաշինյանի իշխանությունը, բնականաբար, ավելի ու ավելի է սեղմում դատավորների վրա, որ հանկարծ չհամարձակվեն օրենքով որոշում կայացնել և մտքների ծայրով անգամ չանցկացնեն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը, իրականում ապօրինի կալանքը վերացնելու տարբերակը:

Փաշինյանական իշխանությունը հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը, հայտնվելով ազատության մեջ և անմիջականորեն զբաղվելով քաղաքական գործունեությամբ, միանգամից համակիրների ու աջակիցների բավականին ուժեղ ու նաև որակյալ կազմով հանդես կգա:

Իսկ գործող իշխանությունը, ի հակառակ իրենց կեպկաների վրա գրածի, վախենում է քաղաքական լուրջ հակառակորդներից: Անգամ սովորական քննադատությունից են սրանք իրար խառնվում ու բորբոքվում, իսկ քաղաքական հակառակորդ, այն էլ՝ Ռոբերտ Քոչարյանի նման քաղաքական հակառակորդ ունենալու հեռանկարից անգամ վատանում են:

Ոչինչ, թող իրենք էլ հոգեբանորեն պատրաստվեն: Հեռու չէ այն օրը, երբ նշված հեռանկարը կդառնա օբյեկտիվ ռեալություն:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ