04 11 2019

Փաշինյանը երկիրը տանում է անցյալ

Փաշինյանը երկիրը տանում է անցյալ

Նախանցյալ ապրիլին քայլելով, սիրով ու համերաշխությամբ սկսված թավշյա ռեպրեսիաները այսօր արդեն կիրառվում են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նման չեն ու չեն ուզում նմանվել Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն. նրանց նկատմամբ, ովքեր հիշողություն ունեն և չեն մոռանում երեկվա ասածները, երկուշաբթի հայտարարածը կիրակի կեսօրին չեն հերքում, կատարում են տարիուկես առաջ ու ընդհանրապես` երբևէ տված բոլո՛ր խոստումները, կոռուպցիայի դեմ պայքարելուն զուգահեռ չեն հովանավորում կոռուպցիոներներին, սիրում են Հայաստանն ու Արցախը և չեն ուզում այն հանձնել թշնամուն, Սորոսին չեն ուզում ճանաչել։

Տարօրինակ զուգադիպությամբ նիկոլի թվին ռեպրեսիայի թիրախ են դառնում նրանք, ովքեր չեն ուրանում հայոց պատմությունն ու ավանդույթները, բոլոր հայերին յուրային են ու հայ թշնամի չունեն, չեն կործանում հայկական մշակույթն ու ազգային բարոյականությունը, մերժում են ազգային հերոսներին շանտաժի ու կեղծիքի միջոցով բանտարկելու և այս կերպ վրեժ լուծելու մտածողությունը, չեն ստում, չեն մատնում, չեն պառակտում, չեն կեղծում, պատվերով մատնություններ չեն գրում, դասալիք չեն, չեն խաբում, դեմադոգ չեն, դիլետանտ չեն, ժողովրդի ունեցածը չեն ուզում յուրացնել, սեփական միտք, պատկերացում ու համոզմունքներ ունեն...

Անհատի պաշտամունքը դատապարտած ԽՄԿԿ XX համագումարից հետո ստալինյան արտգործնախարար Մոլոտովին նախկին քաղբանտարկյալներից մեկը հարցնում է. ինչո՞ւ էիք իրագործվում այդ ռեպրեսիաները, երբ մեզ առաջադրված ոչ մի մեղադրանք փաստարկված ու հիմնավորված չէր։ Մոլոտովը պատասխանում է. իսկ մեր ինչի՞ն էին պետք փաստարկներն ու հիմնավորումները, երբ մենք արդեն համազված գիտեինք, որ դուք մեղավոր եք։ Հիմա ճիշտ նույնը անում է Փաշինյանը` երկիրն ու ժողովրդին տանելով ստալինյան անցյալ։  

Ստալինյան ռեպրեսիաներն, ըստ էության, I համաշխարհային պատերազմին Ռուսաստանում հաջորդած քաղաքացիական պատերազմի շարունակությունն էին։ Հիմա Փաշինյանն է իր սև-սպիտակ բաժանումներով ու ազգը պառակտելով` ուզում մեր երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։ Այսինքն՝ անել այն, ինչն իր քաղաքական հոգեհայրը չհասցրեց անել Արցախյան ազատամարտից հետո։ Չէ որ, 1994-ի մայիսի զինադադարից անմիջապես հետո էլ Տեր-Պետրոսյանի ռեժիմը տոտալ ռեպրեսիաներ սկսեց ներքաղաքական դաշտում բոլոր կուսակցությունների նկատմամաբ։

Իհարկե, քաղաքական ուժերից յուրաքանչյուրին ճնշում էին տարբեր ձևերով ու չափերով։ Դաշնակցությունը ուղղակի արգելվեց ու «ժողովրդի թշնամի» հայտարարվեց։ Ըստ էության, Տեր-Պետրոսյանը նույն սև-սպիտակ, թշնամի-յուրային բաժանումն էր անում և նախապատրաստվում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին։ Հավատացած էր, թե ստանալու է ժողովրդի քվեն և իր վրա ձևած նոր Սահմանադրությունը թևի տակ դրած` կարողանալու է անել իր ուզած ամեն ինչ։

Արդեն մանրակրկիտ պլանավորված էր թշնամի սևերին վերացնելու, Արցախը հանձնելու և երկրում մնացած առավելագույնը 1 միլիոն սերգոների լավ ապրելու համար (պողոսներն արտագաղթելու էին) բոլոր պայմաններն ապահովող ադրբեջանաթուրքական ծրագրի ժամանակացույցը։ Բայց հենց ժամանակը չհերիքեց ու ժողովուրդը փշրեց Տեր-Պետրոսյանի բյուրեղյա երազանքը։ Իր գերակա քվեով ժողովուրդը մերժեց նրան և նա զուտ «ժողովրդավարական» մղումներով կեղծեց և՛ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, և՛ սահմանադրական հանրաքվեն։ Եվ տապալեց նորանկախ երկրում եղած ամեն ինչ։

Հազիվ իշխանության մնալու խնդիրն էր կարողանում լուծում, քանի որ ՀՀՇ-ն անգամ։ Տապալվեց արտաքին քաղաքականությունը բոլոր մակարդակներում ու ոլորտներում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունները դադարեցվեցին։ Էլ ռեսուրս չկար քաղաքացիական պատերազմ սադրելու ծրագիրն իրագործելու համար, թեև արդեն կարողացել էր ողջ ժողովրդին դարձնել իր թշնամին։

Եվ ստպված եղավ 1998-ին հրաժարական տալ։

Այնպես ստացվեց, որ Տեր -Պետրոսյանի հրաժարականից 20 տարի անց իշխանությունը հանձնվեց նրա հոգեզավակին։ Հիմա նիկոլի թիվն է, ու Փաշինյանի իշխանավարման ժամկետն է ավարտվում, բայց նա ամեն գնով ջանում է հասցնել անել այն` ինչը չհասցրեց անել իր քաղաքական հոգեհայրը։ Նիկոլը պատերազմ է հայտարարել իրեն քվե չտված ժողովրդին` առնվազն երկրի բնակչության 66%-ին, Հայաստանին, Արցախին, հայոց պատմությանը, հայոց եկեղեցուն, հայկական ավանդույթներին ու ազգային բարոյականությանը, հայոց լեզվին ու մշակույթին։ Չէ, այդ թիմով քաղաքացիական պատերազմ չի ստացվի։ Սրանք միայն կարող են բոլոր դարպասներն ու ունեցած ամեն ինչը լայն բացել թուրքի ու ադրբեջանցու առաջ, և մեզ հետ տանել Տեր-Պետրոսյանական անցյալ։ Կկարողնան, եթե ժողովուրդը նմանվի Փաշինյանին ու թույլ տա։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ