01  11  2019

Ի՞նչը չէր ասում Փաշինյանը

Ի՞նչը չէր ասում Փաշինյանը

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության էր գալիս, նա չէր ասում, որ գալու է պատմության արխիվները քրքրելու, պատմությունը հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաշարադրելու, իր քաղաքական ճաշակով բանտարկումներ անելու համար։ Ավելին, ասում էր, որ վենդետա չի լինելու։ Պետք է նոր էջից նոր հայրենիք կերտենք։ Տեսնում ենք, որ այսպիսի տեմպերով քրեական ու քաղաքական հետապնդումները կհասնեն նրանց, ովքեր փոքր ժամանակ մերժել են իրեն հեծանիվ տալ կամ «էշ միլիցայի» ժամանակ հաճախ են վրան թռնողի դերում եղել։ Ստացվում է՝ խաբվեցինք։

Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, չէր ասում, որ խնամի-ծանոթ-բարեկամներով ԱԺ և կառավարության նիստ են անելու, ոչ թե միայն կերուխում, այլ ասում էր, որ այլևս այդ համակարգը վերացած է, բոլորը պետք է գնահատվեն ըստ արժանվույն, որ մեր երկիրը քանդել է կոռուպցիան, որը դրսևորվում է նաև կադրային յուրային-ոչ յուրային լուծումներով։ Ստացվում է՝ խաբվեցինք։

Նիկոլ Փաշինյանը չէր ասում, որ վարչապետավարի է ապրելու միայն ինքը՝ բոլորի փոխարեն, միայն իր համար անելու է այն ամենը, ինչ կարդացել է ոսկե ձկնիկի մասին հեքիաթում, չէր ասել, որ պետական բյուջեն ծառայելու է ընտանիքի՝ թեկուզ օրենքով նախատեսված բարեկեցությանը։ Խոսում էր սոցիալական արդարություն-հավասարությունից, բոլորի վարչապետ լինելուց։ Ստացվում է՝ խաբվեցինք։

Երբ Վահե Գրիգորյանը նշանակվում էր ՍԴ դատավոր, նա չէր ասում, որ գնում է էնտեղ խարդավանքներ հյուսելու, չէր ասում, որ իր նպատակը ամենաբարձր դատական ատյանը տակով անելն ու Փաշինյանին ծառայեցնելն է։ Բայց ընտրվելու հենց հաջորդ ելույթը դա էր, ու դահլիճում ներկաների ու ունկնդիրների մեծամասնությունը, որոնք տեղյակ չէին դավադրությանը, քարացած մնացին՝ փաստորեն պլանները բոլորովին այլ էին։ Ստացվում է՝ խաբվեցինք։

Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվում, չէր ասում, որ բոլոր դատավորներն իր ծառաներն են, որ պետք է շրջափակել ու հրել-գցել նրանց։ Ընդհակառակը, ասում էր, որ պետք է դատավորների որոշումներն ընդունենք ի գիտություն, պետք է թողնենք ազատ ու տեսնենք, թե ինքնուրույն՝ օրենքով ինչ որոշումներ են կայացնելու։ Ստացվում է՝ խաբվեցինք։

Երբ Զարուհի Բաթոյանը նշանակվում էր սոցապնախարար, չէր ասում, որ գալու եմ մանկատներն ու գիշերօթիկները փակելու և ունեզուրկ անձանց փողոցը նետելու համար։ Իսկ հիմա դա է անում՝ սկզբում փակելով գիշերօթիկները և ապագայում նոր մտածելով այդ երեխաների ճակատագրի մասին։ Ստացվում է՝ խաբվեցինք։

Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, չէր ասում, որ մեր երկրի զարգացման ճանապարհը բացառապես ստամբուլյան կոնվենցիան ընդունելով է լինելու։ Բայց պարզվում է՝ իշխանությունները դա հետևողականորեն փաթաթում մեր վզին։ Ստացվում է՝ խաբվեցինք։

Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ոչինչ չէր խոսում Արցախի մասին, որովհետև գլուխ չէր հանում, ու մենք մեկ և կես տարվա ընթացքում համոզվեցինք դրանում։ Սկզբից մեզ բոլորիս հարցնում էր՝ մենք ուզու՞մ ենք որ հարցը լուծվի, թե՞ չենք ուզում, հետո ասում էր, որ հարցն ինքը չի լուծելու այլ «ժողովուրդը»։ Հետո հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և այդքանով բանակցությունները տարավ փակուղի, մեզ հասցրեց պատերազմի շեմին, բայց և՝ ռազմական բյուջեն թողեց բախտի քմահաճույքին։ Այ միայն այստեղ չխաբվեցինք։ Բայց համոզվեցինք նաև, որ խորհուրդ հարցնելու և սովորելու ընդունակություն էլ չունի։

Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, չէր ասում, որ մենք շարունակելու ենք կերակրվել թվերով, այլ խոստանում էր, որ ամեն մի տոկոս աճը մեր մաշկի վրա զգալու ենք։ Հիմա ասում է, որ զգում ենք արդեն, տնտեսական հեղափոխություն է արել։ Իսկ մենք միայն զգում ենք, որ խաբվեցինք։

Նիկոլ Փաշինյանը եկավ, ու պարզվեց, որ խաբվել ենք բազմակիորեն։ Իսկ նա պարզապես մեկ բան է արել՝ դավաճանել է իր՝ նախկինում հնչեցրած կամ այսպես ասած՝ «հեղափոխության սկզբունքներին»։ Խաբել է, խաբում է ու կխաբի։ Որովհետև հենց այդ սկզբունքները կեղծիքներ էին, որ շաղ էին տալիս կույր մարդկանց վրա, իսկ մարդիկ ուզում են հավատալ, ուզում են այն ամենը, ինչ խոստանում են, բայց մտածել ու վերլուծել չեն ուզում։ Իսկ Փաշինյանը դա շատ լավ գիտի։

Այս իշխանությունը մնալու իրավունք չունի, նա պարզապես կարող է գոյատևել, իսկ մեզ տանել կործանման։ Իսկ թե որքան, կախված է նույն խաբված ժողովրդից։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ