28 10 2019

Մի քանի ուշագրավ հրաժարական

Մի քանի ուշագրավ հրաժարական

Տրանսի մասին նկարահանվող կինոյի պետական ֆինանսավորում: Մարդասպան-տեռորիստի հետ գործարքի գնալու, նրանից ցանկալի հայտարարություն ստանալու ակնհայտ ու կեղտոտ գործարքի վավաշոտ առաջարկություններ: Արտգործնախարարի անհաջող հարցազրույց: Ապօրինի մի նոր ձերբակալում ու պոպուլիստական ռեժիմի մի նոր պատանդ: Այս բոլոր աղմկոտ դեպքերի ֆոնին համեմատաբար քիչ ուշադրություն գրավեցին վերջին հրաժարականները:

Վերջին հրաժարականների շարքում առաջինը կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հայտարարությունն էր, մի քանի օր անց՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանինը: Առաջինի պաշտոնն ու դիրքը անհամեմատելի են երկրորդինի հետ, տարբեր գործիչներ են, տարբեր անհատներ: Բայց երկուսն էլ նկատելի էին, մանավանդ, որպես իշխանափոխության հետևանքով իրենց զբաղեցրած պաշտոններին հայտնված անձինք:

Առհասարակ, ցանկացած իշխանություն, կառավարություն կամ կառավարական, պատական մարմնի ղեկավար կազմը հաստատուն մի բան չէ: Կադրերի հոսունություն կա, նշանակվել-ազատվել կա: Դա ինքն իրենով մի արտառոց բան չէ: Ու համարվում է, որ անփոխարինելիներ էլ չեն լինում

Բայց ամեն մի դեպք իր առանձնահատկություններն ունի: Իսկ երբ ավելի ընդհանուր ես նայում այդ պրոցեսներին, տեսնում ես, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հրաժարական տվեցին ու բոլորովին վերջերս հեռացան ԱԱԾ տնօրեն Վանեցյանը, ոստիկանապետ, հետո մեկ ամսով խորհրդական դարձած Օսիպյանը: Ոստիկանապետի տեղակալ Քոչարյանն էլ հեռացավ, որովհետև համարձակվել էր ոլորտային խնդիրների վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնել, որը իշխող պոպուլիստական ռեժիմի վերնախմբի ասածին չէր համընկնում:

Այդ բոլոր ազատումներն ու հրաժարականները, կարճատև աղմուկից բացի, առանձնահատուկ ուշադրության կամ համակողմանի վերլուծության առիթներ կարծես թե չտվեցին: Ներկա ժամանակների թրենդը հենց այդ կարճաժամկետ աղմուկներն են, որոնց նպատակներից մեկն էլ խորքային երևույթները հնարավորինս քողարկելն է ու քննարկման առարկա չդարձնելը:

ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության պետ, այդ ոլորտի իրական պրոֆեսիոնալ Գրիգորի Հայրապետովն էլ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Էլի մի երկու օր աղմկոտ հրապարակումներ եղան ու էլ ոչ մի բան:

Եթե նախկինում, կամ «հանցավոր ռեժիմի» օրոք պաշտոնավարած, իշխանափոխության հետևանքով նոր, ավելի բարձր ու ղեկավար պաշտոններ ստացած անձանց դեպքում կարելի է փորձել բացատրություն տալ, թե թավշահեղափոխական իշխանությունն ազատվում է հին կադրերից, ապա հենց իշխանափոխությամբ ու իշխանափոխողների հետ կարիերային աճ ունեցած անձանց դեպքում արդեն ուրիշ հարցեր են ծագում:

Նույն Սարհատ Պետրոսյանին շատերը բնորոշում են, որպես բարեխիղճ, իր գործից գլուխ հանող, կարճ ասած՝ պրոֆեսիոնալ ու ազնիվ աշխատողի: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին էլ շատերը, նույնիսկ պոպուլիստական ռեժիմի քննադատների շարքերում, դրական էին վերաբերվում: Անգամ տիրապետող հանրային ընկալում կար, որ նա քաղաքային իշխանության հատուկենտ աշխատող պաշտոնավորների մեջ ամենից հաջող կադրերից է: Պարզ է, չէ, որ նշված երկու անձինք բարեհույս էին նաև թավշյա իշխանափոխության հանդեպ իրենց համակրանքի առումով:

Ո՞րն է հապա խնդիրը: Ի՞նչ է տեղի ունենում, նրանք պարզապես հեռանո՞ւմ են, այլ աշխատանքի՞ են անցնում, թե՞ սա «հրաժարիմք» է: Այն իմաստով, որ քչից-շատից բանիմաց ու հեռուն տեսնող անհատները հրաժարվում են լինել մի իշխանական անձնակազմում, որի գործունեությունը գնալով ավելացնում է երկրի ներսում թշնամանքի, ատելության, չարության պորցիաները:

Իրենք, իհարկե, ինչ-որ բացատրություններ են տալիս, մեկը ակնարկում է, որ քաղաքական շարժառիթներ կարող են լինել կամ կառավարության կազմում ազդեցիկ պաշտոն ունեցող մեկ այլ խումբ անձանց հետ տարակարծություններ կան, մեկը ընդհանրապես երկար-բարակ բացատրում է, թե քաղաքական պատճառներ չունի:

Այդ հայտարարություններն ինչքան էլ ի գիտություն ընդունվեն, գոյության իրավունք ունի և այն թեզը, որ իշխանափոխությամբ իշխանության եկած առավել հավասարակշռված, չկաղապարված, մի քիչ ավելի հեռուն տեսնող անհատները շտապում են հեռանալ նույն այդ իշխանությունից:

Թեպետ, շատ հեռուն գնացող հետևություններից ամեն դեպքում արժե դեռ ձեռնպահ մնալ, բայցև դիտարկվող ճաքերն էլ չնկատելու տալ չարժե: Իշխանություն ասվածը միատարր մի բան չէ: Իշխանական համակարգը մարդկանցից է կազմված: Մարդիկ էլ իրենց ծանոթ-հարազատ, ընկեր-բարեկամներն ունեն: Առավել ևս, որ տարիներով կամ տասնամյակներով պաշտոնների եղած ու դրանցից կառչած անձերի մասին չի խոսքը:

Ու նման հանգամանքներում միանգամայն մարդկային ռեակցիա է, այն, որ ոչ բոլորը կցանկանան ասոցացվել մի իշխանության հետ, որի ղեկավար կազմը անամոթաբար ստում է, կամայականություններ է թույլ տալիս ու բացահայտ ապօրինությունների է գնում, բարեփոխումների փոխարեն քանդարարությամբ ու ամբոխահաճությամբ է զբաղված, բացի դրանից՝ քաղաքական հետապնդումներ է իրականացնում ու ատելություն տարածում, այն դեպքում, երբ իշխանության եկել էր կարծես թե սիրո, համերաշխության, օրինականության ու ժողովրդավարույթան դրոշներով ու կարգախոսներով:

Ու երբ բացահայտ երևում է, որ իրականում տեղի է ունենում դրա հակառակը ու հռչակված նախահեղափոխական լոզունգների, խորքում՝ իշխանության եկածների այլասերում, բնականաբար, կլինեն անհատներ, որ չեն ուզենա զուգահեռվել նման իշխանության հետ և կառանձնանան:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ