25 10 2019

7,1 տոկոս աճ․ Հերթական նկարչությունը

7,1 տոկոս աճ․ Հերթական նկարչությունը

Դատելով վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող վերջին ամսիների սոցիալ-տնտեսական ցուցանիշներից, կառավարության եւ նրա ղեկավարի կողմից կառույցին հրահանգավորված է ամեն ինչ անել 2019 թ․-ին տարեկան կտրվածքով 7 տոկոս տնտեսական աճ ցույց տալու համար։

Նոր հրապարակված հունվար-սեպտեմբեր ամիսներին դա ավելի ակնառու է երեւում՝ վիճկոմը «պատկերել» է 7,1 տոկոս տնտեսական աճ։ Հունվար-օգոստոսին աճի ցուցանիշը 7 տոկոս էր, այն դեպքում, երբ նրանում բացակայում էր տնտեսական անկումը ապրող գյուղատնտեսության ցուցանիշը։ Ինչպե՞ս եղավ, որ հունվար-սեպտեմբերին, արդեն գյուղատնտեսության ցուցանիշի ներառմամբ տնտեսական ակտիվության աճը ոչ թե նվազել է, այլ դեռ մի բան էլ աճել՝ թեկուզ 0,1 տոկոսով։

Գյուղատնտեսության նախորդ ցուցանիշը, երբ հրապարակվել էին տարվա առաջին վեց ամիսներների տվյալները, անմխիթար էր՝ անկումը 7,4 տոկոս էր։ Հիմա, ինը ամսիների արդյունքում գյուղատնտեսության անկումը, ըստ վիճկոմի, 4,8 տոկոս է։ Ինչպես երեւում է, նախկինում առեւտրի եւ ծառայությունների ոլորտներից հետո, հիմա արդեն գյուղատնտեսությանն է վերապահվել տնտեսական աճի ցանկալի արդյունք «ապահովելը»։ Այստեղ կա անկում, կարելի է անկումը աստիճանաբար «փոքրացնել» եւ դրա շնորհիվ ստանալ ցանկալի 7 տոկոսին մոտ տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Այլապես, անցած երեք ամիսներին գյուղատնտեսությունում աճի ոչ մի նշույլ չի երեւացել, իսկ ոլորտի փորձագետները նշում են տնտեսական անկման անգամ խորանալու մասին։

Ակնհայտ է նաեւ, որ գյուղատնտեսության ավանդաբար վիճելի համարվող տվյալների վրա հույս դնելով տնտեսական ակտիվության աճ պատկերելը պայմանավորված է նաեւ նրանով, որ այլեւս ոչ ոք չի հավատում առեւտրի եւ ծառայությունների ոլորտում շարունակական աճի ցուցանիշներին։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս ոլորտներում շրջանառության ծավալները նվազում են։ Վիճկոմն էլ ստիպված է ինչպես վերոնշյալ ոլորտներում, այնպես էլ շինարարությունում ցույց տալ, որ գոնե նվազում չկա։ 

Մասնավորապես, շինարարությունում աճի ցուցանիշը նույնն է ներկայացվել ինչպես եւ մեկ ամիս առաջ՝ հունվար-օգոստոս ամիսներին՝ 4,4 տոկոս։ Նիկոլ Փաշինյանի խոստացած շինարարական «բումը» այդպես էլ չկա ու չկա։ 

Ծառայություններինը նույնպես մեկ ամիս առաջվա ցուցանիշն է ներկայացված՝ 15,5 տոկոս, առեւտրի ծավալների ամիսներ շարունակվող անկման պայմաններում վիճկոմը ընդամենը 0,2 տոկոսով նվազ ցուցանիշ է «արձանագրել» այստեղ հունվար-օգոստոսի համեմատ՝ աճը կազմել է 8,8 տոկոս։ Որքան էլ առեւտրով զբաղվողները գրեթե միաբերան պնդեն, որ իրենց շրջանառությունները ամսեամիս նվազում են, միեւնույնն է, վիճկոմը համառորեն հակառակն  է ցանկանում նրանց եւ մեզ բոլորիս համոզել։

Արդյունաբերությունում աճը 9,7 տոկոս է։ Այստեղ ավելի շատ արտադրանք են սկսել թողարկել հանքարդյունաբերական ձեռնարկությունները։ Վերամշակող արդյունաբերությունում նույնպես առկա է որոշակի աճ։ Թե առաջինի, թե երկրորդի դեպքում գործող կառավարությունը ոչ մի վաստակ չունի։ Գոյություն չունեն այնպիսի ներդրումային ծրագրեր, որոնք գործարկվել են այս իշխանության ջանքերով եւ որոնք սկսել են արդյունք տալ մեկուկես տարի անց։ Արդյունաբերության աճը այսպես կոչված հեղափոխությունից առաջ շատ ավելի բարձր տեմպ ուներ՝ 2017 թ․-ին այն աճել էր 12,5 տոկոսով, որի շնորհիվ էլ շարունակվում է համեմատաբար բարձր աճի տեմպն այստեղ։ 

Միանշանակ է, որ չլինեին անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններն ու դրանից հետո մեր երկիրը չմտներ անընդհատ ցնցումների փուլ, արդյունաբերության բարձր աճը կշարունակվեր եւ շատ ավելի լավ տեմպ կունենար, քան հիմա։

Միաժամանակ, արդյունաբերության նման աճի ցուցանիշը եւս կասկած է հարուցում, քանի որ դրան զուգահեռ շարունակում է անկում արձանագրել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 2,2 տոկոսով։ Թե ինչպե՞ս է հնարավոր նման աճ ունենալ արդյունաբերությունում, երբ ճյուղում օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալները նվազում են՝ մեր ժամանակների վիճակագրության հանելուկներից մեկն է։ Այնպես ինչպես բեռնափոխադրումների նվազման ֆոինի արդյունաբերության կամ առեւտրի ծավալների աճը։

Մի խոսքով, այս պահին շարունակվում է տնտեսության իրական վիճակի եւ վիճակագրությամբ ներկայացվող տնտեսության արմատական հակասությունը։ Դրա պատճառը մեկն է, որն արդեն նշեցինք հրապարակման սկզբում։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ