18 10 2019

Թռիչքաձև աճն ու Փաշինյանի ստերը

Թռիչքաձև աճն ու Փաշինյանի ստերը

Այսպիսով 2020-ի բյուջեի նախագծով եկող տարի Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է ․․․ 4,9 տոկոս։ Հիմա դառնանք Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ վաղ անցյալում «հպարտ» քաղաքացիներին տված տնտեսական աճի մասին հեքիաթային խոստումներին։ Անցած տարվա ապրիլ-մայիսին խոսքը «թռիչքաձև տնտեսական աճի», տարվա վերջում՝ «տնտեսական հեղափոխության», իսկ այս տարվա վերջին մամուլի ասուլիսի ժամանակ «8-9 տոկոսանոց տնտեսական աճի» մասին էր։ Հիշեցնենք, որ սրան զուգահեռ, կառավարության 2018 թ․-ի ծրագրում գրված էր՝ «տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանա­կահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5», այսինքն՝ 5 տոկոս։

Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ թռիչքաձև տնտեսական աճը կամ տնտեսական հեղափոխությունը ամենևին էլ 5 տոկոսանոց տնտեսական աճը չէ։ Հասկանալու համար էլ, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես բազմաթիվ այլ խոսքերում, այնպես էլ այս դեպքում ուղղակի ստել է իշխանությունը գրավելու համար՝ բավական է տարրական թվաբանություն և մտածելու ունակություն ունենալ։ Քանի որ հանրության մի ստվար զանգվածի մոտ վերոնշյալ ունակությունները բացակայում են, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստել։ 

Ահա թե ի՞նչ է ասել նա իր մամուլի ասուլիսում տնտեսական աճի և տնտեսական կացության մասին․ «Մեր այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսումները լավն են, և մենք խնդիր ենք դրել, որ պետք է նվազագույնը 8-9 տոկոսանոց տնտեսական աճ ապահովենք առաջիկա տարիներին: Հիմա համարենք, որ 2018-2019 թվականների անցումային փուլն ավարտվեց, չնայած այսօր տնտեսության վիճակը այնպիսին է, որ անցումային փուլի մասին խոսելու հիմք չկա»:

Նախ՝ ընդգծենք, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, առանց տնտեսական անկում արձանագրող գյուղատնտեսության ցուցանիշի, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 7 տոկոս՝ այն էլ շնորհիվ հուլիս ամսվա ցուցանիշի՝ այսպես կոչված 0,2 տոկոսով «ճշգրտման»։ Եթե չլիներ վիճկոմի այս փոքրիկ խորամանկությունը, տնտեսական աճի տեմպը կմնար նույնը՝ ինչ հունվար-հուլիսին՝ 6,8 տոկոս։ Այն, որ գյուղատնտեսության ցուցանիշն ընդգրկելուց հետո այս թիվը նվազելու է, կասկած չկա։ Հետևաբար, տնտեսական աճի իրական ցուցանիշը այս տարի չի կարող 5-6 տոկոսից ավելի լինել, եթե իհարկե օգնության չհասնի վիճակագրական կոմիտեն՝ իր «ճշգրտումներով»։ Այնուհետև, ինչ անցումային փուլի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Սա պարզապես զավեշտ է՝ մարդը հեղափոխություն է անում, նախորդ կառավարության ձեռք բերած 2018 թ․-ի առաջին եռամսյակի 10,3 տոկոս տնտեսական աճը տարեվերջում դարձնում է 5,2 տոկոս ու խոսում անցումային փուլի մասի՞ն։ Այսինքն, անցումային փուլը նրա համար էր, որ բարձր տնտեսական աճից անցնեինք ցածր տնտեսական աճի՞։

Հիմա 4,9 տոկոս տնտեսական աճի մասին։ Սա չի տեղավորվում ոչ «թռիչքաձև աճի», ոչ «տնտեսական հեղափոխության», ոչ էլ «8-9 տոկոս աճի» մեջ։ Ներկայացնենք, թե տնտեսական աճի ինչ ցուցանիշներ ենք ունեցել անցած տարիներին․

2011 թ․՝  4,7 տոկոս

2012 թ․՝   7,2 տոկոս

2013 թ․՝   3,3 տոկոս

2014 թ․՝   3,6 տոկոս

2015 թ․՝   3,2 տոկոս

2016 թ․՝    0,2 տոկոս

2017 թ․՝    7,5 տոկոս 

Ինչպես տեսնում ենք, 2010-ականների տնտեսական աճի ցուցանիշները, ի տարբերություն 2000-ականների բարձր տնտեսական աճի, ավելի համեստ են։ Սակայն, հիշեցնենք, որ այդ տարիներին մեր տնտեսությունը փորձում էր ուշքի գար մեր տնտեսությանը հարվածած 2009 թ․-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից, իսկ 2013-2015 թվականների ցածր աճի տեմպն էլ մեծապես պայմանավորված էր արտաքին պատճառներով՝ համաշխարհային տնտեսությունը հիմա էլ լճացման մեջ էր հայտնվել։ 2017 թ․-ին սկսել էինք դուրս գալ այդ կացությունից, Կարեն Կարապետյանի կառավարության ջանքերով բարձր տնտեսական աճի հունի մեջ էինք ընկել, որը շարունակվում էր նաև 2018 թ․-ի առաջին ամիսներին։

Սակայն, այդ տեմպը ջարդվեց «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությամբ։ Հայաստանը հայտնվեց և շարունակում է գտնվել ներքին ցնցումների մեջ։ Չնայած համաշխարհային տնտեսությունը ոչ ճգնաժամի մեջ է, ոչ էլ լճացման, Հայաստանի տնտեսական աճի տեմպը սկսեց նվազել։ 2020 թ․-ին էլ  մեզ խոստանում են 4,9 տոկոս տնտեսական աճ։  Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հեղափոխության հետևանքների, դրանից առաջ և դրան զուգահեռ «տնտեսական հեղափոխության», «թռիչքաձև» կամ «8-9 տոկոս» աճերի մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ