16 10 2019

Երեք ամսում 46 հազա՞ր․ վիճկոմի պատկերած գործազրկության հեքիաթային «նվազումը»

Երեք ամսում 46 հազա՞ր․ վիճկոմի պատկերած գործազրկության հեքիաթային «նվազումը»

Հայաստանում գործազրկության աճի մասին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում։ Համառոտ հիշեցնենք։ Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում, հակառակ Նիկոլ Փաշինյանի պատմած հեքիաթների 51 հազար նոր աշխատատեղերի մասին, ոչ թե նվազել է, այլ աճել ՝ 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց։ Այսինքն, գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով։ Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով և կազմել 21,9  տոկոս՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց։ Զբաղվածության մակարդակն էլ իջել է 0,2 տոկոսով՝ կազմելով 43,8 տոկոս՝ 44 տոկոսի դիմաց։ Սա «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» ամենակնառու և իրական հետևանքները ցույց տվող պատկերն է և «տնտեսական հեղափոխություն» կոչվող հայտարարության դատարկ լինելու հիմնական ապացույցներից մեկը։

Գործազրկության իբր նվազման մասին Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել այս ցուցանիշների հրապարակումից հետո՝ «ավետելով», որ Հայաստանում գործազրկությունը նվազել է։ Մինչդեռ, նրա բերած ցուցանիշը վերաբերվում էր բացառապես Զբաղվածության պետական գործակալության կողմից գրանցված և գործազուրկի կարգավիճակ ստացածներին, այլ ոչ թե Հայաստանում գործազրկության մակարդակին ընդհանրապես։  Այդ առնչությամբ համոզմունքն էինք հայտնել, որ գործազրկության ընդհանուր թվերի հետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ անել չի կարող՝ չափից ավելի բացահայտ կլինի կեղծիքը եթե ներկայացվի, որ երեք ամսվա ընթացքում Հայաստանում դրախտ է հաստատվել և գործազրկության ցուցանիշը ոչ թե աճել է, այլ՝ նվազել։ Սակայն, ինչպես պարզվում է, Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն չի դավաճանում, նա կարող է գնալ բացահայտ կեղծիքի, և վիճակագրական կոմիտեն առանց աչք թարթելու այս տարվա երկրորդ եռամսյակում գործազրկության նվազման և զբաղվածության ցնցող աճի թվեր է պատկերելու։  Ի՞նչ ենք պարզում այդ հրապարակումից։

Նախ՝ առաջին եռամսյակի 905 հազար փոխարեն Հայաստանում զբաղվածների թիվը հաջորդ երեք ամսիներին կազմել է ոչ ավել, ոչ պակաս 964 հազար մարդ։ Պատկերացնո՞ւմ եք երեք ամիսների ընթացքում մոտ 60 հազար մարդ մասնակի կամ լրիվ զբաղված են դարձել։ Գործազուրկների թվի մասին։

Ըստ վիճակագրության կոմիտեի, գործազուրկների թիվը այս տարվա հունվար-մարտի 253 հազար դիմաց նվազել է ․․․ 46 հազարով և կազմել մոտ 207 հազար։ Այսինքն, Հայաստանում կրճատումների, տարբեր նախագծերի սառեցման, բնակչության գնողունակության անկման, առևտրաշրջանառության նվազման ֆոնին 46 հազար մարդ աշխատանք է գտնում։ Հետաքրքիր է, անգամ Նիկոլ Փաշինյանի շրջապատում կա՞ մարդ, որ կհավատա սրան։  Նման սուտ անգամ Իլֆի և Պետրովի հանրահայտ հերոսը՝ Օստապ Բենդերը կդժվարանար հորինել։ Սակայն, մեր պետության ղեկին գտնվող մարդու համար դա աչք թարթելու պես բան է։ Այն, որ դա անիրատեսական է, վկայում են նախորդ տարվա երկու կիսամյակների միջև գործազորկների թվի չնչին՝ մոտ 1000 մարդու տարբերությունը։ Իսկ այստեղ 46 հազար ․․․

Եվ այս թվային խեղկատակության արդյունքում «պարզվել է», որ այս տարվա առաջին եռամսյակի 21,9 տոկոս գործազրկության մակարդակը դարձել է 17,7 տոկոս։ Եվ սա ընդամենը երեք ամսում, այն  դեպքում, երբ անգամ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վերջին 20 տարիների պատմության ընթացքում նման կտրուկ նվազումներ չեն եղել։ Սրան համարժեք էլ զբաղվածության մակարդակն է թվային թռիչք ապրել՝ երեք ամսում 43,8 տոկոսից դառնալով 47,9 տոկոս։ Մի խոսքով այս դեպքերի համար են ասում՝ «ստիր, բայց չափդ ճանաչիր»։

Վիճակագրական ցուցանիշների նման կտրուկ փոփոխություններն իրական լինելու դեպքում, դրանք անմիջապես կնկատվեին իրական կյանքում և մարդիկ կզգային, որ գործազրկությունը նվազել է և զբաղվածության մակարդակը բարձրացել։ Բնական է, որ դա անմիջապես կազդարարվեր Նիկոլ Փաշինյանի հերթական լայվով կամ գրառմամբ։ Առայժմ դա տեղի չի ունեցել։ Սակայն գործազրկության առնչվող ցուցանիշների նման խայտառակ կեղծումից հետո չենք բացառում, որ դա տեղի կունենա։ Եվ գուցե հենց այդ նպատակով էլ դրանք կեղծվե՞լ են։ Հիմա արդեն այդքան լավատես չենք, որ Նիկոլ Փաշինյանը կզգուշանա նրանից, որ կեղծիքը բացահայտ կերևա։ Ի վերջո, նրա գրառումները հենց այն մարդկանց համար են, որոնք առանձնապես հակված չեն հասկանալու իրականությունը, տեսնելու փաշինյանական կեղծիքները և որոնց համար նրա ցանկացած խոսք ավելին է, քան աստվածաշնչյան պատվիրանները։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ