16 10 2019

Ոստիկան սպանած լակոտներին քաղաքական ապագա չի՞ սպասվում

Ոստիկան սպանած լակոտներին քաղաքական ապագա չի՞ սպասվում

Երբ ոստիկան սպանած ահաբեկիչներին համաներում ես, թույլ ես տալիս ընտրությունների մասնակցել, սա պետք է լինի արդյունքը

«Ես ուզում եմ բոլորիդ զգուշացնել, որ Հայաստանում ոչ ոք չի կարող զենքով հարց լուծել... Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ու ասի՝ ես զենքով հարցեր կլուծեմ։ Զենքով Հայաստանում ոչ մեկը հարցեր չի լուծելու, սա հստակ է։ Որևէ մեկը բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու։ Սա ես ասում եմ որպես ՀՀ վարչապետ և ուզում եմ, որ մենք բոլորս սա ի գիտություն ընդունենք։ Հակառակ դեպքում էլ ինչի՞ համար էր այս հեղափոխությունը... »․ Խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, արտասանել է սա 2018թ․ հուլիսի 15-ին։

Բացեք ոստիկանության լրահոսը ու չեք հանդիպի օր՝ առանց կրակոցի։ Զենքով հարց են լուծում աջ ու ձախ։ Սա արհամարհա՞նք է հանրության, պետության, իշխանության նկատմամբ, թե՞ օրինաչափություն։

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը ոստիկանները հետապնդել են երկու հոգու, բռնել, նրանք դիմադրություն են ցույց տվել, խլել ատրճանակն ու սպանել ոստիկան Տիգրան Առաքելյանին։ Ձերբակալվել են 16 և 18 տարեկան․․․ լակոտներ։

Այս ամենի պատճառները շատ տրամաբանական են՝ ՀՀ վարչապետի հայտարարությունն ու խոսքը տրամագծորեն տարբերվում են իր գործողություններից։ Երբ դու ոստիկանության ՊՊԾ գունդ ներխուժած տեռորիստներին ու ոստիկանների սպանածներին բանտից հանում ես, թույլ ես տալիս, որ նրանք շարունակեն միտքը, թե՝ միշտ էլ էդպես են անելու անհրաժեշտության դեպքում, թույլ ես տալիս բացել կուսակցություն ու մասնակցել ընտրությունների, տարածել զենքով հարց լուծելու գաղափարները, ավելին, տարածվել Արցախ, երբ դու նրանց ընդունում ես ու ներքաղաքական հարցեր քննարկում, այսօրվա կատարվածը դրա տրամաբանական շարունակությունն է։

Այս մթնոլորտում այդ 16 և 18 տարեկաններից ի՞նչ ենք պահանջում։

Ոստիկաններին սպանելը, այլևս տաբու չէ, ու չենք զարմանա, եթե այդ երիտասարդները, այդ լակոտները, հիշեցնեն Սասնա ծռերի օրինակն ու ասեն՝ մենք համաներում ենք պահանջում և քաղաքական ապագա։

ՀՀ վարչապետը կատարել է ամենասարսափելին՝ ահաբեկչություն իրականացրածներին համաներելով, կալանքից ազատելով, թողնելով, որ քաղաքական գործընթածներին մասնակցեն, նրանց արածն օրինակ է դառնում այլ մարդկանց համար։ Ավելին, իրենք իրենց հռչակում են հենց ձեր իշխանության պահապանը․․․ Ձեզ հետ հանդիպելուց հետո։ Եվ հիմա, արդեն, զավեշտի է նմանվում զենքի միջոցով հարց լուծելը սկզբունք հռչակած ուժի ներկայացուցչի ցավակցությունն ու մեղադրանքները՝ հոկտեմբերի 16-ի գիշերը տեղի ունեցածի առիթով։

Հ․Գ․

Պարոն Փաշինյա՛ն, 2016 թվականի հուլիսի 17-ի «Սասնա ծռեր» կոչվող մի խումբ զինյալ անձինք, բեսպրեդելո՛վ, լկտիությա՛մբ, զենքո՛վ, «Կռազ» բեռնատար մեքենայո՛վ ներխուժեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ վերցրեցին այնտեղ գտնվող յոթ ոստիկանի։ Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվեցին՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, նույն գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանը, ոստիկանության զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանը: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվեց Շենգավիթի ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հովհաննիսյանը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտնում է, որպեսզի բանակցի, նրան պատանդ են վերցնում՝ զինաթափում են, պոկում ուսադիրները։ Ոստիկանապետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանին նույնպես վերցնում են որպես պատանդ։

Նրանց պահանջն էր՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին։

Այդ բոլոր անձինք այսօր ազատության մեջ են, ահաբեկիչների մեծամասնությունը նույնպես։

Բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով և Ձեր թեթև ձեռքով նրանք լուծեցին իրենց հարցերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ