04 10 2019

Ի՞նչ է հուշում Լավրովի հայտարարությունը՝ Ալիևի ձայնակցությամբ

Ի՞նչ է հուշում Լավրովի հայտարարությունը՝ Ալիևի ձայնակցությամբ

Փաշինյանական պրոպագանդան այս օրերին զբաղված է Պուտինին դիմավորել-չդիմավորելու, «դուխ» ցույց տալու, չգիտես, թե էլ ինչ օյինբազություններ անելու երևույթները հնարավորինս ծաղկեցնելով: Ֆեյսբուքյան տիրույթներում, փափախի մեռած տաքսիստների միջավայրում ու գրգիռներով ապրող բիոմասսայի վրա նման պրոպագանդան երևի թե ազդում է:

Իսկ իրական քաղաքական տիրույթներում այդ ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ ու արձանագրվում են փաստեր, որոնք քիչ է ասել, թե՝ մտահոգում են: Այդ շարքից է Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը՝ «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ: Ամեն ինչից բացի, Ռուսաստանի ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը համեմատել է Ալբանիայի վարչապետի հայտարարության հետ, թե՝ Կոսովոն Ալբանիա է: Լավրովն ասել է, որ նման հայտարարությունները չեն նպաստում քաղաքական գործընթացի վերսկսմանը: Պարզ է, որ խոսքը այս դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի մասին է: Ամեն ինչից բացի, դուրս է գալիս, որ Լավրովը հենց Փաշինյանին է մեղադրում գործընթացը արգելակելու մեջ: Բանն ավելի լուրջ է, քան կարծում են սոցցանցերում լեզվին տվող հայհոյագետներն ու մի բեղակիր հինավուրց:

Նույն «Վալդային» մասնակցող, մարդամեկի ասելով՝ «կիրթ անձնավորություն» Ալիև Իլհամն էլ մի երկար ճառ է ասել, վերջում էլ, թե՝ «Ղարաբաղը պատմական, բնիկ ադրբեջանական տարածք է, էնպես որ, Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»: Իսկ մեր դաշնակից երկրի ղեկավարությունը, որը ընդամենը 1 օր առաջ մեր մայրաքաղաքում էր, որևէ կերպ չի արձագանքում, չնայած, որ Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են:

Խնդիրն այն չէ, որ Ալիևը նման բան է ասել, միշտ էլ նույն հոխորտախառը ու ագրեսիվ ոճի մեջ է եղել, այսինքն՝ նոր բան չի դրա պահվածքը կամ ասածը: Խնդիրն այն է, որ հայերիս ու Հայաստանի համար գերկարևոր նշանակություն ունեցող խնդրի հետ կապված մեր երկիրը հիմա ներկայացնող իշխանության ու ԵԱՀԿ ՄԽ համանագահագ երկրներից մեկի, ու առհասարակ համանախագահների հայտարարությունները տարամետ են հնչում: Եվ հակառակը, Ալիևն էլ դրանից օգտվելով, իր հռետորաբանությունը ձգտում է համապատասխանեցնել համանախագահների տոնայնությանը: Մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի ղեկավարի պաշտոնը գրավելը պատկերը հակառակն է եղել. Հայաստանն ու միջազգային հանրույթունն են խոսել «նույն լեզվով», իսկ Ալիևներն ու Բաքուն եղել ու ընկալվել են որպես հակամարտության քաղաքական կարգավորմանը դեմ, այդ պրոցեսը արգելակող ու արհեստականորեն սրող, լարվածություն գեներացնող կողմ: Դա էլ բացատրվել է, թե պարտված կողմ են, իրենք են խոսում, թող խոսեն, մենք երկիր ենք կառուցում։

Լավրովի, իսկ դրանից առաջ էլ հենց ՄԽ համանախագահների հայտարարույթունները գալիս են փաստելու, որ Փաշինյանը Արցախի խնդրի բանակցային գործընթացում շարունակում է սայթաքել, ընդ որում, մի սայթաքման տակից դեռ Հայաստանի ԱԳՆ չի հասցնում դուրս գալ, նա երկրորդ, երրորդ պռոմախն է տալիս: Բայց սա ընդամենը առաջին հայացքից։

Շատերը այն կարծիքին են Հայաստանում, որ Փաշինյանի հակասական, բանակցային գործընթաց ասվածը հարցականի տակ դնող հայտարարությունները անփորձության, ՀՀ վարչապետի զգացմունքայնության ու անհավասարակշիռ լինելու հետևանք են: Դա էլ է հնարավոր, չնայած արդարացում չէ: Վերջին հաշվով, նա գոնե իրեն պիտի հաշիվ տա, որ պետություն է ղեկավարում, այլևս թերթի խմբագիր կամ առանձին պատգամավոր չէ, որ ինչ ու որտեղ պատահի՝ արտասանի:

Բայց այս ամենի վերաբերյալ չի կարող հարցեր չծագել. Վերջերս շատ է խոսվում, իսկ միգուցե այդ անձնավորությունը՝ Փաշինյանը հատո՞ւկ է այդպես վարվում: Իսկ հնարավո՞ր տարբերակ է, որ Փաշինյանը նման խնդիր կամ, Աստված չանի՝ առաջադրանք ունի, այն է, ամեն գնով խափանել առանց դրա էլ՝ խախուտ բանակցային գործընթացը, այն մղել փակուղի, որպիսզի․․․:

Աներկբա է՝ Փաշինյանի այդ հայտարարույթունները հենց այն են, ինչ ձեռնտու է Ադրբեջանին: Ալիևը, որ կորցրել է իր պատկերացնելով հողերի 25 տոկոսը, մշտապես խնդրի պատերազմական լուծմանն է հակված ու «ապրիլյան պատերազմում» դա շատ բացահայտ երևաց նույնիսկ իրենք իրենց ավանակի տեղ դնողների համար, մշտապես խնդիր ունի միջազգային հանրության աչքերում լեգիտմիացնել իր ագրեսիվ քաղաքականությունը, ինչ-ինչ հիմքեր ստանալ դրա համար: Դա կարող է լինել նույն միջազգային հանրույթան լռությունը կամ համահարթեցնող վերաբերմունքը հրադադարի ռեժիմի՝ ադրբեջանական կողմից թույլ տրվող խախտումներին: Այս դեպքում, Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախը Հայաստան է, բայց լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, իրենց լրացուցիչ հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ շրջանառել արտաքին-քաղաքական տրաֆարետը՝ օկուպանտ Հայաստանի ու ագրեսոր հայերի մասին, ինչից էլ Ալևը օգտվում է, ինչպես օրինակ նույն այդ «Վալդայյան» ելույթում, մեր դաշնակիցների արջև իրեն նման պահելով:

Մի անգամ Փաշինյանը լեզվից ինչ-որ «պլան» թռցրեց, թե Հայաստանում ու Արցախում ինչ-ինչ դավադիր ուժեր կան, որոնք իբր ուզում են այնպես անել, որ պատերազմ սկսվի, հայկական կողմը պարտություն կրի, Արցախը կորցնենք, ու մեղքը իր՝ Փաշինյանի վզին բարդեն: Դա էլ, երևի թե՝ լեզվի սայթաքում է, ըստ Ֆրոյդի: Պարզվեց, ոչ մի նման դավադիր էլ չկա, հակառակ դեպքում, գոնե մեկին կներկայացնեին, կբացահայտեին: Իրականում Փաշինյանը իր վախերը կամ բուն մտադրություններն է «վառել»: Ու այնքան պիրմիտիվ, որ չի էլ մտածում հարցի վրա, որ եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ընդհանրապես անկարևոր է լինելու, թե մեղքն ում վզին բարդվի:

Նման պայմաններում, երբ տեսնում ես, որ Արցախի գլխին ու այդպիսով նաև Հայաստանի վրա ահավոր օյին բերելու այդ մոտեցումները ռեալ հակակշռելու կարողություն ու ներուժ ունեցող, որը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը՝ արհեստականորեն, կարելի է ասել՝ ամեն գնով պահվում է կալանքի տակ, սկսում ես ավելի ու ավելի շատ կասկածել, թե որն է Փաշինյանի իրական նպատակը, ինչ հանձնառություն է ստանձնել իր տարերային, արկածախնդրության հարող քայլերով:

Բլորիս մոտ այդ հարցն է՝ ի՞նչու են Քոչարյանին պահում կալանքի տակ, եթե նույն իշխանությանն արդեն անգամ ձեռնտու չէ՝ Պուտինի հետ խոսել չի լինում, եվրոպացիք հեսա սկսելու են դիրքորոշում հայտնել արդեն հրապարակային, ամերիկացիները պետք եղած ժամանակ առիթը բաց չեն թողնի, հասարակական և քաղաքական շրջանակները անընդհատ աչքներն են մտցնում և այլն և այլն։ Միայն վրեժի համար այդքանը չես անի։

Ստացվում է նման պատկեր․ բանակցային գործընթացը տանում ենք փակուղի, Ադրբեջանցիները ակտիվանում են, ռուսների հետ շարունակ լավ չենք, մարտական գեներալներին վարկաբեկում ենք, Քոչարյանը մնում է կալանքի տակ, որ ի՞նչ անեք։

  

Մինաս Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ