27 09 2019

Ադրբեջանի համար ընդունելի լուծումը ո՞րն է, Փաշինյա՛ն

Ադրբեջանի համար ընդունելի լուծումը ո՞րն է, Փաշինյա՛ն

Վարչապետ Փաշինյանին այնքան է դուր եկել իր այն միտքը, թե՝ Արցախի հարցի ցանկացած լուծում «պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար», որ դրսում որտեղ նստում-ելնում է, դրա մասին է խոսում: ՄԱԿ-ի ամբիոնից էլ ասաց, դրանից առաջ, ամերիկյանի հեռուստաընկերություններից մեկին տված մի հարցազրույցում էլ նույնը կրկնեց, Հայաստանում էլ ասել էր մի քանի անգամ:

Նախ, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող պարոն նախկին գլխավոր խմբագիր, Ղարաբաղի ժողովուրդ չէ, այլ Արցախ ու Արցախի բնիկ հայություն, թե չէ անտեղյակ մեկին կթվա, թե երեք տարբեր ժողովուրդների մասին եք խոսում: Բայց դա չի գլխավորը:

Ու ասում է, թե ինքն առաջին հայ ղեկավարն է, որ դրա մասին է խոսում, ինչն էլի այդպես չէ: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր նման մի մոտեցման մեջ, երբ ՀՀ նախագահ էր: Նա էլ էր ոնց որ շատ նգյարան (մտահոգ, անհանգիստ) ադրբեջանական ժողովրդի համար ընդունելի տարբերակի համար: Մի 27 տարի առաջ մի ռուսական թերթի այդ տոնայնության մի ինտերվյու էր տվել:

Բայց դա էլ հլա դեռ մի կողմ: Եթե Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, թե Արցախի հիմնախնդրի բանակցային կարգավորման վերջնական տարբերակը պետք է փոխընդունելի լինի, ապա էլի անհասկանալի են նրա այն պնդումները, թե՝ ՀՀ ղեկավարներից առաջինն է, որ նման բան է ասում, առավել ևս՝ անընկալելի է թավշապետի կեցվածքը, թե մի ահավոր օրիգինալ բան է ասել: Լուծման վերջնական տարբերակի փոխընդունելիությունը այնպիսի մի ինքնին ենթադրվող բան է, որ դրված է բանակցություններ կամ բանակցային գործընթաց կոչվածի հիմքում: Երկրորդ, փոընդունելի լութման մասին գործընթացի բոլոր մասնակիցներն էլ, այսպես, թե այնպես խոսում են ու խոսել են՝ դիվանագիտական ամենատարբեր արտահայտություններով փաթեթավորված: Հակառակ դեպքում՝ բանակցային սեղանին չէին էլ մոտենա:

Մի երևելի պոզա բռնած, հա կրկնում է՝ «ընդունելի պիտի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանին ժողովուրդների համար»:

Դա ընդամենը գեղեցիկ ֆրազ է, դիվանագինտական ծիսակարգ: Բայց այս պարոնը ոնց որ շա՜տ մեծ տեղ է տալիս այդ դիվանագիտական ֆրազին: Ու որ շատ է կրկնում, հարց է գալիս. Լավ, մի անգամ ասացիր, տեսար, չի ընդունվում, կամ էլ, միգուցե հաջող չես ձևակերպել: Երկրորդ անգամ ասացիր, երևի մտածեցիր, թե լավ չեն լսել կամ հասկացել: Երրորդ անգամ: Հիմա շարունակ կրկնելուդ իմաստն ու նպատակը ո՞րն է:

Ինքն է նույն ելույթում ասում, որ դիմացինի, իր պատկերացրած չափանշներով, թերևս, «կիրթ Ալիևի» կողմից զրոյական արձագանք, եթե չասվի՝ «մինուսավոյ ռեակցիա», այսինքն էլ ավելի են հոխորտում արևելյան թուրքերը կամ ադրբեջանցիները, լեզվով զենք են շարժում, պատերազմից են խոսում, «Էրիվանն» են գրավում, «Սևանի ափին չայ են խմում»: Ինչո՞ւ են էդպես ոգևորվել: Պա՞րզ չէ, թե՝ ինչի՞: Հայաստանում ղեկավար է դարձել մի անձնավորություն, որը, փաստորեն ադրբեջանական ժողովրդի համար ընդունելի լուծման մասին էլ է մտածում: Ադրբեջանի ու ադրբեջանական ժողովրդի համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ինքնահավան, բայց կիսատ-պռատագործ իշխանությունը արդեն չափից ավելին է արել: Արդեն իսկ Բաքվին ահագին ուրախացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ պատանդ վերցնելով ու ապօրինաբար բանտում պահելով Արցախի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանին: Այն Ռոբերտ Քոչարյանին, որ մեծ ներդրում է ունեցել թշնամուն պատերազմի դաշտում ծնկի բերելու գործում: Այ թե ուր ենք հասել. Նա, ով թշնամուն է ծնկի բերել, բանտում է, ու նրան կալանավորել է տվել մեկը, ով երազում է ծնկի բերել հայ հոգևորականներին: Սա, դեռ չասած զինվորականության ու ազատամարտի մի շարք մասնակիցների վրա թիրախավորված քարոզչական ու քրեագործական հարձակումներին, Արցախի ղեկավարության հետ հոխորտանքով խոսելուն:

Ինչպե՞ս չասվի, որ դու, ախր, արդեն գերակատարել ես դիմացինի շահերից բխող գործողությունների ու հայտարարությունների քանակը: Կրիտիկական գծին ես մոտեցել: Ինչպե՞ս էր ասում Նիկոլ Փաշինյանից գեներալական ուսադիրներ ստացած ու հեռացած Վանեցյանը: Հա՛, ասում էր՝ կանգ առ, սթափվիր ու, էլի ինչ-որ բաներ՝ այդ համատեքստում: Զավեշտ է. «բախտդ սիրեմ քաջ Նազար» տեխնոլոգիայով հայտնվել է Հայոց պետության ղեկի մոտ ու խոսում է ադրբեջանական ժողովրդի շահերն էլ չանտեսելու մասին: Ադրբեջանական ժողովրդի ուզածն ու երազածը, իրենց համար ընդունելին մեր եղած-չեղածը ձեռքներիցս առնելն է ու մեր ազգը բնաջնջելը, մեզ քնած տեղը կոտորելն է ու զոհվածներին անգամ հոշոտելը, «Էրիվանը» գրավելն է ու Շուշիում թուրքական դրոշ տնկելն է նրանց ընդունելին: Ու Փաշինյանը դա լավ գիտի, ու իմանալով հանդերձ, խոսում է, թե լուծումն ընդունելի պիտի լինի նաև դիմացինի, թշնամու համար:

Դու քեզ ուսերի վրա իշխանության բերած ժողովրդի շահից բխող լուծման մասին խոսիր, այդ շահն առաջ տար այնպես, որ դիմացինը ուզած-չուած ընդունի դրածդ լուծումը, թե չէ ադրբեջանական ժողովրդի համար ընդունելի լուծման մասին մտածողները քիչ չեն, ալիևներից սկսած, էրդողաններով վերջացրած:

 

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ