26 09 2019

Արհեստական ցուցանիշներ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած «լավ» թվերի

Արհեստական ցուցանիշներ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած «լավ» թվերի

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-օգոստոսի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդ հրապարակման, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվության աճը 7,7 տոկոս էր։ Այսինքն, նախ՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է նվազել, ապա՝ անգամ «թավշյա» հեղափոխություն կոչվածից հետո անցյալ տարվա ընթցքում նվազած տնտեսական ակտիվության համեմատ է այդ աճի տեմպը ավելի ցածր։ Սակայն դա էլ մի կողմ դնենք։ Ցուցանիշի մեջ չեն ներառվել գյուղատնտեսության ցուցանիշները, որոնք հրապարակվում են եռամսյա կտրվածքով, իսկ գյուղատնտեսությունում կես տարվա արդյունքներով 7,4 տոկոս անկում էր գրանցվել։ Հետևաբար, եթե դրանք ներառված լինեին, ապա տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն այլ՝ ցածր կլիներ։ Այժմ անդրադառնանք վիճակագրական ցուցանիշների՝ արդեն ավանդական դարձած տարօրինակություններին։

Արդյունաբերությունում 8 ամիսների աճի ցուցանիշը 9,5 տոկոս է։ Սա ուրախալի կլիներ, եթե իրական լիներ։ Մինչդեռ այլ ցուցանիշների հետ համադրումն այլ պատկեր է ստեղծում։ Շարունակվում է արդյունաբերության աճի ցուցանիշին զուգահեռ էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը՝ 3,5 տոկոսով։ Ինչպե՞ս կարող է արդյունաբերության նման բարձր աճի դեպքում էլեկտրաէներգայի արտադրությունը նվազել, թե՞ կառավարության տրամաբանությամբ արդյունաբերությունն առանց էլեկտրաէներգիայի է գործում։ Եթե էլեկտրաէներգիայի արտադրությունն աճեր ավելի շատ՝ քան արդյունաբերությանը, այստեղ բացատրություն կարելի էր գտնել՝ Իրան կամ Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելով պայմանավորված։ Սակայն տվյալները հակառակն են փաստում, ինչն էլ լուրջ կասկած է առաջացնում արդյունաբերության աճի վերաբերյալ։ Պարզապես հիմա էլ արդյունաբերության արհեստական ցուցանիշներ ցույց տալու և դրա միջոցով տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը պատկերելու հերթն է։ Մնում է միայն դրան «համապատասխանեցնել» էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը, ինչը, հավանաբար, վիճկոմի առաջիկա «առաքելությունը» պետք է լինի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին ամիսներից հետո պաշտոնական վիճակագրությունը փաստում էր տնտեսական ակտիվության թավալգլոր նվազում։ Սակայն, նոյեմբերից սկսած վիճկոմը սկսեց պատկերել իշխանության ղեկին գտնվողի ելույթներին համապատասխան տվյալներ՝ հիմնականում երկու՝ առևտրի և ծառայությունների ճյուղերում աճ ցույց տալու միջոցով։ Առաջինի դեպքում դա խայտառակ սուտ էր, քանի որ մի կողմից առևտրով զբաղվածներն էին միաբերան պնդում, որ իրենց շրջանառության ծավալները էապես նվազել են, մյուս կողմից՝ նույն արդյունաբերության և ներմուծման նվազման ցուցանիշներն էին վկայում դրա մասին։ Ինչ մնում է ծառայություններին, ապա այստեղ էլ աճը գրանցվում էր ամռանը տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ՝ բուքմեյքերական գրասենյակներում կատարվող խաղադրույքների կտրուկ աճի շնորհիվ։ Ինչպիսի՞ն է վիճակն այս ճյուղերում հիմա ըստ վիճկոմի։

Առևտրում աճի տեմպը 9 տոկոս է, որը անցյալ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ դարձյալ ավելի ցածր է։ Սակայն արտառոցն այլ է։ Հիմա, երբ արդյունաբերությունն աճել է 9,4 տոկոսով, ներմուծումը ևս չնչին աճ է արձանագրել՝ 0,7 տոկոս, առևտուրն աճում է 9 տոկոսով։ Մինչդեռ, օրինակ՝ երբ այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության աճը 2 տոկոս էր, իսկ ներմուծումը նվազել էր 8,6 տոկոսով՝ առևտրում աճը 10,1 տոկոս էր։ Հարց՝ ինչպե՞ս կարող է առևտուրն ավելի շատ աճել, երբ ներմուծումն շեշտակի նվազում է, իսկ տեղական արտադրությունը փոքր աճ ունենում և ընդհակառակը՝ ավելի քիչ աճել, երբ ներմուծումն ու տեղական արտադրությունն աճում են։ Չէ՞ որ առևտրում վաճառվում են կամ ներմուծվող, կամ տեղում արտադրվող ապրանքները։ Երբ դրանք ավելանում են, առևտրի ծավալները ավելանում են, երբ նվազում են՝ առևտրի ծավալներն էլ են նվազում։ Մինչդեռ մեր վիճակագրության մեջ դրանք հակադարձ համեմատական են՝ մեկ անգամ ևս փաստելով Նիկոլ Փաշինյանի համար «լավ թվեր» մատակարարելու նպատակով կատարվող աճպարարությունները։

Ծառայությունների ոլորտում աճը 15,5 տոկոս է, որը նույնպես ավելի ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, այս աճն էլ խիստ տարակուսելի է, քանի որ անցած տարվա շեշտակի աճն այստեղ արդեն նշեցինք թե ինչով էր պայմանավորված, իսկ այս տարի ֆուտբոլի աշխարհի առաջնություն և խաղադրույքների նման մեծ գումարներ չեն դրվում։

Շինարարությունում մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի խոստացած «բումը» չկա ու չկա։ Ավելին, այստեղ ևս նախորդ տարվա համեմատ աճի տեմպը շարունակում է նվազել, կազմելով 4,4 տոկոս։

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2 տոկոսով։ Արտահանումն աճել է 4,6 տոկոսով, ներմուծումը՝ 0,7 տոկոսով։ Հատկանշական է, որ օգոստոս ամսին հուլիսի համեմատ արտահանումն աճել է ընդամենը 0,6 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել 2,8 տոկոսով։ Ակնհայտ է, որ արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների վրա լուրջ ազդեցություն են գործում Հայաստան ավտոմեքենաների ներմուծման և ապա մեր երկրից ԵԱՏՄ այլ երկրներ վերաարտահանման աճը։ Մնում է միայն հիշեցնել, որ անցյալ տարվա նույն ժամանահատվածում դեռևս պահպանվում էր տարվա առաջին եռամսյակում «նախաթավշյա» ժամանակաշրջանում ձեռքբերված բարձր տնտեսական աճը՝ արտաքին առևտուրն աճել էր 26,4 տոկոսով, արտահանումը՝ 16,5 տոկոսով, ներմուծումը՝ 32 տոկոսով։ «Տնտեսական հեղափոխության» հակառակ ազդեցության և տնտեսական ակտիվության փաստացի նվազման ևս մեկ ակնառու վկայություն։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ