23  09  2019

Ի՞նչից և ումի՞ց է վախենում Փաշինյանը

Ի՞նչից և ումի՞ց է վախենում Փաշինյանը

Նախկինները Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն։ Այս մասին սեպտեմբերի Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե ժողովուրդը թույլ չի տա։ Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հայտարարությանը՝ քաղաքական պայքարի մասին։

Ընդհանրապես, ցանկացած երկրի համար էլ լավագույն տարբերակ է միշտ առաջ նայելը․ նախկին իշխանությունը կատարում է իր առաքելությունը, նրան հրաժեշտ են տալիս, ըստ արժանավույն գնահատում, նրա էջը համարում փակված, ու գալիս է նորը, որը նոր մեթոդներով է զարգացնում երկիրը, նախկինի դրածի վրա հավելում, իր թիմի հաջողությունների արդյունում ավելի է լավացնում պետությունը, երկիրը, քաղաքացիների կյանքը։

Նախկին իշխանությունը միայն այն պարագայում պետք է վերադառնա, երբ տեսնում է, որ իր սարքածը հիմնահատակ քանդվում է, և պետությանը վտանգ է սպառնում։

Անկախ Հայաստանում նախկին իշխանությունը վերադարձի փորձ արել է երկու անգամ (Կարեն Դեմիրճյանին չհաշված)՝ 2008 թվականին և 2018 թվականին։ Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում էր վերադառնալ, բայց ոչ թե նրա համար, որ հաջորդ իշխանությունը վատն էր, այլ նրա համար, որ իր հեռանալն անփառունակ էր, ռևանշ էր ուզում վերցնել։ Նա տապալել էր և տապալվել, ու տապալվեց նաև 2008-ին։ Այն, ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին՝ նախկինները եկան իշխանության՝ հաշվի առնելով, որ թե՛ Նիկոլ Փաշինյանն է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներից շատերը հիմա իշխանությունում բարձր պաշտոնների են։

2008 թվականից ի վեր ամեն եռամսյակը մեկ տեսակետներ են հնչել, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է։ Նախագահ Քոչարյանը՝ անձամբ կամ գրասենյակի միջոցով, քանիցս հերքել է՝ նշելով, որ նման մտադրություն չի ունեցել և չունի։ Դա բացատրում էր, որ աշխարհի ցանկացած պետության ղեկավար կերազեր գրանցել այն հաջողությունները, որը գրանցվել էին իր կառավարման տարիներին, այսինքն՝ արել և հասել է առավելագույնին, գա էլ դրանից ավելի ի՞նչ անի։ Բայց անկախ այս ամենից, ԱԺ ու նախագահական յուրաքանչյուր ընտրությունից առաջ ակտիվացել են խոսակցությունները՝ սպասելով, որ հիմա մրցապայքարի մեջ կմտնի երկրորդ նախագահը։ Պարզվեց՝ իզուր։

Ռոբերտ Քոչարյանը, չնայած քաղաքականության էջը փակելու մտադրությանը, այնուամենայնիվ, հարկադրված եղավ վերաբացել այն։ Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանի նոր իշխանությունը, որն իրեն հեղափոխական է հռչակում, հանկարծ որոշեց, որ ոչ թե առաջ պետք է նայի, այլ՝ հետ գնա։ Ու գնաց հետ, բայց դա սկսեց անգրագետ հակաքարոզչությամբ, շինծու քրգործերով, պետության հիմքերը սասանելու փորձերով։ Նիկոլ Փաշինյանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում իր ելույթներով, կատարվող քայլերով ցույց է տալիս, որ Հայաստանի ապագան սխալ ձեռքերում է, ու այսպես շարունակելու դեպքում Հայաստանը ապագա պարզապես չունի։ Խնդիրն այլևս միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա կալանքի տակ պահելը չէ։ Այն շատ ավելի խորքային է։

Ի՞նչ ապացուցեց Նիկոլ Փաշինյանը․

  1. Ապացուցեց որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական պատանդ է։
  2. Ապացուցեց, որ մարտի 1-ի գործ չկա։
  3. Ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանն անմեղ է, և շատ շուտով դրանում բոլորը կհամոզվեն։
  4. Ապացուցեց, որ սա ուղակի վրեժ չէ՝ նախկիններից, սա պայքար է իշխանությունը պահելու համար։
  5. Ապացուցեց, որ նա այլևս չունի հասարակական աջակցություն այս գործով, և միակ հենարանը դատարանի բակ բերվող լևոնականներն են։
  6. Ապացուցեց, որ նախկին նախագահը կալանքի տակ իրենից շատ ավելի ուժեղ է։
  7. Ապացուցեց, որ Քոչարյանի ազատության մեջ մնալուց վախենում է։
  8. Վախենում է, որովհետև, չնայած հսկայական ապատեղեկատվության և սև քարոզչության, Քոչարյանը վայելում է հարգանք ու ազդեցություն՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Իսկ ամենից կարևորը նա է, որ Փաշինյանին անընդհատ վախեցնում են, թե՝ տես, բաց թողնես, իշխանությունը կվերցնի ձեռքիցդ։
  9. Ապացուցեց, որ չի հրաժարվել Հայաստանը ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս բերելու իր ծրագրերից, ու դա անում է աստիճանաբար, մանր քայլերով։
  10. Ապացուցեց, որ ղարաբաղյան հարցում չունի որևէ տեսակետ, գաղափար անգամ չունի ղարաբաղյան հարցից, չունի հստակ քաղաքականություն, ինչը կործանարար է խնդրի՝ հայանպաստ լուծման տեսանկյունից։
  11. Ապացուցեց, որ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է, երկիրը փորձադաշտ է դարձել ոչ կոմպետենտ կադրերի ձեռքին։
  12. Ապացուցեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը զրո է, ու քաղաքականություն վարողները բացարձակապես անկարող են ու ոչինչ չեն հասկանում։
  13. Ապացուցեց, որ Հայաստանի օրենսդրական դաշտը երբեք այսքան ծանր վիճակում չի եղել։
  14. Ապացուցեց, որ Հայաստանում օրենսդիրն ու գործադիրը ճնշում են դատարաններին՝ Նիկոլ Փաշինյանի ցանկությունները բավարարելու համար։
  15. Ապացուցեց, որ պետական կառավարման համակարգը դարձել է իշխանության գերին, իշխանության ընտանեկան բոստանը։
  16. Քանդեց խորհրդարանական ընդդիմություն ասածը, ու ապացուցեց, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հակակշիռ չէ իշխանության քայլերին։
  17. Ապացուցեց մնացած բոլորին, որ իրեն իշխանությունից հեռացնելուն այլընտրանք չկա։

Հայաստանի հաջորդ իրադարձությունները պետք է հենց ա՛յս ուղղությամբ զարգացնել, այլապես երկրի գլխին դժբախտություններ են կուտակվել, ընդհուպ մինչև ինքնիշխանության կորուստ։

Հիմա՝ Ժողովրդի թույլ տալու մասին։ Չնայած նրան, որ Փաշինյանը և իր կողքինները շարունակ իրենց նույնացնում են ժողովրդի հետ, իրականությունն այլ է։ Նիկոլ Փաշինյանի կոչով վերջին 4 ամսում՝ քաղաքացու տոնին, դրան հաջորդած երթին, դատարանների շրջափակմանը և այլնին երևաց, որ ժողովուրդը ոչ միայն ինքը չէ, այլ, անգամ Նիկոլ Փաշինյանի հետ չէ։ Իսկ որ ժողովուրդը հասկացել է, որ անհույս պոպուլիստից պետք է ազատվել, դա փաստ է։ Նիկոլի հետևում ժողովուրդ չկա։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանում ժողովուրդ մնացել է, որը պետք է ոտքի կանգնի։

Ու կկանգնի։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ